Կփորձեմ համառոտ վերլուծել հայ-ադրբեջանական հարաբերությունների՝ հատկապես 44-օրյա պատերազմից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածում առաջացած իրավիճակը: Թե ինչպես են ընթացել այս հարաբերությունները մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմը, չեմ ուզում դրանց մասին խոսել, քանզի դրանք արդեն բոլորիս աչքի առաջ կատարված իրողություններ են: Իսկ այն, ինչի միջով մինչ այսօր անցնում ենք պատերազմից հետո, ուղղակի ահավոր է, որի հետեւանքով էլ Հայաստանում ստեղծվել է սարսափելի եւ գերվտանգավոր իրավիճակ: Հայաստանը կործանվում է՝ մաս-մաս հանձնվում է, իսկ ժողովուրդը թմբիրի մեջ է եւ ոչ մի քայլ չի ձեռնարկում: Այսպես շարունակվելու դեպքում, շատ արագ կորցնելու ենք նաեւ Հայաստանը, որից հետո չեղած ժողովրդի «խիղճը կհանգստանա»…
Այժմ փորձենք հասկանալ, թե տեղի ունեցածից հետո ի՞նչ է նշանակում խոսել մի նախկին պետության մասին, որը լիովին գրավված է Ադրբեջանի կողմից, իսկ ժողովուրդը վտարված է այնտեղից: Կարծում եմ, որ այսքանից հետո՝ նվազագույնը անհասկանալի է, որ Արցախի վերջին նախագահը դեռեւս այնպես է խոսում Արցախ պետության, նրա հետագա կարգավիճակի մասին, որ կարծես ոչինչ տեղի չի ունեցել եւ Արցախն ու նրա ժողովուրդը նույն տեղում են ու արժե նրա հեռանկարների մասին խոսել եւ հետագա զարգացման ծրագրեր մշակել:
Որոշ քաղաքական գործիչներ ու լրագրողներ էլ լրջորեն երկրորդում են նրա ասածներն ու հույս հայտնում, որ արժե դրանով զբաղվել: Պաշտոնական Բաքուն ամբողջ Արցախում ամենօրյա բազմապիսի միջոցառումներ է իրականացնում, իսկ սրանք ասում են, որ դեռ ամեն ինչ կորած չէ եւ ինչ-ինչ հնարքներով կարելի է այն ետ բերել: Ինչ ասեմ …
Երբ Ստեփանակերտն ու շատ շրջաններ դեռ տեղում էին, այդ նույն մարդիկ ոչինչ չարեցին եւ հեշտորեն ամեն ինչ հանձնեցին թշնամուն, իսկ այսօր հպարտորեն բարձրաձայնում են (լեզվի տակ փուշ չկա), որ դեռ ամեն ինչ կորած չէ եւ կարելի է կորցրածը ետ բերել: Չեմ հասկանում, թե էս ի՞նչ ձեռառնոցի է … Ձեռառնոցին էլ ո՞նց է լինում, եթե 30 տարի շարունակ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում ոչ մի բան չեն արել՝ քարը քարին չեն դրել եւ միայն Արցախը հանձնելուց հետո են հասկացել, որ ամեն ինչ դեռ կորած չէ ու Արցախի վերջին ղեկավարությունն իր «յուրահատուկ ծրագրով» կարող է այն ետ բերել եւ փորձում են դրան ուղղված ամեն քայլ անել … Կեցցես, քանզի ժողովրդական ասացվածքն ասում է. «Լավ է ուշ, քան երբեք» եւ՝ «Լավ է ուշ, բայց լավ»: Այս անգամ եւս՝ մարդկության պատմության մեջ հայերն են առաջինը փորձում նորություն անել ու սովորեցնել աշխարհին, որ ցնորքներ իրոք լինում են եւ կարելի է պետություն ունենալու պարագայում 30 տարի ոչինչ չանել ու հենց կորցնես այն, պետք է փորձես ամեն ինչ անել, այն հետ բերելու համար, քանզի նաեւ՝ հույսը վերջինն է մեռնում:
Կարդացեք նաև
Մնում է մի հարց ուղղել Արցախի վերջին՝ նախկին ղեկավարությանն ու նրանց ծիծաղելի մտքերին լրջորեն սատարողներին. դեռ որքա՞ն պետք է փորձեք ժողովրդին խաբել …
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
18.11.2023