Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե բարդությունն, այլ մանրուքներն են ձեւավորում այս վիպակի հետաքրքրությունը»

Նոյեմբեր 20,2023 12:00

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը հայերեն թարգմանությամբ հրատարակել է Ժորժ Սիմենոնի «Իմ ընկեր Մեգրեն» ստեղծագործությունը։ Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Ալինա Սանամյանը։ Թարգմանչուհին «Առավոտի» հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել։

– Ալինա, Ժորժ Սիմենոնի «Լատվիացի Պետերը» ձեր թարգմանությամբ նախորդ տարի է լույս տեսել։ Օրեր առաջ հրատարակվեց նույն հեղինակի մեկ այլ ստեղծագործություն` «Իմ ընկեր Մեգրեն»։ Նախ խոսենք վերջին թարգմանության մասին։ Ինչո՞վ է կարեւոր այս գիրքը, գրողի ձեռագիրն այստեղ նույնպե՞ս ճեղքել ու սահմաններ է հատել։

– «Իմ ընկեր Մեգրեն» դետեկտիվ ժանրի այլ վիպակներից ու պատմություններից տարբեր է միանշանակ. այստեղ հետախույզն իր կամքից անկախ ստիպված է հետաքննել մի հանցագործություն, որը ո՛չ կատարման վայրով, ո՛չ էլ բնույթով պայմանավորված չպիտի որեւէ առնչություն ունենար իր հետ։ Այս վիպակում դեպքերից ու դեմքերից առաջ նախ պատահականությունն է ու կես ճիշտ- կես սուտ ենթադրությունները։

Սիմենոնը հետախույզին ներկայացնոմ է առավել քան իրական. նա կարող է սայթաքել, սխալ հետքերով գնալ, սակայն բնազդական իր բացառիկ զգայարանների շնորհիվ ցանկացած հանցանք ի վերջո բացահայտում է այնպես, ինչպես փազլի փոքրիկ կտորներն են իրար միանալով հստակ պատկեր ձեւավորում։

– Իսկ նախորդ` «Լատվիացի Պետերը» գրքից ինչո՞վ է տարբերվում։ Գուցե կառուցվածքային տարբերություններ կան։

– Կարծում եմ` գլխավոր տարբերությունը հենց վերնագրերից էլ ակնհայտ է։ «Լատվիացի Պետերն» առավելապես տեղի ունեցած արտասովոր հանցագործության հեղինակի մասին է, մինչդեռ «Իմ ընկեր Մեգրեն» ուշադրության կենտրոնում է պահում հենց հետախույզին։ Կառուցվածքային տեսանկյունից միայն կասեմ, որ Սիմենոնի ձեռագիրն է. նախ շատ աղոտ, խորհրդավոր ու բազմաթիվ հարցականներ առաջացնող դեպքեր, ապա` սահուն հանգուցալուծում։

– Արա՞գ կապվեցիք ստեղծագործությանը։ Մթնոլորտն ինչպե՞ս ձեւավորեցիք, որ սկսեք թարգմանել։

– Բավականին հաճելի ու թեթեւ ստացվեց կապն այս ստեղծագործության հետ։ Մթնոլորտը լավագույնս նախապատրաստելու համար նախ աշխատանքին ինչպես հարկն է ծանոթանալ էր պետք. այդ հարցում չեմ շտապել։ Ընթերցումից հետո գործն արդեն հարազատ է դառնում, թույլ է տալիս աշխատել իր հետ։ Լցնում ես թեյն ու սկսում խոսել հեղինակի բառերով։

– Ի՞նչ լույսի ներքո ընկալի ընթերցողն այս ստեղծագործությունը։ Չնայած սա անձնական մոտեցում է։

– Ինչպես ցանկացած այլ ստեղծագործություն, սա եւս կարող է շատ հակասական ընդունվել ընթերցողների կողմից։ Համենայնդեպս, իմ կարծիքով, գործն առավելապես կարժանանա այն ընթերցողների գնահատականին, ովքեր սիրում են անսպասելի ավարտներ։ Պետք չէ սպասել գերխճճված հանցագործություն. ոչ թե բարդությունն, այլ մանրուքներն են ձեւավորում այս վիպակի հետաքրքրությունը։

– Թարգմանչական աշխատանքի առանձնահատկությունները ժամանակակից գրականության պարագայում: Խոսենք նաեւ այս մասին։

– Կարծում եմ` չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեծագույն խնդիրն առօրյա խոսակցական լեզվին հարմարվելն ու նյութը մատչելի դարձնելն է։ Բարդ է նույնությամբ փոխանցել այն, ինչ արտահայտվել է մեկ այլ լեզվով, մեկ ուրիշ ժամանակաշրջանում։

– Ի՞նչ թարգմանական խնդիրներ առաջացան, արդյո՞ք տեղանունների ու անձնանունների խնդրի բախվեցիք։

– Անձնանունների եւ տեղանունների տեսանկյունից «Պետերն» ավելի շատ տանջեց, քանի որ գլխավոր հերոսի անունից սկսած մինչեւ հպանցիկ նշված այս, այն բնակավայրերի անվանումների վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել խմբագիրների հետ։ Այստեղ թերեւս կերպարների` նախորդի համեմատ ավելի մեծ քանակն է հատուկ ուշադրություն պահանջել, քանի որ կարեւոր է գործողությունների ճիշտ հաջորդականությանը հետեւել, որպեսզի ընթերցելիս պատկերը հնարավորինս կենդանի լինի։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930