Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա որակում եմ՝ ուղղակի հանցագործ վերաբերմունք Երեւանի կանաչ տարածքների հանդեպ»

Նոյեմբեր 20,2023 14:30

Սիլվա Ադամյանը՝ Մերգելյանի այգում կատարվածի մասին

«Ես այս իրավիճակը որակում եմ ուղղակի հանցագործ վերաբերմունք Երեւանի կանաչ տարածքների հանդեպ»,-«Առավոտի» հետ զրույցում Մերգելյանի այգում կատարվածն այսպես բնութագրեց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Հիշեցնենք՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ Արաբկիրում՝ Մերգելյանի այգում հաստաբուն ծառերը բենզասղոցով հատում են։

Խնդրին անդրադարձել էր նաեւ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը՝ շեշտելով, որ անգամ խորը էտ անելու ցուցում չկար, ինչն իրականացվել է այգում։ Նաեւ հայտնել էր. «Երեք ծառ, որոնք հատման ցուցում չունեին, մնացին կանգուն, նկարները կցում եմ»։

Մինչդեռ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը կատարվող աշխատանքների մասին այսպիսի պարզաբանում էր տվել. «Արաբկիր վարչական շրջանի կողմից մսի պասաժները՝ ինչ ասես կար, ապամոնտաժվել են, եւ պուրակը ենթակա է վերակառուցման։ Այդ ամենը քանդելուց հետո պարզ դարձավ, որ այգուն հասցվել է անդառնալի վնաս։ Որոշ ծառատեսակներ՝ շուրջ 30 ծառ չորացած էին եւ պիտի հեռացվեին։ Եվ քանի որ այգում վերակառուցման աշխատանքներ են մեկնարկել, մեր պլանային աշխատանքների մեջ էր նաեւ այս այգում հեռացնելը չորացած ծառատեսակները, ինչպես նաեւ իրականացնել աշնանային սանիտարական էտ։ Հեռացված 30 անկենսունակ ծառերի փոխարեն, ըստ մեր ծրագրի՝ տնկվելու է 76 նոր ծառ»։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն էլ վստահեցրել էր, որ Մերգելյանի այգում ավելանալու է կանաչ զանգվածը եւ նշել. «Ծառերի հատման վերաբերյալ որոշում կայացնում են ոլորտի մասնագետները, որոնք նաեւ ճանաչված գիտնականներ են։ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը պատասխանատվություն է կրում կազմակերպության կողմից հեռացված յուրաքանչյուր ծառի համար»։

Իսկ բնապահպանները կարծում են, որ այգու հետ այսպես վարվել չէր կարելի։ «Առավոտի» հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նկատեց, որ այս խնդիրը միայն Մերգելյան այգում չէ, այլ Երեւանում այս պահին լուրջ խնդիրներ կան. «Փորձում են մեր տեղական ծառերի տեսակները փոխարինել նոր տեսակներով, որոնք բնորոշ չեն Երեւանին եւ ոչ մի կերպ դրական չեն կարող անդրադառնալ մեր քաղաքի իրավիճակին։ Սա մի մասն է այն ամենի, ինչ հիմա արվում է։ Հատում են ծառերը՝ պատճառաբանելով, որ հիվանդ են, չորացել են եւ պետք է փոխվեն ավելի ճիշտ տեսակնեերով՝ չակերտավոր բարեհաջող տեսակներով, որոնք պետք է գեղեցկացնեն մեր քաղաքը»։

Ըստ մասնագետների՝ իրավունք չունեն հատելու հասուն ծառերը, որոնց սաղարթները պաշտպանում են արեւային ճառագայթներից, հանդիսանում են բնադրման տեղ թռչունների համար, դրական են ազդում մարդու առողջության վրա։ Օրինակ բերելով միջազգային փորձը՝ Սիլվա Ադամյանն ասաց. «Տարբեր երկրներում տարեց ծառերի վրա փոքրիկ նմուշառումներ կան փակցված, որ ծառն այս տեսակն է եւ պաշտպանվում է քաղաքի ղեկավարության կողմից։ Բայց մեզ մոտ ունենք մի իրավիճակ, երբ գալիս, էլեկտրական սղոցով սկսում են կտրել ու չեն էլ հարցնում՝ հանրությունն ու մասնագետներն ինչ կարծիքի են»։

Սիլվա Ադամյանի փոխանցմամբ՝ եղել են որոշ ծառեր, որոնք հատման ենթակա էին, բայց նաեւ վստահեցրեց՝ այգու ծառերի մեծ մասը շատ լավ վիճակում են. «Ինքս պարբերաբար այդտեղով անցնում եմ, ու այդ այգին իր դերը խաղում է Երեւանի այդ փոքրիկ մասի համար»։

Նա մտահոգություն հայտնեց՝ մեզ մոտ հատվում են հացենիները, սոսիները, կաղնիները՝ պատճառաբանելով, որ իրենք արդեն չեն կարող իրենց ֆունկցիան կատարել, բայց մասնագետները տեսնում են, որ այդպես չէ. ծառը դեռ կարող է գործել. «Մերգելյանի այգում դեռ գործընթացը կանգնեցված է։ Ես խոսել եմ նաեւ տեսչական մարմնի հետ, իրենք ասում են, որ իրենց ուշադրության կենտրոնում է, համակարգում են իրավիճակը։ Այստեղ պետք է ասել ճշմարտությունը, որ տեսչականն է այս պահին կանգնեցրել հատման գործընթացը»։

Այն, որ չի նշվում, թե հատված ծառերի փոխարեն ինչ ծառեր են տնկվելու, Սիլվա Ադամյանն այսպես պատճառաբանեց. «Իրենք գիտեն, որ հակամարտություն է սկսվելու մասնագետների ու իրենց միջեւ։ Օրինակ՝ սակուրան մեզ պետք չի. սա մեր ծառը չէ։ Մենք խնդիր չունենք Երեւանի դիզայնը լավացնելու, այլ խնդիր ունենք առողջացնելու կանաչ տարածքները, որ ստեղծենք մի շրջապատ, որտեղ մարդկային առողջությունը բարձր որակ կունենա։ Մենք այսօր ունենք խնդիր առողջացնելու Երեւանի իրավիճակը երեւանցու համար. մեզ պետք չէ, որ սակուրան գեղեցիկ մի քանի օր ծաղկի ու թափվի»։ Ըստ Սիլվա Ադամյանի՝ ճիշտ կլինի, որ եթե կա չորացած ծառ, եւ դրանք հատվում են, դրա փոխարեն տնկվեն նույն տեսակային կազմը՝ հացենի, կաղնի»։

Սիլվա Ադամյանը տեղեկացրեց, որ փորձում են հանրային խումբ ստեղծել, որը կպայքարի այս ամենի դեմ. «Ավագանին բավարար չէ՝ չնայած նրա, որ այս մի քանի տարվա մեջ առաջին անգամ ավագանին կազմակերպեց լսում, որտեղ կային մարդիկ, որոնք քաղաքապետարանի հետ կապ չունեին։ Այդ լսումների ժամանակ հայտարարություն է պատրաստվել։ Ինձ թվում է՝ հայտարարությունը կտարածվի, մամուլում էլ կտպագրվի, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ այս իրավիճակը շտկվի։ Այդտեղ մեր գործընկերները, ես էլ առաջարկել ենք, որ անպայման բացի ավագանուց պետք է ունենանք մի խումբ, որտեղ կլինեն տարբեր կառույցներից անկախ փորձագետներ, մարդիկ, որոնք ազատ են ամեն տեսակի կապանքներից։ Մենք կգտնենք նման մասնագետների, հասարակական գործիչների, եւ նման հանրային մի խումբ կկազմվի, որը կկարողանա այս գործն առաջ տանել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930