Երեւանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի վերջին նիստում ելույթ է ունեցել վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:
«Տիկին նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,
Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանում ձեր կարեւոր ներկայության համար: Վերջին երկու օրերի ընթացքում մենք շատ տեղին եւ կարեւոր քննարկումներ ենք անցկացրել ԵԱՀԿ տարածաշրջանում ներքին եւ արտաքին սպառնալիքների ու անվտանգության վատթարացող իրավիճակի վերաբերյալ: Մենք խոսեցինք մեր ընդհանուր մարտահրավերների մասին, որոնք խաթարում են կայունությունը տարածաշրջանում, ներքին սպառնալիքների մասին, ինչպիսին է կոռուպցիան, եւ այդ սպառնալիքների նկատմամբ դիմադրողականությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին, եւ, իհարկե, մենք խոսեցինք այն մարդկանց մասին, որոնք ամենաշատն են տառապում եւ որոնց առջեւ մենք պատասխանատու ենք, քանի որ, ի վերջո, սա մարդկանց մասին է:
Ամեն անգամ, երբ հավաքվում ենք խորհրդարանական այս հարթակում, վերջում հույս ենք հայտնում, որ հաջորդ անգամ, երբ նորից հանդիպենք, կլինենք ավելի լավ վիճակում՝ ԵԱՀԿ ավելի կայուն եւ խաղաղ տարածաշրջանում: Այնուամենայնիվ, հույսը բավարար չէ, տեղի ունեցածին միայն արձագանքելը բավարար չէ, մենք պետք է ավելի վճռական գործողություններ ձեռնարկենք այս ճակատամարտում հաղթելու համար:
Ժողովրդավարության դարպասները սասանվում են ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Նրանց, ովքեր կռվում են այս դարպասների մոտ, պետք է ավելի ուժեղ աջակցել, քան երբեւէ, նրանք, ովքեր ցնցում են այս դարպասը, պետք է պատժվեն ամենախիստ ձեւով: Նրանք չեն կարող հաղթել այս պայքարում:
Կարդացեք նաև
Եվ վերջում, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում շնորհիվ հնարավոր դարձավ մեր հանդիպումը:
Տիկին նախագահ, ամենից առաջ, եւս մեկ անգամ շնորհակալություն Ձեր նվիրվածության եւ աշխատանքի համար: Գլխավոր քարտուղար, անչափ շնորհակալ եմ Ձեզ, շնորհակալություն միջազգային քարտուղարությանը վերջին մի քանի ամիսների ընթացքում մեզ ուղղորդելու եւ աջակցության համար:
Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին՝ նվիրված, բանիմաց պետական ծառայողներին, որոնք օգնեցին իրականացնել այս միջոցառումը՝ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի անմիջական առաջնորդությամբ: Շնորհակալություն բոլոր կամավորներին, որոնք պատրաստակամորեն աջակցեցին կազմակերպչական աշխատանքն իրականացնելուն: Եվ իհարկե, շնորհակալություն իմ պատվիրակությանը եւ առանձնահատուկ շնորհակալություն մեր պատվիրակության քարտուղար Մարիամին, առանց որի, վստահեցնում եմ՝ հնարավոր չէր լինի այս ամենը: Եվ վերջում, շնորհակալություն ՀՀ կառավարությանը շատ կարեւոր աջակցության համար»,- եզրափակել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը: