Առողջ ապրելակերպ քարոզող որոշ շրջանակներում տիրում է այն կարծիքը, որ մարդկանց մեծամասնության օրգանիզմում կան մակաբույծներ, և անհրաժեշտ է մարմինը պարբերաբար մաքրել դրանցից։ Սակայն մասնագիտական շրջանակներն այդ ենթադրությունը հավաստի չեն համարում՝ գտնելով, որ իրականում մակաբույծների դեմ բուժման կարիք ունեն այն մարդիկ, որոնք որոշակի ապացույցներ ունեն իրենց մոտ վարակի առկայության մասին, հանձնել են անալիզներ, խորհրդակցել բժշկի հետ և այլն։ Իհարկե, կան մակաբուծային վարակներ, որոնք համաճարակային բնույթ են կրում, օրինակ՝ մալարիան, որից ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի տվյալներով տարեկան մահանում է 660 000-ից ավելի մարդ՝ հիմնականում աֆրիկական երկրներում։ Սակայն ընդհանուր առմամբ մարդկանց խորհուրդ է տրվում չտրվել ինքնաբուժման գայթակղությանն ու չօգտագործել հակամակաբուծայի դեղորայք առանց բժշկի նշանակման։
Բնական բաղադրիչները մակաբույծների դեմ պայքարում
Բնական բաղադրիչներից իր հակամակաբուծային ազդեցությամբ հայտնի է օշինդրը, որը պարունակվում է նաև հակապարազիտային որոշ դեղամիջոցների կազմում։ Հելմինթոլոգիայի ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, կենդանիների վրա կատարված փորձարկումներով պարզվել է, որ օշինդրը նվազեցնում է շիստոսոմոզն այնպես, ինչպես հակապարազիտային դեղորայքը։ 2018 թ․-ի՝ արդեն մարդկանց վրա անցկացված հետազոտությունը հաստատել է օշինդրի արդյունավետությունը շիստոսոմոզի դեմ պայքարում․ օշինդրն իր ազդեցությամբ չի զիջել դեղորայքին, որը թեև նույնպես պայքարում է մակաբույծների դեմ, բայց և ունի կողմնակի ազդեցություններ։
Օշինդրից զատ այլ բույսերը ևս պարունակում են բնական միացություններ, որոնք պաշտպանում են բույսերը վարակներից, մակաբույծներից, միջատներից և այլն։ Հակամակաբուծային ազդեցություն ցուցաբերել են նաև այս բույսերն ու բնական բաղադրիչները՝
Կարդացեք նաև
- խնկածաղկի (օրեգանո) յուղ,
- սև ընկույզ,
- մեխակ,
- թուրինջի սերմերի հանուկ,
- դիատոմային ջրիմուռներ,
- նիմ կամ հնդկական յասաման,
- ակնամոմ,
- ծորենի (բարբարիս),
- ձիթենու տերև և այլն։
Օրգանիզմի մաքրմանն ուղղված քայլերի շրջանակներում, այդ թվում և մակաբույծների դեմ պայքար իրականացնելիս բժիշկները պացիենտին հաճախ խորհուրդ են տալիս նաև համապատասխան սննդակարգ ընտրել, խուսափել որոշակի մթերքներից, օրինակ՝ կաթնամթերքից, գլյուտեն պարունակող մթերքներից, խոզի մսից և այլն, փոխարենը հարստացնել սննդակարգը հակաբորբոքային ազդեցությամբ օժտված մթերքերով, համեմունքներով, ինչպիսիք են սխտորը, քրքումն ու կոճապղպեղը։
Սննդակարգի այս փոփոխությունների արդյունքում մարդը կարող է նկատել ընդհանուր ինքնազգացողության բարելավում, սակայն նաև աղեստամոքսային համակարգի հետ կապված որոշ խնդիրներ, որոնք հարթելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս բուժման և հատուկ սննդամթերքների ընդունման կուրսն անցնելուց հետո սննդակարգը հարստացնել պրոբիոտիկներով ու պրեբիոտիկներով հարուստ մթերքներով։ Ընդ որում, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ պրոբիոտիկներն անգամ կարող են նպաստել պարազիտային վարակների նվազեցմանն ու բուժմանը։
Պարազիտային վարակների մասին հուշող ընդհանուր ախտանշաններն են․
- Ընդհանուր հոգնածություն,
- «մշուշոտ» գլուխ,
- գլխացավեր,
- փորափքանք,
- որովայնի ցավեր,
- գազեր,
- լուծ,
- փորկապություն,
- սրտխառնոց և փսխում,
- մաշկային խմդիրներ, ցան,
- քաշի անբացատրելի կորուստ,
- որդեր կղանքում։
Սակայն այս ախտանշաններից շատերը դրսևորվում են առողջական նաև այլ խնդիրների դեպքում և ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է լիարժեքորեն հետազոտվել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Medical News Today