Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ թե դժգոհություն է միջազգային հանրությունից էթնիկ զտումը չկանխելու համար, այլ՝ արձանագրում, որ գոյություն ունեցող գործիքակազմերն արդյունավետ չեն․ Արթուր Հովհաննիսյան

Նոյեմբեր 19,2023 20:53

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը: Այս համատեքստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

«Տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ բոլորիդ Երեւանում: Երբ ամիսներ առաջ Վանկուվերում որոշվում էր, որ հաջորդ վեհաժողովն անցկացվելու է Հայաստանում, չէինք էլ կարող պատկերացնել, որ մենք կքննարկենք հակամարտություններից տուժած մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը մի երկրում, որտեղ արդեն 2 ամիս է՝ ապրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 120 հազար հայ: Նախորդ նստաշրջանին մենք ահազանգում էինք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իրական վտանգի մասին: Իհարկե, հնչեցին հայտարարություններ, ընդունվեցին բանաձեւեր, կայացվեցին միջազգային դատարանի կողմից մի քանի որոշումներ, սակայն փաստ է, որ հենց հիմա, եթե դուք շրջեք Հայաստանով, կհանդիպեք այն նույն մարդկանց, որոնք ըստ բանաձեւերի, ըստ հայտարարությունների եւ անգամ միջազգային դատարանի որոշումների՝ պետք է ապրեին իրենց հայրենիքում եւ ոչ թե դառնային փախստականներ:

Հարգելի՛ գործընկերներ, սա ոչ թե դժգոհություն է միջազգային հանրությունից էթնիկ զտումը չկանխելու համար, այլ՝ արձանագրում, որ գոյություն ունեցող գործիքակազմերն արդյունավետ չեն՝ կանխելու էթնիկ զտումները եւ պաշտպանելու մարդկանց ավտորիտար ռեժիմներից: Այս ամենը մեզ պետք է խոր մտածելու առիթ տա նոր գործիքակազմեր եւ մոտեցումներ ունենալու համար, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն տեքստերով սաստել, այլ՝ գործողություններով կանխել: Մարդու իրավունքների պաշտպանության համար լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը` խաղաղությունը: Եվ մենք պետք է միասին քարոզենք ժողովրդավարություն եւ կառուցենք խաղաղություն: Հայաստանի Հանրապետությունը հատկապես տարածաշրջանի երկրներին առաջարկում է խոսքից անցնել գործի եւ ներկայացնում է հստակ ծրագիր «Խաղաղության խաչմերուկ» վերնագրի ներքո, որը խաղաղություն կառուցելու մասին է, ինչը բխում է ոչ միայն տարածաշրջանի, այլ՝ բոլոր երկրների շահերից: Եվ ես հույս ունեմ, որ քաղաքակիրթ աշխարհը կկանգնի ժողովրդավարության եւ խաղաղության կողքին»,- նշել է պատգամավորը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930