Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս բոլոր իրողությունները դրդեցին ՀՀ-ին ակտիվություն դրսևորել միջազգային դատարաններում»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նիստին

Նոյեմբեր 19,2023 18:49

«Հակամարտության սկզբից՝ մասնավորապես 2020-ի Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, որն ուղղված էր ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ, մենք առնչվեցինք մարդկային ողբերգությունների, խոշտանգումների, ունենք անհետ կորածներ, առևանգվածներ, գերեվարված, ազատազրկված անձինք։ Տասնյակ հազարավոր ԼՂ բնակիչներ լքել են իրենց տները, սեպտեմբերին ականատես եղանք մասսայական բռնի տեղահանման։ Բոլոր այս իրողությունները դրդեցին Հայաստանին ակտիվորեն օգտագործել միջազգային իրավական մեխանիզմները, ակտիվություն դրսևորել միջազգային դատարաններում»,-Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշեց՝ այն գործերը, որոնք ՀՀ-ն ներկայացրել է միջազգային դատարաններում, լիովին համապատասխանում են ԵԱՀԿ ԽՎ-ում քննարկվող հարցերին։

Նա ասաց, թե մասնավորապես ինչ դիմումներ է Հայաստանը ներկայացրել միջազգային դատարաններում, ինչ պահանջներով և այժմ այդ գործերի քննության ընթացքը ինչ փուլում է։

Խոսելով ընդհանրապես աշխարհում երկրագնդի տարբեր կետերում բռնկող հակամարտությունների գոյության մասին՝ Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Ունենք բազմաթիվ հակամարտություններ, որոնք բռնկվում են երկրագնդի տարբեր կետերում, իսկ սառեցված հակամարտությունները պայթում են եվրոպական մայրցամաքում և այլ վայրերում։ Սա շատ անհանգստացնող է, իհարկե, սա միջազգային իրավական կարգի համար լուրջ փորձարկում է, հասկանալու, թե միջազգային իրավական կարգն ինչ կարող է անել այսպիսի հակամարտությունների հարցում։ Միջազգային իրավական կարգը պետք է ավելի ակտիվ լինի հակամարտությունների կանխարգելման հարցում, այլ ոչ թե հակամարտությունների ակտիվ փուլի հետ գործ ունենա։ Դա շատ ավելի բարդ է։ Մտահոգիչ է նաև ատելության խոսքի տարածումը, որն ամենուր է ընդդեմ Հայաստանի։ Դա արվում է նաև Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից։ Դրա համար Հայաստանը դիմում է ներկայացրել նաև Արդարադատության միջազգային դատարան, ռասայական խտրականության կոնվենցիայի խախտման հիմքով»։

Եղիշե Կիրակոսյանը հավելեց՝ օրեր առաջ է վերադարձել Հաագայից, որտեղ արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի դիմումը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930