Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում քաղաքական հարցերով քննարկումների ժամանակ արձանագրվեց՝ ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անվտանգությունը վտանգված են։
Հիշեցնենք՝ Երևանում նոյեմբերի 18-20-ին Երևանում «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո անցկացվում է ԵԱՀԿ ԽՎ-ն։ Հայաստան է ժամանել 47 երկրից շուրջ 300 պատվիրակ։
Քաղաքական հարցերով նիստի ընթացքում պատգամավորները խոսեցին անվտանգային հարցերի մասին, մտահոգություն հայտնեցին ու դատապարտեցին ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը, իրենց աջակցությունը հայտնեցին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայից տուժածներին։
ԵԱՀԿ ԽՎ-ում Բելգիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ, ՀՀ-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմիսմեյքերը նշեց․ «Անցյալ տարի մենք այցելեցիք Հայաստան ու հանդիպեցինք Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, ծանոթացանք նրանց խնդիրներին»։
Կարդացեք նաև
Նա կարևորեց ԵԱՀԿ ԽՎ-ն Հայաստանում անցկացնելու՝ հայկական կողմի նախաձեռնություն․ «Պատվիրակների մեծ մասն այսօրվա դիտարկումներում սատարում է Հայաստանի՝ կայուն խաղաղության գնացող ուղին»։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը շեշտեց՝ չնայած կազմակերպությունը մարտահրավերների է բախվում, բայց շարունակում է հավատարիմ մնալ իր մանդատին և նշանակալի դեր խաղալ անվտանգության ամրապնդման գործում։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ելույթում նշեց․ «Վերջին տարիներին ՀՀ-ն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձևավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասին։ Ժողովրդավարական գործընթացների շարունակական գործընթացները ամրապնդում են հայկական պետական ինստիտուտները և հայ հասարակությանը դարձնում ավելի դիմակայող ներքին ու արտաքին մարտահրավերների նկատմամբ»։ Նա բարձր գնահատեց ԵԱՀԿ աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական կառավարման ամրապնդման հարցում։ Անդրադարձավ ԼՂ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի հարձակմանը, էթնիկ զտումներին։
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում հայտարարեցին՝ աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, կարևորեցին ԼՂ -ում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը։ Ընդգծեցին, որ ագրեսիան ճիշտ ճանապարհ չէ, կարևոր են դիվանագիտական գործուն քայլերը։ ԵԱՀԿ ԽՎ անդամները կարևորեցին Ադրբեջանում հայ բանտարկյալների իրավունքների պաշտպանությունը, նրանց խնդիրները։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ