Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարը բահրեյնցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Նոյեմբեր 19,2023 17:11

Նոյեմբերի 19-ին Մանամայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր: Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունները, անհրաժեշտ իրավապայմանագային դաշտի ձևավորումը, համատեղ միջոցառումների և բարձրաստիճան այցերի կազմակերպումը։ Որպես երկկողմ հարաբերությունների հեռանկարային ուղղություններ Արարատ Միրզոյանը մատնանշել է առևտրատնտեսական, քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները՝ կարևորելով նաև ներդրումների խրախուսման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է՝ տարածաշրջանում տնտեսական զարգացումը ենթադրում է կայուն և անվտանգ միջավայր և հենց այդ համատեքստում ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ծոցի արաբական երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը՝ ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը գրավիչ կլինի նաև մերձավորարևելյան երկրների, այդ թվում՝ Բահրեյնի համար։ Երկուստեք ողջունվել է համանման ծրագրերով խաղաղության օրակարգն առաջ մղելու տեսլականը։

Հանդիպման օրակարգում են եղել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները:

ՀՀ ԱԳ նախարարը բահրեյնցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք չեն հեշտացնում նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղին։ Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածքային ամբողջականության փոխադարձ, առանց երկիմաստությունների ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա սահմանազատման, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում Ադրբեջանի կողմից ամուր հանձնառության արտահայտման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930