«Հայացք Երևանից» – Ռուզաննա Դանիելյանը սեպտեմբերի պատերազմում կորցրել է եղբորը` Էդուարդին, եւ ամուսնուն` Գրիգորիին։ Ռուզաննան Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է։ Նրա հետ իմ երկխոսությունը շատ ծանր էր, երբ գիտեի, որ անչափելի մեծ ողբերգություն են ապրում ընտանիքներ, որտեղ անկատար նպատակներ են մնացել, բազում երազանքներ՝ խորտակվել։
Իմացա, որ Ռուզաննայի եղբոր՝ Էդուարդ Դանիելյանի եւ Հասմիկ Ավանեսյանի նշանադրությունն ամիսներ առաջ էր՝ հուլիսի 30-ին։ Համադասարանցիներ էին, սիրված եւ շատ գեղեցիկ զույգ, բայց նրանց` նոր ընտանիք ստեղծելու երազանքը մնաց անկատար։ Էդուարդը՝ Եղնիկների Էդոն, Արցախի Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող էր։ Նա զոհվեց սեպտեմբերի 20-ին՝ մարտընկերների կյանքը փրկելիս:
Գրիգորի Հայրապետյանը՝ Ռուզաննայի ամուսինը, մեր շրջանի Հաթերք գյուղից էր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Արցախի պետական համալսարանի Նախնական զինվորական պատրաստության եւ ֆիզիկական դաստիարակության բաժինը, ապա զորակոչվել պարտադիր զինծառայության։ Գիշոն՝ այսպես էին նրան կոչում մտերիմները, չէր կարող անմասն մնալ հայրենիքի պաշտպանության իր վեհ պարտականությունը կատարելուց։ Երկօրյա պատերազմի դաժան օրերին նա մասնակցել է հայրենի գյուղի համար մղվող պաշտպանական մարտերին, որտեղ էլ զոհվեց նույն օրը՝ սեպտեմբերի 20-ին։
Ճշմարտություն կլինի ասել, որ այս պատերազմը հայրենական էր այնքանով, որ անկախ տարիքից՝ ընտանիքի հայրեր, որդիներ, եղբայրներ, ամուսիններ ոտքի կանգնեցին` պաշտպանելու իրենց օջախները, գյուղերն ու քաղաքները՝ այն ամենը, ինչի հետ հազար թելերով կապված էին ծնված օրերից։ Հայրենական պատերազմ ու անհավասար մարտեր թշնամու դեմ, աղետաբեր սարսափ, որ մեծ ու փոքր չի ճանաչում ու խնայել չգիտի, ով էլ պատահի իր ճանապարհին։
Կարդացեք նաև
Երբեմն տողերիս շարվածքը զայրույթից ընդհատվում է, երբ գիտեմ, որ արնախում գազանը տարիներ շարունակ իր նավթոտ շուրթերը լիզելով, մաս-մաս մեր երկրին է տիրել՝ բազում զոհերի կյանքերի գնով։ Տարբերվող էր այս պատերազմը, որ արցախցիները մենակ էին մնացել իննամսյա շրջափակման աղետներից հետո: Տարբերվող էր եւ նրանով, որ աշխարհը գիտեր արցախցիների գլխին կախված ցեղասպանության ակնհայտ վտանգի մասին, որ գուժում էին ամենուր, բայց համրացած նայեց, թե ինչպես են մեր երեխաները հայրեր կորցնում, մեր հայրերն ու մայրերը` որդիներ, քույրերը՝ եղբայրներ, կանայք` ամուսիններ… Տարբերվող էր, որ մի ընտանիքից խլեց անգամ մի քանի կյանքեր:
Խոսեցինք, մտերմացանք Ռուզաննայի հետ, եւ անակնկալ եղավ ինձ համար, որ եղբայր եւ ամուսին կորցրած այդ երիտասարդ կինը իմ համագյուղացի ու բարեկամուհի Դոնարա Ասրյանի թոռնուհին է՝ Սոնայի դուստրը։ Լույս տղաների հոգիների աստղաբույլը վերեւից է տեսնում մեզ՝ հայրենազուրկներիս… Մեծ է զոհվածների հարազատների ողբերգությունը։ Սրտեր են կծկվում ծովածավալ վշտից: Տեր իմ, եթե պիտի չարի ձեռքով Արցախ կորցնեինք, դաժանագույն ցավեր ապրեինք՝ ինչո՞ւ այսքան երիտասարդ կյանքեր զոհաբերվեցին:
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ