Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ին եւ անձամբ Պապիկյանին դժվար է հասկանալ՝ խա՞նդն է նրա մեջ խոսում, դիմազրկվելու վա՞խը, թե էլի ինչ-որ բան․ «Հայացք Երևանից»

Նոյեմբեր 19,2023 13:02

Այժմ Հայաստանում իրավիճակը խառն է ու տագնապալից՝ 44-օրյա պատերազմից երեք տարի անց, անգամ Արցախը ստանալուց հետո, Ադրբեջանը չի դադարում տարածքային եւ այլ կարգի պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ ջանալով դրանք ներառել հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագիր» կոչվող թալանչիական փաստաթղթում, որը նախատեսվում է ստորագրել մինչեւ տարեվերջ: Ալիեւը՝ թիկունքին ունենալով «ավագ եղբոր» մշտական աջակցությունը, «Զանգեզուրի միջանցքից» բացի, Հայաստանից մի քանի տասնյակ բնակավայրեր է պահանջում, 8 անկլավ, հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի ապահովում, եւ դա դեռ բոլորը չէ:

Օգտվելով Հայաստանի անզորությունից եւ մորթապաշտ ղեկավարների թուլությունից՝ անկշտում հարեւանը շարունակում է մկաններ ցույց տալ, սպառնալ, թե ուզածին կհասնի զենքի ուժով: Պետության պաշտպանունակությունն ամրապնդելու փոխարեն՝ մի գլուխ խաղաղությունից խոսող Գերագույն գլխավորը, որը հետպատերազմյան երեք տարին քոռուփուչ արեց՝ չկահավորելով առաջնագիծը, չանցկացնելով գոնե մեկ զորավարժանք, եւ, ի վերջո, չվերականգնելով իր քանդած բանակը, հիմա էլ նոր պատմույթ է մեջտեղ գցել՝ «Խաղաղության խաչմերուկ», որը վախենամ դառնա, Աստված մի արասցե, Հայաստանի «կարապի երգը», ինչպես որ նախորդ «Խաղաղության դարաշրջանը»՝ Արցախինը:

Ի՞նչ անել, եթե երկիրը հայտնվել է օրհասի շեմին, իսկ իշխանություններն ամեն ինչ թողած բախտի քմահաճույքին, մի կողմ են քաշվել: Փաշինյանն ինքը խոստովանում է, որ մեր անվտանգային համակարգը խաթարված է, այս տարածքի համար, որտեղ ապրում ենք, «կադաստրի թուղթ» չունենք, ավանդական դաշնակիցը չի օգնում, պաշտպանական ոլորտը կարիք ունի դիվերսիֆիկացման եւ այլն: Այս ամենի եւ, մասնավորապես, Զինված ուժերի բարեփոխումների փաստացի բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, որը հանրության որոշ հատվածների մղել է ինքնակազմակերպման եւ մարդկանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդրի ինքնուրույն լուծման:

Այսինքն՝ անվտանգության ոլորտում պետական մարմինների թերացման հանգամանքով պայմանավորված՝ ի հայտ են եկել քաղաքացիական նախաձեռնություններ, կարողունակ ուժերի, անհատների կողմից ստեղծվել են հասարակական կազմակերպություններ, որոնք կամավորական հիմունքներով եւ ՀՀ օրենսդրության շրջանակներում իրականացնում են գոյութենական «ճեղքվածքը» փակելու որոշակի գործողություններ: Նման կառույցներից մեկի՝ «Ողջ մնալու արվեստ» («ՈՄԱ») ռազմահայրենասիրական ՀԿ-ի գործունեությանն արժե մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ՝ ճիշտ պատկերացում տալու կարեւորությունն աչքի առաջ ունենալով:

«ՈՄԱ»-ն, որը հիմնականում ազատամարտիկներից կազմված միավորում է, տեւական ժամանակ սահմանամերձ գոտիներում՝ ոչ առաջնագծերում, կյանքի է կոչում «Գմբեթ-2» անվանումը ստացած մի նախագիծ եւ արդեն կառուցել է անվտանգային լուրջ ներուժ ունեցող փայտահողային շուրջ 200 պաշտպանական կրակակետ: Կազմակերպության հիմնադիրը եւ ղեկավարը ճանաչված հետախույզ, հասարակական եւ ռազմական գործիչ Վլադիմիր (Վովա) Վարդանովն է: Նա 1984–1986 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում՝ Լագոդեխում տեղակայված ռազմահենակետում։ Մասնակցել է նաեւ Արցախյան առաջին պատերազմին՝ որպես հատուկ նշանակության ջոկատի հետախուզական դիվիզիայի հրամանատար:

Վարդանովի նախաձեռնությանն աջակցում են ոչ միայն ազատամարտիկներ, այլ նաեւ քաղաքացիական ակտիվականներ, մտավորականության ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ ու ագարակատերեր, որոնք հողատարածք են հատկացնում ամրաշինական աշխատանքների համար՝ լավ գիտակցելով նման ամրությունների անհրաժեշտությունը զինվորի կյանքի ապահովության գործում: Հարցազրույցներում Վարդանովը Հայաստանի անվտանգության առումով երկու կարեւոր ուղղություն է շեշտադրում՝ ազգ-պետություն եւ ամրոց-պետություն գաղափարը: «Գմբեթ-2» նախագիծը ամրոց-պետության գծապատկերի մարմնավորման առաջին քայլն է՝ վաղվա Հայաստանի պաշտպանական հուսալիության առհավատչյան, նրա անխոցելի վահանը:

Բայց արի ու տես, որ սահմանի եւ թիկունքի երկրորդ-երրորդ պաշտպանական բնագծերի ամրաշինական ու ինժեներական աշխատանքների գլուխբերման ճանապարհին «ՈՄԱ»-ն ժամանակ առ ժամանակ խոչընդոտների է հանդիպում, եւ դրանք, որքան էլ տարօրինակ հնչի, ստեղծվում են ՊՆ-ի կողմից: Այն գերատեսչության, որը, թվում է, պետք է շնորհակալ լիներ այդքան կարեւոր օժանդակության համար: ՊՆ-ին եւ անձամբ Պապիկյանին դժվար է հասկանալ՝ խա՞նդն է նրա մեջ խոսում, դիմազրկվելու վա՞խը, թե էլի ինչ-որ բան… «ՈՄԱ»-ի հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանի խոսքով՝ ՊՆ-ը լիազորված չէ թույլ տալ կամ չտալ կազմակերպությանը՝ իրականացնելու դրամահավաք կամ ամրաշինական աշխատանքներ։

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ջոկատի Հետախուզական Դիվիզիայի հրամանատար?ինչ եք ծխում,տղեք

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930