Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Ազատություն Բաքվում եւ Երեւանում գտնվող քաղբանտարկյալներին» խորագրով ակցիա էր կազմակերպել Հանրապետության հրապարակում։ Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի առջեւից մեծաքանակ ոստիկանների ուղեկցությամբ քայլերթով շարժվեցին Պատկերասրահի ուղղությամբ, ուր քիչ ավելի ուշ այցելելու էին այսօր Երեւանում մեկնարկած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի մասնակիցները։ Ակցիայի մասնակիցների ձեռքերում էին այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի կալանավայրերում գտնվող հայ քաղաքական եւ հասարակական քաղբանտարկյալ գործիչների եւ գերեվարվածների դիմանկարներով պաստառներ։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցներին ասաց․ «Ակցիան ինքնաբուխ է, եւ ակցիայի նպատակը մեկն է։ ԵԱՀԿ վեհաժողովի արտագնա նիստի մասնակիցներին պետք է տեղեկացնենք Բաքվի եւ Երեւանի բանտերում քաղբանտարկյալների առկայության մասին, ԵԱՀԿ ԽՎ 300-ից ավելի պատվիրակներին ներկայացնել, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, որոնք գտնվում են կալանավայրերում միայն նրա համար, որ պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ Արցախի գաղափարի իրավունքը, որ միեւնույն ժամանակ Եվրոպան լռում է, որ Բաքվի բանտերում գտնվում են Արցախի նախկին իշխանությունները, գեներալները, այդ փառապանծ մարդիկ։ Եվ այս ամենն իրականացվում է ԵԱՀԿ-ի լուռ համաձայնությամբ։ Իսկ ԵԱՀԿ-ն այն կառույցն է, որը միջնորդ է եղել, ԵԱՀԿ համանախագահությունն է որոշել բանակցությունները։ Եվ այսօր այն մարդիկ, ում հետ բանակցել է ԵԱՀԿ-ն, գտնվում են Բաքվի բանտերում։ Օրինակ, Բակո Սահակյանը։ Ես այսօր ուզում եմ ԵԱՀԿ պատվիրակներին հարց տալ․ եթե Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ում հետ միջնորդները, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի համանախագահները, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը, ԵԱՀԿ ղեկավարները գալիս, Ստեփանակերտում նրանց հետ հանդիպում էին, հիմա ինչ, ընդունում են, որ իրենք հանդիպել են տեռորիստների, սեպարատիստների հե՞տ։
Մենք ուզում ենք, որ համայն աշխարհի ուշադրությունը սեւեռվի այս կարեւոր փաստի վրա․ երկվորյակ ընկերները սպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար կամքը եւ միտքը։ Բայց չի ստացվի։ Դրա համար մենք այստեղ ենք։ Այլեւս մենք չենք լռելու։ Եթե եվրոպական պատվիրակներին թվում է, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, եթե Հայաստանի իշխանությունները չեն բարձրաձայնում Բաքվի բանտերում մեր եղբայրների ճակատագրի մասին, չեն բարձրաձայնում, որ իրենք ամեն օր ամեն տեղ խախտում են մարդու իրավունքները, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրում է, որովհետեւ մշտապես խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ փաշինյանական հակահայկական ռեժիմի մասին, պատվիրակները, որ հիմա գալու են ճաշելու, իմանան, որ Հայաստանում անհնար է ճաշել ու մարսել, եթե չբարձրաձայնվի քաղբանտարկյալների մասին»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ