Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը.
«Հարգարժա՛ն տիկին նախագահ,
Հարգելի՛ պատվիրակներ, գործընկերներ եւ հյուրեր,
Տիկնայք եւ պարոնայք,
Կարդացեք նաև
Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում:
Պատահական չէ, որ այսօր մենք հավաքվել ենք Երեւանի պատմական շենքերից մեկում՝ Ազգային պատկերասրահում: Այն հիմնադրվել է ավելի քան 100 տարի առաջ եւ իր տանիքի տակ պահում է ոչ միայն հայկական արվեստի մարգարիտները, այլեւ աշխարհը ներկայացնող արվեստի մեծ գործեր` հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:
Մշակութային դիվանագիտությունն ազդեցիկ եւ պատկերավոր լեզու է, որով խոսում են քաղաքակրթություն եւ մեծ պատմություն ունեցող երկրները: Հպարտ եմ, որ այստեղ անգին նմուշներ կան աշխարհի տարբեր երկրներից:
Վեհաժողովի երեւանյան՝ աշնանային հանդիպման մեկնարկը հաջողված էր, եւ մասնագիտական քննարկումները լիովին արտացոլում են մեր միասնական օրակարգը: Մենք հնարավորություն ունեցանք անկեղծ խոսել եւ մտքեր փոխանակել մեզ հուզող կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ, ինչը կարեւոր է խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից:
Այս նստաշրջանն անցնում է մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների եւ ճգնաժամերի ժամանակներում: Ցավոք, մենք շարունակաբար ականատես ենք լինում այն հանձնառությունների ոտնահարմանը, որոնք անշեղորեն ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներում:
Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ,
Կազմակերպության աշնանային նիստի անցկացումը Հայաստանում եւ անձամբ ձեր ներկայությունը, մեր երկրի համար մարտահրավերներով լի այս պահին, ընկերության եւ համերաշխության նշան է: Բարձր ենք գնահատում միջազգային մեր գործընկերների անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը եւ բարեփոխումների օրակարգին: Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, թե ինչ սպառնալիքներ է առաջացնում անվտանգային ճգնաժամը մեր երիտասարդ ժողովրդավարությանը եւ կայուն զարգացմանը, սոցիալական համախմբվածությանն ու արդարության ամրապնդմանը, սակայն մենք հավատացած ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:
Առերեսվելով բոլոր խոչընդոտների եւ սադրանքների հետ՝ Հայաստանի կառավարությունը շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը: Եվ ես երախտագիտություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին այս դժվարին պահին մեր կողքին լինելու համար:
Մեր նստաշրջանին մաղթում եմ արդյունավետ աշխատանքների շարունակություն, իսկ մեզ՝ հաճելի երեկո»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ