Ընթացիկ ամսում Իրանի հայկական միություններում տեղի ունեցած մշակութային միջոցառումներից ներկայացնում եմ չորսը․
***Հայ համալսարանականների ընդհանուր միության դահլիճում կայացել է իրանահայ գրող-թարգմանիչ Նորվանի «Թրասքիխեն» հայերենով գրված վիպակի շնորհանդես-քննարկումը։ «Թրասքիխեն»ը (Թրայսկիրխեն) ավստրիական քաղաք է, որը երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծառայել է որպես փախստականների ճամբար։ Այժմ ևս դեպի արևմուտք գաղթող փախստականները հիմնականում կանգ են առնում այս ճամբարում։ Այդ ապաստանյալների շարքում են Ասիայից, Մերձավոր ու Միջին Արևելքից ու Արևելյան Եվրոպայից ու նաև Հայաստանից գաղթածները․ այդ ճամբարից են անցել նաև ԱՄՆ հաստատված մեծ թվով իրանահայեր, այդ շարքում պատումների հերոս Ռուբեն Սարոնյանը, որն ըստ երևույթին հենց վիպակի հեղինակն է։ Վիպակի տասներեք «կանգառները» Ռուբենի, նրա հիվանդ կնոջ, մի խումբ իրանահայերի, քաղաքի թուրք նպարավաճառ Օրհանի և այլոց ոդիսականն է, ծննդավայրի հուշերը, ճամբարային տառապալի և ԱՄՆ վիզային սպասողների հոգեվիճակի պատումները։ Վիպակի հեղինակը կնոջ մահվանից հետո Իրան է վերադարձել և այժմ հայոց դպրոցներում շարունակում է իր ուսուցչական աշխատանքը։ Նորվանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրության ֆակուլտետը․ մինչ այժմ հրատարակել է չորս գրքույկ՝ բանաստեղծություն և իրանցի նշանավոր պոետ Ահմադ Շամլուից գործերից թարգմանություններ։ «Թրասքիխեն»-ի ներկայացման երեկոն վարել է գրող-թարգմանիչ Ռոբերտ Սաֆարյանը, իսկ քննարկմանը մասնակցել են իրանահայ մտավորականներ Իռեն Աբնուսյանը, Շանթ Բաղումյանը, Ադիս Իսաղույանը և Պատրիս Սամվելյանը։
***Հայ մարզա-մշակութային «Րաֆֆի» միության դահլիճում կայացել է թարգմանիչ Նորայր Մեհրաբյանի թարգմանած երեք գրքերի շնորհանդեսը։ Ն․ Մեհրաբյանն մինչ այժմ պարսկերենի է թարգմանել և առանձին հատորներով հրատարակել է Հ․ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքը, Սերո Խանզադյանի «Շուշի» վեպը և հայ հոգևորական Գրիգորիս Պալաքյանի «Հայ Գողգոթան» հուշապատումը։ Մեհրաբյանը Իրանում ՀՀ դեսպանի օգնական-թարգմանիչն է։ Շնորհանդեսին խոսել և թարգմանչի գործը գնահատել են Հայաստանի դեսպանության մշակութային կցորդ Սերգեյ Գրիգորյանը, իսկ պարսկերենով՝ Իրանի Ահվազ քաղաքի «Շահիդ Չամրան» համալսարանի դասախոսներ՝ Աբբաս Էղբալ Մեհրանը, Ալի Մեհրանի Փուրը և Արեֆ Մադլուլին, Իրանի «Ազատ» համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտ․ Անդրանիկ Սիմոնյանը, հասարակական գործիչներ Աշոտ Սինանյանն ու Վարդան Բաբախանյանը։
***Պարսկալեզու «Բոխարա» գրական հանդեսի խմբագրության նախաձեռնությամբ «Նաղշ» արվեստանոցում կայացել է հայաստանաբնակ ժամանակակից գրող և թարգմանիչ Աննա Դավթյանի «Մի նավաբեռ մեխակներ Հրանդ Դինքի համար» պիեսի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։ Պիեսը թարգմանել է իրանաբնակ թարգմանիչ Անի Հովսեփյանը։ Ելույթ են ունեցել գրականագետ Ալի Դեհբաշին, լրագրող Սերգեյ Բարսեղյանը և թարգմանիչներ Անի Հովսեփյանն ու Արգիշտի Թովմասյանը։
***Լևոն Շանթի «Հին Աստվածները» վեց օր բեմադրվեց Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպության կենտրոնատեղիում։ Պիեսը բեմադրության է պատրաստել Թեհրանի Հայ Մշակութային «Սիփան» միության թատերախումբը Բիայնա Մահմուդյանի բեմադրությամբ։ Դերասաններն են Արվին Գալստյանը, Զորիկ Շահբազին, Գառնի Շահմուրադյանը, Գամառ Աբնուսին, Վեդի Բարզեգար Նազարին, Շարիս Մելքոմ Աբգարը, Էմելիա Խուդավերդյանը, Քարոլին Խուդադյանը և բեմադրիչը։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ