Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կարեւոր է, որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը․ ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Նոյեմբեր 18,2023 21:12

Շատ երկրներում այժմ ճգնաժամային իրավիճակ է, եւ շատ կարեւոր է, որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը: Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել եւ ունենում ԼՂ-ում, այդ հարցը շատ կարեւոր է ԵԱՀԿ ԽՎ-ի համար ավելի, քան երբեւէ: Այս մասին ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Որո՞նք են նիստից ակնկալիքները եւ այն հայտարարությունը, որոնցով առաջիկայում պետք է հանդես գան Լեռնային Ղարաբաղի թեմայով»,- հետաքրքրվել է լրագրողը:

«Առաջին հերթին ցանկանում եմ ԵԱՀԿ ԽՎ-ի անունից նշել, որ շնորհակալ ենք Հայաստանին՝ ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը հյուրընկալելու համար այն մարտահրավերային ժամանակաշրջանում, որին բախվում ենք այժմ Եվրասիայում: Մենք նաեւ կքննարկենք այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ քննարկումներն ու բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ: Այժմ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են:

Երկուշաբթի քննարկելու ենք նաեւ ամենը, ինչ տեղի է ունենում Իսրայելում, Գազայի տարածքում, ինչին երկար ժամանակ սպասում էին մեր խորհրդարանականները: Չենք մոռանալու նաեւ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որը սկսվել էր 2022 թվականի փետրվարից: Այդ հարցը եղել է մեր քննարկման օրակարգում շատ երկար ժամանակ: Այս հարցի հետ կապված մեր խորհրդարանականներն իրենց ձայնն են բարձրացրել եւ մեծ քննարկումներ ունեցել»,- նշել է Պիա Կաուման:

Լրագրողները ԵԱՀԿ ԽՎ նախագահից հետաքրքրվել են նաեւ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված սպառնալիքով: Պիա Կաուման նշել է, որ մինչ Հայաստան գալը հնարավորություն է ունեցել երկօրյա այցով լինելու նաեւ Ադրբեջանում: «Այնտեղ տպավորություն ստացա, որ նրանք պատրաստ են խաղաղության շուրջ բանակցություններին, այնուամենայնիվ, դա է այն ուղերձը, որ նրանք ցանկանում են փոխանցել: Ես ցանկանում եմ հավատալ այն հավանականությանն ու հնարավորությանը, որ կկնքվի խաղաղության պայմանագիր: Հույս ունենք, որ շաբաթների ընթացքում դա կլինի: Մենք՝ որպես կազմակերպություն, քաջալերում ենք երկու կողմերին՝ շարունակելու բանակցությունները եւ նոր հնարավորություններ փնտրելու, որոնց դեպքում կարող են պայմանագիր կնքել, քանի որ այս տարածաշրջանը շատ կարեւոր է բոլորի համար: Տնտեսական տեսանկյունից այն նույնպես շատ կարեւոր է. կան շատ հնարավորություններ, սակայն առաջին հերթին պետք է ապահովել խաղաղություն»,- ասել է նա: Պիա Կաուման նկատել է, որ ներդրողները դեռեւս կասկածներ ունեն այստեղ գալու հետ կապված: «Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության, եւ ժամանակն է արդեն նոր ուղիներ գտնել խաղաղության համար: Մենք՝ որպես կազմակերպություն, եւ ես անձամբ, սատարում ենք հայ ժողովրդին, որպեսզի կարողանանք ուղի գտնել խաղաղության համար»,- ընդգծել է Պիա Կաուման:

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 18-20-ն ընթանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930