Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան․ Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ․ «Ազատություն»

Նոյեմբեր 18,2023 20:25

«Ազատության» հյուրն է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը։

«Ազատություն». – Չնայած միջնորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ջանքերին՝ Բաքուն երեկ հաղորդեց, որ չի մասնակցի վաշինգտոնյան բանակցություններին՝ միաժամանակ խիստ քննադատելով Միացյալ Նահանգներին կողմնակալության համար։ Ինչպե՞ս կարձագանքեք։

Մայքլ Քարփենթեր. – Մենք շարունակում ենք համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն, բացվեն տրանսպորտային կապերը։ Մենք կարծում ենք, որ այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալը բոլորի, անշուշտ, Միացյալ Նահանգների օգտին է: Եվ ուրեմն, մենք շարունակելու ենք փորձել հեշտացնել դա մեզ հասանելի գործիքների միջոցով: Եվ հուսով ենք, որ կողմերը նույնպես հասկանում են, որ դա բխում է նաև իրենց շահերից։

«Ազատություն». – Պետքարտուղարի օգնականն ասել էր՝ առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու հայ – ադրբեջանական բանակցությունների համար։ Կարելի՞ է ասել, որ Բաքվի «ոչ»-ը, մերժումը փակեց հնարավորությունների այս պատուհանը։

Մայքլ Քարփենթեր. – Ոչ։ Ես չէի ասի, որ այս պահին որևէ պատուհան փակ է։ Ես ֆիքսված ժամանակացույց չէի դնի բանակցային գործընթացի համար։ Ես դա չէի անի նաև վեց ամիս կամ մեկ տարի առաջ: Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլոր կողմերը կրկնապատկեն իրենց ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար, քանի որ դա, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը, մեզ համար չափազանց կարևոր է: Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել դա անել:

«Ազատություն». – Ադրբեջանը չգնաց Վաշինգտոն, բոյկոտում է նաև Բրյուսելի հարթակը, մտավախություն չկա՞, որ Արևմուտքը կկորցնի առաջնորդությունը, հատկապես որ Ռուսաստանը հետևողական փորձում է Մոսկվայում հանդիպում կազմակերպել:

Մայքլ Քարփենթեր. – Կողմերը կօգտվեն այն ուղիներից, որոնք հնարավորություն կտան առաջընթաց գրանցել բանակցություններում։ Իհարկե, ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգները։ Կարծում եմ, որ մենք շատ հետևողական և սկզբունքային ջանքեր գործադրեցինք՝ այս գործի համար մեր լավ հաստատություններն առաջարկելով: Անշուշտ, պետքարտուղար Բլինքենն իր շատ ժամանակ, ջանք ու ռեսուրսներ է հատկացրել բանակցություններին աջակցելու և կարգավորման այս համաձայնագիրն առաջ մղելու համար: Այնպես որ, մենք կշարունակենք առաջարկել այդ լավ հաստատությունները։ Եվ դարձյալ, ի վերջո, կողմերից է կախված, թե որ գործընթացն է առավել նպաստավոր իրենց շահերին:

«Ազատություն». – Պարոն դեսպան, արդյո՞ք այս հարցում Վաշինգտոնը Մոսկվայի հետ համագործակցելու հեռանկար տեսնում է։ Ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խումբը ֆորմալ կա, չի լուծարվել։

Մայքլ Քարփենթեր. – Հետևյալը կասեմ՝ Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ։ Նա դաժանությամբ հարձակվել է իր հարևանի վրա, և միայն դա չէ։ Ռուսաստանը ստել է միջազգային տարբեր պարտավորությունների մասին և բազմիցս խախտել է դրանք վերջին տարիներին։ Կարիք չկա Ձեզ հիշեցնել այն փաստը, որ Ռուսաստանը զորքեր է տեղակայում Մոլդովայում և Վրաստանում առանց այդ երկրների համաձայնության։ Եվ կան մի շարք այլ դեպքեր, որոնք ես կարող եմ մատնանշել, որ ցույց են տալիս՝ Մոսկվան իսկապես վստահելի կողմ չէ բանակցություններում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930