«Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի մասին ե՛ւ լավ լուրեր ունենք, ե՛ւ վատ: Լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Դա տեղի է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումների արդյունքում: Այդ համաձայնություններն արձանագրվել են եռակողմ հանդիպումների արդյունքներով՝ Շառլ Միշելի մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի հայտարարությունների մեջ»,- այսօր ԵԱՀԿ ԽՎ-ի երեւանյան նիստում իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց՝ խաղաղության առաջին սկզբունքը հետեւյալն է՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29.800 քկմ է, Ադրբեջանինը՝ 86,600 քկմ: Առաջին սկզբունքը կոնկրետացնելու համար է երկրորդ սկզբունքը, որը հետեւյալն է՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը 1991-ի Ալմա Աթայի հռչակագիրն է. «Ադրբեջանի հետ խաղաղության հաջորդ սկզբունքը հետեւյալն է՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա: Սա չափազանց կարեւոր է»:
Նա խոսեց նաեւ Խաղաղության խաչմերուկի մասին եւ անդրադարձավ վատ լուրերին. «Ամենակարեւոր վատ լուրն այն է, որ մենք դեռեւս խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով եւ շատ հաճախ չենք հասկանում իրար: Սրա համար կան նաեւ օբյեկտիվ պատճառներ՝ երկարամյա հակամարտությունը՝ պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ շատ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելության մթնոլորտը եւ կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ: Ընդ որում, ինչ ասում եմ, այս կամ այն չափով վերաբերվում են ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին: Բայց Ադրբեջանն օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել վերը հիշատակված 3 սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունը այդ սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը: Չափազանց կասկածելի է թվում նաեւ այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ եւ ըստ էության պաշտոնական մակարդակում Հայաստանը սկսել են կոչել «Արեւմտյան Ադրբեջան» եւ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներում: Սա մեզ նոր պատերազմ Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում եւ խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է: Մենք նաեւ չենք հասկանում տասնյակ գերիների հետեւողականորեն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը, չնայած վաղուց առաջարկել ենք այս թեման լուծել խաղաղության օրակարգին հարիր բանաձեւով՝ բոլորը բոլորի դիմաց: Բայցեւայնպես, ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին»:
Փաշինյանը խոսեց նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ ասելով. «Նախկինում Թուրքիայի հետ նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել: Չնայած դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռեւս որեւէ հաջողություն չունենք: Բայց Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերությունների կարգավորումը կարեւորագույն գործոն մեր տարածաշրջանի խաղաղ զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար»:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ Փաշինյանը նույն ելույթում հակասում է ինքն իրեն՝ որպես լավ լուր ասում է, թե «Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են», որպես վատ լուր ասում է․ «Ադրբեջանը ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել վերը հիշատակված 3 սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունը այդ սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Քո «քաղաքակիրթ» հարևանը պարզ տեսնում է, որ դու քո մաշկը փրկելու համար ոստիկանական զորքերդ ես ավելացնում, այլ ոչ թե բանակդ ես սպառազինում, դրա համար էլ նրա ախորժակը բացվում է և նման ծրագրեր է կազմում, դու էլ լրագրողի պես նրա ասածը հանրայնացնում ես: Իսկական վարչապետը հակառակ հայտարարություններ կաներ՝ Արցախը հայկական լինելու վերաբերյալ և կասեր, որ այդ հարցը դեռ փակված չէ, բայց դու լինելով մուրացող խաղաղության կողմնակից, «դուխով» գլխարկդ մի կողմ ես դրել ու դրա փոխարեն տարբեր ամբիոններից նվնվում ես և վախերդ ես աշխարհին հայտնում: Լավ հիշիր՝ վախեցողին ոչ թե աջակցում են, այլ ավելի են վախեցնում: