Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Ալլելո. «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներկայացնենք առկա հնարավորությունները ձեռնարկատիրության եւ աշխատանքի հնարավորությունների բացահայտման համար»

Նոյեմբեր 18,2023 16:48

«Մեգերյան կենտրոնում» կայացավ Արցախից բռնի տեղահանված անձանց համար  իրականացված «Ներգնա տուրօպերատորական  գործունեություն» ծրագրի մասնակիցներին վկայագրերի շնորհման արարողությունը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ձեռնարկատիրական եւ աշխատանքի հնարավորությունների բացահայտման համար:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն լրատվամիջոցներն ասաց. «Այսօրվա միջոցառումը շատ կարեւոր է, քանի որ մենք ցանկանում ենք օժանդակել Լեռնային Ղարաբաղից նոր ժամանած մարդկանց, որպեսզի նրանք վերսկսեն իրենց կյանքը: Իհարկե, մենք ցավակցում եւ կարեկցանքով ենք մոտենում բոլոր այն մարդկանց, որոնք բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից: Այդ մարդկանց համար շատ դժվար է նոր կյանք սկսելը: Եվ մենք ուզում էինք որեւէ բանով օգտակար լինել, որպեսզի նրանք գտնեին հնարավորություն՝ այստեղ ապրել ավելի հարմարավետ կյանքով, ապաստան գտնել, աշխատանքի անցնել: Եվ այս ծրագրի նպատակն այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներկայացնենք առկա հնարավորությունները: Ես խոսել եմ տեղահանված արցախցիների հետ եւ տեսել, թե որքան նպատակասլաց են, որքան տոկուն, որքան ստեղծարար են: Եվ մենք ցանկանում ենք ներկայացնել այն բոլոր հնարավորությունները, որոնք կան, որպեսզի նրանք հետո որոշեն. ցանկանում են շարունակել այն գործը, որ անում էին Լեռնային Ղարաբաղում, թե կցանկանան նոր նախաձեռնություններ սկսել»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե հիմա փորձում են օգնել բռնի տեղահանված արցախցիներին հաղթահարել ճգնաժամային շրջանի առաջին փուլը, բայց ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ ինն ամիս տոտալ շրջափակման ժամանակ արվեր այնպես, որպեսզի արցախցիները բռնի չտեղահանվեն: Եվ երկրորդ. Արցախի բազմաթիվ պատմամշակութային հուշարձանները ինչ-որ ձեւով ընդգրկվա՞ծ են զբոսաշրջային այս ծրագրի մեջ, առավել եւս, որ հիմա միջազգային հանրությունը քննարկում է իրենց պատմական հայրենիք  արցախցիների վերադարձի կարեւորության ու անհրաժեշտության հարցը, պարոն Ալլելոն պատասխանեց. «Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը նրանց ջանքերում, որպեսզի օգնեն տեղահանված անձանց: Բայց նաեւ գիտակցում ենք, որ այդ մարդիկ իրավունք ունեն վերադառնալու Լեռնային Ղարաբաղ: Նաեւ հասկանում ենք, որ դրա համար ժամանակ կպահանջվի: Եվ երբ որ արդեն այդ միջանցքը բաց լինի, հուսանք, որ հնարավորություն կլինի, որ մարիկ, ովքեր ցանկանում են, կարողանան վերադառնալ այնտեղ: Դա հիանալի կլինի: ԱՄՆ ՄԶԳ-ն որպես զարգացման գործակալություն հիմնականում կենտրոնանում է այն բանի վրա, որ աջակցություն տրամադրվի այն մարդկանց, որոնք այստեղ են, Հայաստանում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930