Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ձոն էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, ձոն՝ նրա ֆեյք ժողովրդավարության»․ «Հրապարակ»

Նոյեմբեր 18,2023 11:56

ԵԽԽՎ վեհաժողովը պարբերաբար ուսումնասիրում է, թե ինչպես է Հայաստանը կատարում իր պարտականությունները ԵՄ անդամության ճանապարհին։ Չունի՞ արդյոք շեղումներ ժողովրդավարական ճանապարհից, չկա՞ն արդյոք խոչընդոտներ, որոնց հաղթահարմանը պետք է օգնել եւ այլն։ Այդ նպատակով Հայաստան են ուղարկում համազեկուցողների, որոնց գնահատականների հիման վրա է ձեւավորվում այս կառույցի վերաբերմունքը մեր հանդեպ։ Միջազգային կառույցների լեզվով՝ սա կոչվում է մոնիթորինգ։ Եվ, ահա, օրերս Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից եւ շվեդ Բորիանա Աբերգը եկել էին Հայաստան, տարբեր հանդիպումներ էին ունեցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արդարադատության եւ ներքին գործերի նախարարներ Գրիգոր Մինասյանի եւ Վահե Ղազարյանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի, այլ պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների հետ, ապա ամփոփել էին ստացած տպավորությունները պաշտոնապես տարածած հայտարարության մեջ։ Նրանք այցելել էին նաեւ Երասխ, հանդիպել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված ընտանիքների հետ, ովքեր վերաբնակվել են Արտաշատում եւ Երեւանում։

ԵԽԽՎ համազեկուցողները սխալ փախստականների հե՞տ են հանդիպել։

ԵԽԽՎ համազեկուցողները, դատելով հայտարարությունից, եզրակացրել են, թե Լեռնային Ղարաբաղի 106 հազար հայերը, որոնք փախել են Ադրբեջանի ռազմական հարձակումից, պատշաճ կացարան են գտել Հայաստանում եւ շտապ օգնություն են ստացել՝ շնորհիվ Հայաստանի իշխանությունների գործողությունների եւ բնակչության համերաշխության։ Հավանաբար արցախցիները, որոնց հանդիպել են եվրոպացիք, անկեղծ չեն եղել, չեն ներկայացրել, թե ինչ խայտառակ խնդիրներ ունեն այստեղ, ինչ բյուրոկրատական քաշքշուկի մեջ են ընկնում ոչ միայն իրենց հասանելիք երկու կոպեկ աջակցությունը, այլեւ նպաստ, թոշակ, բնակվարձ ստանալու համար։ Սակայն անցնենք բարեփոխումներին, որոնք եվրոպացիները միշտ շատ են կարեւորում, բայց որոնք տեսանելի չեն հայաստանցիներիս աչքով․ «Բարեփոխումներ են իրականացվել՝ դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարելավելու նպատակով, եւ այժմ դատավորների, դատախազների եւ քննիչների բարեվարքության ստուգումներ են իրականացվում»: Օբյեկտիվ երեւալու համար մի քիչ աղ են ավելացրել տեքստին․ «Այնուամենայնիվ, կարգապահական վարույթները դեռեւս դժգոհություն են առաջացնում, եւ քաղաքական դրդապատճառներով որոշումների մասին պնդումները խաթարում են դրա օրինականությունը: Այս մտահոգություններից մի քանիսը վերացնելու համար Վենետիկի հանձնաժողովին է ներկայացվել բարեփոխումների նախագիծ»։

Հակակոռուպցիոն պայքարի ու ոստիկանական «բեսպրեդելի» մասով էլ շատ ոգեւորված չեն, գրել են․ «Կոռուպցիան շարունակում է մնալ հանրային դժգոհության հիմնական պատճառը, եւ այս ուղղությամբ շարունակական ջանքեր են պահանջվում․․․ Համազեկուցողները քննարկել են նաեւ ոստիկանության կողմից ուժի՝ չափից ավելի կիրառման եւ քաղաքական հակառակորդների դեմ ուղղված անօրինական վարույթների մասին պնդումները եւ պատրաստվում են հետեւել այս հարցերի շուրջ զարգացումներին»։

Սա ձոն էր՝ ուղղված Փաշինյանի կեղծ ժողովրդավարությանը

Արդյո՞ք սա նշանակում է, որ համազեկուցողները նկատել են, թե ինչպես է Հայաստանում քրեական հետապնդման մեխանիզմն օգտագործվում ընդդիմադիրներին պատժելու համար։ Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ համազեկուցողների տարածած հաղորդագրությունը։ «Չեմ կարծում, որ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունը Հայաստան այցից հետո կարող է ինչ-որ մեկի մոտ տարընթերցման տեղիք տալ,- ասում է ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը։- Սա ձոն էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, ձոն՝ նրա ֆեյք ժողովրդավարությանը։ Հերթական անգամ գործ ունենք կողմնակալ միջազգային գնահատականի հետ, աչքկապոցու՝ Հայաստանում խոսքի ազատության, քաղաքական այլախոհների հանդեպ բռնաճնշումների։ Սա հերթական կանաչ լույսն էր Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի բռնապետականացման ճանապարհային քարտեզը հասցնելու ավարտին»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930