Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ և ինչո՞ւ է պետք «տեղեկատվական արտահոսք» անել․ երևի նրա համա՞ր, որ թշնամին արագի մեջ հաշվի․ «Փաստ»

Նոյեմբեր 18,2023 10:10

Հատուկ ընդգծենք, որ հաջորդիվ հնչող հարցը հռետորական է: Կա՞ արդյոք նման մեկ այլ երկիր, նման մեկ այլ բանակ, որ «զինվում» է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը: Անցնենք ոչ հռետորական հարցերին ու փաստերին: Փաստ թիվ 1. Հայաստանը Ֆրանսիայից 20 հատ զրահափոխադրիչ է ձեռք բերել ու արդեն նաև հասցրել է վրացական Փոթի նավահանգստով ստանալ այդ «բեռն» ու, կարծում ենք, արդեն նաև հիշյալ փոխադրիչները փոխադրել են Հայաստան: Եթե նախկինում նման տեղեկատվության տողերիս հեղինակը տիրապետեր էլ, միևնույնն է, երբեք այն չէր հրապարակի: Որովհետև մենք ոչ միայն հարգում ենք օրենքն ու մեր երկրի քաղաքացին ենք, այլև գիտենք, թե ինչ ասել է՝ պետական, ռազմական գաղտնիք, գիտենք նաև, թե ինչու է կարևոր նման տեղեկությունների հետ կապված «բերանբացություն» չանելը:

Գիտենք, որ ցանկացած թշնամական հետախուզություն իրեն անհրաժեշտ տեղեկությունների մոտ 30-35 տոկոսը «քաղում» է, այսպես ասած, «բաց աղբյուրներից»: Բայց հիմա իմաստ չունի նման տեղեկությունները թաքցնել, քանի որ դեռ նույնիսկ հիշյալ զրահափոխադրիչները տեղ չհասած՝ իշխանական ու մերձիշխանական շրջանակները, իշխանական քարոզչամիջոցներն ու քարոզիչները մի առանձնակի ոգևորությամբ աղմկում են այդ ամենի մասին: Ոմանք այնպիսի պաթոսով են խոսում այդ 20 հատ զրահապատ «սեյֆերի» մասին, որ կարելի է կարծել՝ իրենք անձամբ են դրանց վերջին պտուտակներն ամրացրել հեռավոր Ֆրանսիայում ու Փոթի նավահանգիստ էլ իրենց մեջքի վրա են բերել: Հա, էլ ի՞նչ «ռազմական գաղտնիք» է հայտնի:

Օրինակ՝ հայտնի է, որ Հնդկաստանից էլ մի 150 հազար հատ նռնակ է Հայաստանը ձեռք բերել: Թե ռուսական նռնակներին ի՞նչ է եղել, որ հնդկականին ենք անցնում, հարցի մյուս կողմն է: Հնդկական է, թող հնդկական լինի: Ձեռք ենք բերել, լավ ենք արել, չուզողի ու չուզողների աչքն էլ հանել ենք: Բայց ո՞ւմ և ինչո՞ւ է պետք «տեղեկատվական արտահոսք» անել, թե կոնկրետ քանի հատ ենք ձեռք բերել: Որ ի՞նչ, էլի: Երևի նրա համա՞ր, որ թշնամին արագի մեջ հաշվի, թե Հայաստանի բանակի մոտոհրաձգային դասակի 1 հրաձիգին քանի՞ հատ նռնակ է հասնում: Դրա՞ համար է այդ թիվն ասվում: Ի դեպ, թշնամական հետախուզության և փաշինյանական պաշտոնյաների բերանբացության մասին: Դիմացեք. «Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի:

2010 թվականին 44 հազար ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը՝ 44 հազարից դառնալով 24 հազար»: Գիտե՞ք, թե ով է սա ասել: Կարկառուն ՔՊ-ական, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը: Այսինքն, թշնամու հետախուզությունը բացարձակապես կարիք չունի էլ հավել յալ ճիգեր գործադրելու, որպեսզի հաշվարկի Հայաստանի բանակի զորակազմը, ժամկետայինների թիվը և դրա հետ կապված ինչ-ինչ հանգամանքներ: Խնդրեմ, Փաշինյանի մերձավոր զինակիցներից մեկը բացեիբաց հայտարարում է: Հա, ու նա համոզված է, որ սրանով ոչ մի պետական կամ ռազմական գաղտնիք էլ չի հանրայնացրել, չի հրապարակել, մի խոսքով՝ օրենք չի խախտել: Դե, իհարկե, չէ՞ որ իշխանական լինելն ինքնաբերաբար ազատում է օրենք խախտելու մեջ մեղադրվելուց, իսկ եթե խախտումը այնքան բացահայտ է, որ անհնար է անտեսել, ապա՝ դրա համար պատասխանատվության ենթարկվելուց:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930