Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեի, ինչպես և այս իշխանության գործունեության ողջ «գաղափարական հենքը» պայքարից, արժեքներից հրաժարվելն է․ «Փաստ»

Նոյեմբեր 18,2023 09:40

Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում 2024 թ. պետբյուջեի քննարկման շրջանակում ունեցած «գլխավոր» ելույթում, այսպես ասած՝ բյուջեի «քաղաքական մասը» կամ «ուղերձը» ներկայացնելով, հայտարարեց, թե՝ սա «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Սա այն եզակի դեպքերից է, երբ Փաշինյանի ասածին դժվար է հակաճառել. այո՛, նրա կառավարության ներկայացրած 2024 թ. պետական բյուջեն հիրավի պատմական է: Այն առավել քան պատմական է, որովհետև վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը պետական բյուջե է ընդունում, որի մեջ Արցախը չկա՛: Ընդհանրապես չկա: Սա, միանշանակ ու աներկբա, ԱՆՆԱԽԱԴԵՊ է: Ավելին, Փաշինյանը բյուջետային «ուղերձ» է բարձրաձայնում և ծպտո՛ւն իսկ չի հանում Արցախի մասին:

Ոչ մի բառ: Փաշինյանը նաև Հայաստան պետության մասին է խոսում, բայց ո՛չ հայ ազգի մասին: Փաշինյանը կազմել ու ներկայացնում է բյուջե, որտեղ ոստիկանության (պատժիչ օրգանների) հատկացումները աճել են տասնյակ տոկոսներով, իսկ գիտության, գիտական հաստատությունների համար նախատեսված հատկացումները գրոշներ են, մոտ եռապատիկ նվազ՝ անհրաժեշտից: Կազմել ու ներկայացնում է բյուջե, երբ տնտեսության աճը կայուն չէ, վիճակագրվող աճն էլ «փուչիկային» գործոնների վրա է՝ խաղամոլական «բիզնես», վարկային ներարկումներ, աշխատանքային միգրանտներ, ասիական երկրներից ներհոսած էժանագին աշխատուժի անխնա շահագործում…

«Աճ», որն անխուսափելիորեն բերելու է փակուղու և հանգեցնելու է ճգնաժամի, քաղաքականություն, որը հանգեցնելու է Հայաստանն անվճարունակ պարտապան հռչակելու: Արդյունք չստեղծող բյուջե, ինչպես եղել է 2018 թվականից սկսած բոլոր տարիներին: Ու պատահական չէ, որ միայն Գլոբալ ինովացիոն ինդեքսով ՀՀ-ն հասել է պատմական մինիմումի՝ 72-րդ տեղ, ինչը նշանակում է, որ հինգ տարում նահանջել ենք 15 հորիզոնականով: Խոսուն է, չէ՞: Իսկ ընդհանուր առմամբ այդ բյուջեի, ինչպես և այս իշխանության գործունեության ողջ «գաղափարական հենքը» պայքարից, արժեքներից հրաժարվելն է: Ինչի՞ համար է այդ բյուջեն՝ որկորը լցնելո՞ւ:

Այսինքն, ի՞նչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը. թե՝ որպես ազգ ստամոքսից զատ ուրիշ նպատակ չունե՞նք: Բայց մի՞թե կարելի է պետականակիր համարել այն հանրույթը, որի միակ նպատակը… փորը լցնելն է: Չի կարելի: Բայց գուցե իշխանությունների վերջնանպատակը հենց դա՞ է…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930