Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշեցի մի հին անգլիական հումոր. «Քաղաքականություն է, սըր…»

Նոյեմբեր 18,2023 13:00

«2018թ. ստի եւ կեղծիքի հեղափոխությունը լյուստրացիայի ենթարկեց իրենց իրավապաշտպան համարող անձանց», իսկ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ոստիկանների կողմից ծեծն ու ապա շինծու մեղադրանքն ու կալանքն, ընդամենը գավառական վրեժխնդրություն էր, ի դեպ՝ հոր փոխարեն, որդուց». «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

– Հայաստանում քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց թիվը 50-ից ավելի է, նաեւ կին բանտարկյալ ունենք՝ Տաթեւիկ Վիրաբյանը, սոցիալական ցանցում քաղաքական դիրքորոշումներ հայտնելու համար, որոնք դիտարկվել են իբրեւ բռնության կոչ, բայց միջազգային տարբեր կառույցներում դա չեն նկատում եւ շարունակում են ՀՀ իշխանություններին ժողովրդավարության առաջամարտիկներ անվանել: Մասնավորաբար, վերջերս նման կարծիք էր հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, եվրոպական տարբեր կառույցներում էլ են ՀՀ իշխանություններին դրվատանքով վերաբերվում, մինչդեռ, այսպես կոչված, նախկին իշխանությունների օրոք այդ նույն կառուցները խոշորացույցով էին դիտարկում իշխանության վարքագիծը ու այդ դիտարկումները կոնկրետ անդրադարձներ էին ունենում:

– Եթե հաշվի առնենք նաեւ ԽՍՀՄ տարիները, ապա 1930-ական թվականներից ի վեր, Հայաստանում երբեւէ այսքան քաղաքական հետապնդվողներ եւ բանտարկյալներ չեն եղել։ Երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ երազած անկախ Հայաստանում, գավառական մակարդակով  կրկնվի այն մղձավանջը, որ ստալինյան շրջանի մասին լսել էի իմ ծնողներից։ Ստալինյան շրջանում մարդիկ վախենում էին նույնիսկ մտերմիկ շրջապատում կարծիք հայտնել, քանի որ շատ հնարավոր էր, որ ներկաներից մեկը նրան մատներ։ Այսօր էլ, փաստորեն, ինչպես ստալինյան տարիներին, սեփական կարծիք հայտնելու համար մարդկանց մեղադրանք են առաջադրում ու կալանավորում։ Կալանավորվածների մեջ կան ինչպես կանայք, այնպես էլ անչափահասներ։ Հետստալինյան շրջանից հետո չեմ մտաբերում, որ Հայաստանում կին քաղբանտարկյալներ եղած լինեն։ Երբ ծանոթանում ես, թե ի՞նչ գրառումների, խոսքերի համար են առաջադրված մեղադրանքները, կարծես ընթերցում ես ինչ-որ գիտաֆանտաստիկ գրականություն։ Եվ այս ամենը ժողովրդավարական հռչակված անկախ Հայաստանում։

Ինչ վերաբերում է միջազգային տարբեր կառույցների արձագանքներին, ապա այս 5 տարիները ցույց տվեցին, որ իրականում  այդ կառույցների համար ժողովրդավարությունը, իրավական պետությունը, մարդու իրավունքները ոչ թե արժեքներ են, այլ քաղաքական գործիքներ, որոնք կիրառվում են իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու համար։ Հավաքական արեւմուտքի ռազմավարական նպատակն է՝ մեր տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելը, որն իրականացնում է Հայաստանի վարչապետ կոչեցյալը։ Այդ համատեքստում պետք է դիտարկել ինչպես ԱՄՆ դեսպանի, այնպես էլ եվրոպական երկրների դրվատանքի խոսքերն ուղղված Հայաստանի իշխանությանը։ Փաստորեն, այդ բոլոր երկրներն ու կառույցները ձեւեր էին թափում, երբ քննադատում էին նախկին իշխանություններին։ Այս տեսակետից, իմ ամենամեծ հիասթափությունը Եվրոպայի խորհրդից (ԵԽ) է, որը ստեղծվել է միայն ու միայն մեկ բանի համար՝ հետեւել եւ պաշտպանել ԵԽ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները։ Անցել է ավելի քան երեք տարի, բայց ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեռեւս որոշում  չի կայացրել Սահմանադրական դատարանի անդամներին հակասահմանադրական, հակաօրինական ձեւով հեռացման հարցով։ Քիչ առաջ ծանոթացա Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի  խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային խմբի համազեկուցողների հաղորդագրությանը։ Ըստ համազեկուցողների, Հայաստանը  շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները։ Ի՞նչ ասես… Հիշեցի մի հին անգլիական հումոր. «Քաղաքականություն է, սըր…»։

– Վերջին շրջանում, մոդայիկ են դարձել կալանքները, մարդկանց կալանավորում են՝ անգամ ամենաաննշան թվացող առիթներով. ժամանակին, այդ թվում նաեւ դուք, մեծ աշխատանք էիք տանում կալանքը, իբրեւ խափանման միջոց, ծայրագույն դեպքում ընտրելու ուղղությամբ ու կարծես արդյունքներ կային. հիմա ի՞նչը նորից փոխվեց:

– Չեմ ցանկանում գովաբանել նախկին իշխանություններին, բայց հանուն ճշմարտության, պետք է ասել, որ նրանք հաշվի էին առնում ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ Հայաստանի հասարակության կարծիքը։ Կալանքը, որպես խափանման միջոցի կիրառումը, որպես միայն  ծայրահեղ միջոց, առկա է նույն ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներում։ Հայաստանում նույնպես, հենվելով ՄԻԵԴ որոշումների վրա, մենք պայքարում էինք, որ ամեն կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի նկատմամբ կալանք չկիրառվի։ Եվ պետք է արձանագրել, որ հաճախ գրանցում էինք հաջողություն։ Այժմ մենք գործ ունենք բռնապետական հակումներ ունեցող, միահեծան իշխանավորի հետ, որին հլու-հնազանդ ենթարկվում ու նրա անօրինական հրամանները կատարում են իրեն ենթակա իրավապահ կոչվող կառույցները՝ ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն հանձնաժողով, ինչպես նաեւ դատախազությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։ Մնում էր միայն հնազանդեցնել դատական համակարգը եւ նրա կողմից շրջանառության մեջ դրվեց «վնգստացող դատավորներ», իհարկե՝ ոչ վիրավորական, ատելություն չարտահայտող  խոսքը։

Եվ սկսվեց. սկզբից ԲԴԽ-ն ջախջախելով դարձրեց իրեն ենթակա կառույց, այնուհետեւ ԲԴԽ-ի եւ արդարադատության նախարարի համատեղ ջանքերով դատական համակարգից հեռացրեցին անկախ գործող դատավորներին եւ այսօր արդեն դատական համակարգը նույնպես վարչապետ կոչեցյալին ենթակա կառույցի է վերածվել։ Այնպես որ, կալանքը որպես խափանման միջոց կիրառման պահանջն ու որոշումները ոչ դատախազության, ոչ դատարանների ինքնուրույն որոշումները չեն։ Ուղղակի, նրանք կատարում են այն, ինչ իրենցից պահանջում է իրենց առատորեն վարձատրող վարչապետ կոչեցյալը։ Իսկ ինչու կալանք, շատ պարզ՝ որպես պատիժ եւ վրեժխնդրություն։ Օրինակ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ոստիկանների կողմից ծեծն ու ապա շինծու մեղադրանքն ու կալանքն ընդամենը գավառական վրեժխնդրություն էր, ի դեպ՝ հոր փոխարեն, որդուց։

– Վերջին օրերին ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց նկատմամբ կրկին ակտիվորեն քրեական հետապնդում է իրականացվում ու հիմնականում սոցցանցային գրառումների համար: Նման մի վարույթ էլ ձեր նկատմամբ է սկսվել: Հատկանշականն այն է, որ վարչապետի, ԱԺ նախագահի, իշխանության այլ ներկայացուցիչների կողմից հրապարակային հնչեցված բռնության եւ ատելության խոսքերն ու քարոզը իրավապահներին լսելի չէ, քանի որ որեւէ իշխանականի նկատմամբ որեւէ վարույթ չկա հարուցված, անգամ՝ խորհրդարանում, ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու դեպքերով:

– Ձեր նախորդ հարցին պատասխանելիս, նշեցի, թե ում հրահանգով են շարժվում Հայաստանի իրավապահ մարմինները։ Այսինքն, Հայաստանը ոչ մի առնչություն չունի իրավական պետություն հասկացողության հետ։ Այդ իրավական պետության պարագայում է, երբ նույնիսկ հակաժողովրդավարական օրենքները գործում են բոլորի համար, անկախ դիրքից եւ պաշտոնից։ Այնպես որ, վարչապետ կոչեցյալն է իրեն քննադատողների նկատմամբ, իրեն ենթակա կառույցներին հրահանգում որեւէ գործ գտնել եւ մեղադրանք առաջադրել։ Եվ հակառակը, իր շրջապատի, իրեն երկրպագող պաշտոնյաների հրապարակային հնչեցրած բռնության, ատելության խոսքերը, ընդդիմադիրների ծեծը, ավելին՝ սպանությունները, հիշենք Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, ոչ միայն գրպանային իրավապահները «չեն նկատում», այլեւ համոզված եմ, որ նրանք վարչապետ կոչեցյալի կողմից խրախուսանքի են արժանանում։ Իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, բայց պատկերացրեք, եթե հանկարծ քննչական կոմիտեն գործ հարուցեր  ԱԺ խոսնակի կողմից քաղաքացու դեմքին թքելու հարցով։ Հաջորդ իսկ օրը քննչական կոմիտեի նախագահը կհայտնվեր ճաղերի ետեւում, հակակոռուպցիոն հանձնաժողովի հարուցած գործի շրջանակներում։

– Բացի միջազգային կառույցների ներկայացուցիչներից եւ դիվանագիտական աշխատողներից, կարծես տեղական իրավապաշտպաններն էլ չեն տեսնում կամ շատ լոյալ վերաբերմունք ունեն մարդկանց անխնա կալանավորելու եւ կարծիք արտահայտելու համար տարբեր միջոցներով լռեցնել փորձելու դեպքերը, մինչդեռ, կային ժամանակներ, երբ մեր իրավապաշտպաններն անգամ ծառերի իրավունքներն էին լավագույնս պաշտպանում:

– Սա ինձ համար ամենացավալի հարցն է։ Պարզվեց, որ այս տասնամյակների ընթացքում Հայաստանում ձեւավորված քաղաքացիական հասարակությունն՝ իր տասնյակ իրավապաշտպանական կառույցներով ու տարաբնույթ քաղաքացիական շարժումները, բոլորը կեղծ էին։ Հիշեցնեմ, որ մարդու իրավունքների պաշտպանություն, նշանակում է մարդ-պետություն ուղղահայաց հարաբերություններ։ Այսինքն՝ մարդու պաշտպանություն պետական մարմինների անօրինականություններից՝ խոշտանգումներ, խաղաղ հավաքների մասնակիցների հանդեպ վայրագություններ, անօրինական հետապնդումներ եւ այլն։ Իրական իրավապաշտպանի համար ոչ մի նշանակություն չպետք է ունենա, թե այդ մարդն ինչ հայացքների տեր է, նրան համակրում է, թե ոչ։ Որպես ամենացայտուն օրինակ կարելի է բերել 2018թ. բացահայտված վարչապետ-ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ հեռախոսազրույցները։ Անկախ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքից, իրական իրավապաշտպանները պետք է մեծ աղմուկ բարձրացնեին, պահանջելով երեք պաշտոնյաների եւ ցուցումով կալանք տված դատավորի  հրաժարականներն ու պատասխանատվության կանչելը։ Իսկ մեր ականավոր իրավապաշտպանները ոչ միայն ծպտուն չհանեցին, այլեւ ըստ էության խրախուսեցին այդ ճչացող անօրինականությունը։ Հետաքրքրական է, որ այդ նույն դատավորն այսօր  վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածու է։ Նրանք լռում են՝ տեսնելով ոստիկանության վայրագությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, լռում են՝ տեսնելով տասնյակ քաղաքական հետապնդումները։

Այս ամենից բացի, նրանք 2020թ. խայտառակ պարտությունից հետո ոչ միայն լռեցին, այլեւ շարունակեցին կրծքով պաշտպանել պարտության թիվ մեկ պատասխանատու վարչապետ կոչեցյալին։ Նրանք լռեցին նաեւ, երբ վարչապետ կոչեցյալը 2022թ. ուրացավ Արցախը, լռեցին, երբ նա այս սեպտեմբերին  հայտարարեց, որ օգնության չի հասնի Արցախին։ Լռեցին, երբ Արցախը ենթարկվեց ցեղասպանության։ Լռեցի՞ն, թե՞ ողջունեցին այդ ամենը։ Այսպիսով, 2018թ. ստի եւ կեղծիքի հեղափոխությունը, իրենց սիրելի խոսքով ասեմ՝ լյուստրացիայի ենթարկեց իրենց իրավապաշտպան համարող անձանց։ Պարզվեց, որ նրանց համար իրավապաշտպանությունն առաքելություն չէր, այլ  ընդամենը բիզնես նախագիծ։ Հանուն դրամաշնորհների, որոնք տալիս են նույն արեւմտյան երկրներն ու կառույցները, Հայաստանի իրավապաշտպանները ոչ միայն մոռացան իրենց առաքելության մասին, այլեւ ուրացան Արցախ-հայրենիքը։

Վերջացնելով խոսքս, անկեղծանամ՝ խորապես զղջում եմ, որ տարիներ համագործակցել եմ նրանցից շատերի հետ, հավատալով, որ նրանք սկզբունքային, մարդու իրավունքներին նվիրյալ գործիչներ են։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930