Զարգացումների ներկա փուլում անվտանգության առկա սպառնալիքների չեզոքացման մարտավարության ուրվագիծ
Զարգացումների ներկա փուլի առանձնահատկությունն այն է, որ ձեւավորվել են հայկական պետության լինելիությունը վտանգող կործանարար սպառնալիքներ եւ այդ հարցում առկա է հանրային կոնսենսուս: Այդ են վկայում հանրային կարծիքի ուսումնասիրման բոլոր հարցումները:
Հայաստանյան իշխանությունների գործողությունների կամ անգործության արդյունքում այսօր վտանգված են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը, հայաթափված է Արցախը եւ արցախահայությունը կրում է ցեղասպանության ծանր հետեւանքները:
Այդ ամենի ֆոնին մտահոգիչ է հայոց պետությանը սպառնացող վտանգների առնչությամբ մեր հանրության տպավորիչ մասի գործնականում անհոգ եւ անտարբեր քաղաքացիական կեցվածքը:
Կարդացեք նաև
Արցախյան 3-րդ պատերազմի ողբերգական եւ զգայացունց արդյունքներից հետո հայաստանյան հասարակության մի ստվար հատված խաղաղությանը ձգտելու վերաբերյալ իշխանության հռետորաբանությունն ընկալեց որպես երկիրը հնարավոր նոր պատերազմական բախումներից զերծ պահելու իշխանությունների քաղաքական «հավատամք», իսկ գործող իշխանությանը՝ խաղաղության գլխավոր երաշխիք:
Իրականում խաղաղության ձգտումը եւ դրանով պայմանավորված արտաքին սպառնալիքների հանդեպ անտարբերությունն իշխանական ու մերձիշխանական շրջանակների եւ դրանից դուրս շատերի համար պատերազմի հանդեպ սեփական վախը քողարկելու անհաջող հնարք է, մինչդեռ Ադրբեջանի ձեռքում այդ «վախը» դարձել է հայկական պետականության հանդեպ սողացող օկուպացիայի քաղաքականության իրականացման գլխավոր զենքը: Արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ռազմավարական բարձունքներ հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ, Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքի ավելի քան 150 քառ. կմ:
Այս ամենը զուգորդվեց մեզանում առողջ պասիոնարիզմի տարրեր կրող անհատների կամ երբեմնի ինստիտուցիոնալ դրսեւորումների վերացմամբ կամ վարկաբեկմամբ (ԵԿՄ-ն կազմաքանդված է, կամավորականների շարժումը արժեզրկված է, Արցախյան պատերազմի հերոսները եւ նրանց ռազմական ժառանգությունը մոռացված են եւ այլն):
Պետական կառավարման համակարգն իր մասնագիտական որակներով, փորձառությամբ եւ կառուցվածքով բացարձակապես ադեկվատ չէ ստեղծված ոչ օրդինար իրավիճակին: Խաթարված է վստահությունը դաշնակիցների եւ հարեւան բարեկամների հետ փոխհարաբերություններում: Արդյունքում Հայաստանը, տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի պայմաններում եւ արեւելքից ու արեւմուտքից անմիջական հարեւանների անթաքույց սպառնալիքներին դեմ հանդիման մնացել է արեւմուտքի որոշ երկրների քաղաքական հայտարարությունների հույսին, իսկ գործնականում՝ մնացել է միայնակ:
Զավեշտալին այն է, որ մեր պետության համար կենսական կարեւորության խնդիրները հաճախ քննարկվում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են երրորդ երկրների կողմից՝ առանց մեր մասնակցության:
Ավելին, հայաստանյան իշխանությունների կողմից միջազգային հարթակներում ստանձնած պարտավորությունների պարագայում ցանկացած հայանպաստ քայլ կամ նախաձեռնություն մեր ռազմատենչ հարեւանների կողմից կարող է որակվել որպես լեգիտիմ հիմք ռազմական գործողությունների վերսկսման համար:
Ստիպված ենք արձանագրել, որ իշխանությունների ձեռամբ հանրության պառակտվածության, տնտեսական եւ ռազմական ռեսուրսի ներկայիս տկար կարողությունների, վստահելի միջազգային գործընկերների բացակայության պարագայում մենք հայտնվել ենք ոչ արժանապատիվ խաղաղության եւ պատերազմի միջեւ կործանարար ընտրության առջեւ: Այլ կերպ ասած՝ վատթարի եւ վատթարագույնի միջեւ ընտրության առջեւ:
Ստեղծված իրավիճակում առավել քան ակնհայտ է, որ պատերազմական գործողությունների վերսկսման հիմնական սպառնալիքը Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունն է:
Ուստի իշխանություններից օր առաջ ազատվելը կամ վարվող քաղաքականության մեջ բեկում մտցնելը դառնում է հայոց պետականության սպառնալիքները, եթե ոչ չեզոքացնելու, ապա մեղմելու գլխավոր նախապայմանը:
Սակայն հանրության կրավորական կեցվածքի եւ առկա քաղաքական իրողությունների պարագայում (վարչապետի անձնիշխանության ուժային ապահովումը, ԱԺ-ում ուժերի աննորմալ հարաբերակցությունը, դատական իշխանության ենթարկեցումը, հեռուստաեթերի մոնոպոլիզացիան եւ այլ ինստիտուցիոնալ խեղումներ) ընդդիմության կողմից առաջ քաշվող իշխանափոխության տրամաբանական պահանջը իշխանությունները ճարպկորեն ներկայացնում են որպես «խաղաղության օրակարգը» տապալող իշխանության համար աթոռակռիվ՝ արժեզրկելով հասարակության ընդդիմադիր պայքարը:
Հանուն պետության եւ պետականության մղվող քաղաքական պայքարը որպես իշխանության համար գզվռտոց նենգափոխելուն նպաստում է նաեւ այն, որ իշխանություններից ազատվելը գործնականում ներկայացվում է որպես ընդդիմադիր պայքարի գլխավոր նպատակ (Դիմադրության շարժման արդյունքները դրա վկայությունն են, թեպետ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքների եւ հաջորդող երթերի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կուսակցական չէր, այդուհանդերձ, Շարժման ղեկավարներին չհաջողվեց այն ներկայացնել որպես վերկուսակցական ժողովրդական ընդվզում):
Պետք է ընդունել նաեւ, որ մինչ այս ընդդիմության շարժումների (Հայրենիքի փրկության շարժում, Դիմադրության շարժում, Ազգային Կոմիտեի նախաձեռնությունները) անարդյունք ավարտը ոչ միայն հետեւանք էր այդ ընդվզումներն աթոռակռիվ ներկայացնելու իշխանության պառակտիչ գործելաոճի, այլեւ Հայոց պետականության գահավիժումը կասեցնելուն եւ անվտանգային առկա սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված համապարփակ ծրագրի բացակայության:
Ուստի հարկ է, առանց ռազմավարական նպատակների փոփոխության, վերանայել հանրության ընդդիմադիր հատվածի քաղաքական պայքարի թե՛ մեթոդոլոգիան, թե՛ կարգախոսները եւ թե՛ կազմակերպական ձեւերը՝ իմաստավորելով հասարակության իրավական, քաղաքական, տնտեսական եւ հանրային առկա ռեսուրսների օգտագործման հնարավորությունները:
Անվտանգային նման անմխիթար իրավիճակում ժողովուրդը, որպես պետական իշխանություն կրող սուբյեկտ, իրավասու է կառավարությունից պահանջել անհապաղ կատարել այնպիսի քայլեր կամ հանդես գալ այնպիսի նախաձեռնություններով, որոնք կարող են նպաստել ինչպես Հայաստանի շուրջ վտանգավոր զարգացումների ընթացքը եւ նոր սպառնալիքների առաջացումը կանխելու հնարավորությունների ձեւավորմանը, այնպես էլ առկա սպառնալիքների չեզոքացման նախադրյալների ստեղծմանը:
1.Զարգացումների ներկա փուլում ռազմավարական նպատակները, իրագործման ռեսուրսները
Իսկ որո՞նք են զարգացումների ներկա փուլում մեր Երկրի ռազմավարական նպատակները: Կարճաժամկետ հատվածում դրանք մնում են նույնը՝
ա/ հասնել մեր սահմաններին թշնամու սպառնալիքների չեզոքացմանը՝ ապահովելով երկրի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը, կանխել նոր սպառնալիքների ձեւավորումը,
բ/ մերժել ռազմական գործողությունների արդյունքում Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված համարելու բոլոր փորձերը,
գ/ հետամուտ լինել միջազգային հարթակներում եւ արտաքին գործընկերների հետ շփումներում հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության հիմնավորմանը,
դ/ հայտարարել, որ 44-օրյա պատերազմի արդյունքները չեն կարող տարածաշրջանում երաշխավորել կայունություն եւ անվտանգություն, հետեւաբար նաեւ երկարաժամկետ հորիզոնում անշրջելի խաղաղություն,
ե/ ուստի անհրաժեշտ է խուսափել առանց իրավաքաղաքական անհրաժեշտ երաշխիքների ձեւավորման Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումից:
Հանրությունն իրավասու է Հայաստանի իշխանություններից ակնկալել նշված ռազմավարական նպատակների իրագործմանը միտված քայլերի իրականացումը:
Ակնհայտ է, որ ռազմավարական այդ նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ է հասնել մի շարք բարդ, առաջին հայացքից նույնիսկ անլուծելի թվացող, խնդիրների լուծմանը կամ կարգավորմանը: Սակայն կարող է տրամաբանական հարց առաջանալ. արդյո՞ք նման բարդ խնդիրներ լուծելու ռեսուրս մենք ունենք եւ արդյո՞ք «գնացքն արդեն չի գնացել»:
Առաջին հայացքից նման ռազմավարական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ռազմական, տնտեսական եւ քաղաքական ռեսուրսների լուրջ պաշար: Մինչդեռ իշխանությունների նախաձեռնությունների արդյունքում ստացվում է, որ մենք ոչ միայն փոշիացրել ենք այդ, առանց այդ էլ սուղ, պաշարները, այլեւ, ինչպես նշվեց նախորդիվ, մենք հայտնվել ենք վատի եւ վատթարագույնի միջեւ ընտրության առջեւ:
Ցավոք, մենք զրկված ենք նաեւ ամենաթանկ եւ չվերականգնվող ռեսուրսից՝ ժամանակից, այն աշխատում է ոչ հօգուտ հայկական շահի եւ ինչ-որ իմաստով այն մեզ համար նույնպես ռազմավարական ռեսուրս է:
Նման պայմաններում իրոք թվում է, թե «գնացքն արդեն գնացել է»:
Սակայն մեր պարագայում թերեւս տեղին է առաջնորդվել միջնադարի ֆրանսիական ականավոր պետական գործիչ Կարդինալ Ռիշելյեի հայտնի խոսույթով՝ «պետությունն անմահ չէ, ուստի այն պետք է փրկել՝ կամ հիմա, կամ՝ երբեք»:
Ուստի մենք, հայության ներկայիս սերնդի ներկայացուցիչներս, դատապարտված ենք փրկելու Հայոց պետականությունը եւ մեր ռազմավարական նպատակներին հասնելու համար պարտավոր ենք օգտագործել ցանկացած, նույնիսկ ամենաաննշան, հնարավորություն:
Ոչ հայանպաստ զարգացումները դանդաղեցնելու եւ հետագայում նաեւ բեկելու համար, ըստ իս, մենք, այդուհանդերձ, ունենք որոշ ռեսուրսներ եւ հնարավորություններ: Խնդիրը դրանց արդյունավետ օգտագործումն է:
Այդ ռեսուրսներն են
1.Հայաստանի աշխարհագրական դիրքը.
Լինելով նաեւ մեր բազում խնդիրների աղբյուր, այդուհանդերձ, Հայաստանի աշխարհագրական դիրքը միակ ռեսուրսն է, որով մենք կարող ենք որեւէ արտաքին ազդեցիկ խաղացողի համար, իր իսկ աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման առումով, հետաքրքրություն ներկայացնել եւ այդ կերպ մեր անվտանգության ապահովումը դարձնել նշյալ ծրագրերի իրականացման կարեւոր նախապայմաններից մեկը: Այսինքն մենք պարտավոր ենք լուծել բավականին բարդ խնդիր՝ հետապնդելով սեփական ազգային շահը փորձել մեր աշխարհագրական դիրքը վերածել աշխարհաքաղաքական պոտենցիալի:
2.Մարդկային կապիտալը՝ խելացի եւ սթափ որոշումներ կայացնելու հայության հավաքական կարողությունը.
Գաղտնիք չէ, որ աշխարհասփյուռ հայության բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր երկրներում ներգրավված են ուղեղային կենտրոնների աշխատանքներում, դասավանդում են առաջնակարգ բուհերում, զբաղվում են փորձագիտական ուսումնասիրություններով եւ ունեն որոշումների նախապատրաստման մեծ փորձառություն: Քիչ չեն նաեւ պաշտոնաթող հայազգիներ, հատկապես անվտանգության ոլորտներում: Խնդիրը նրանց՝ մեր ռազմավարական նպատակների իրագործմանը ներգրավելն է՝ ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ: Հաջողության դեպքում մեր հայազգի այդ մասնագետները փաստացի կդառնան մեր գործի յուրատեսակ «դեսպաններ» դրսում:
3.Հայոց բանակը.
Թեպետ գործող իշխանություններն առիթը բաց չեն թողնում մեր Բանակը ներկայացնելու որպես պարտված եւ արտաքին ռազմական սպառնալիքներին դիմագրավելու կարողություններով տկար, սակայն 44-օրյա պատերազմի արդյունքների նույնիսկ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ ունենալով Թուրքիայի եւ Իսրայելի ռազմական հզոր աջակցությունը ոչ միայն ժամանակակից զինատեսակներով ապահովելու, այլեւ մարտական գործողությունները ղեկավարելու գործում, ադրբեջանական զորքերը կարողացան գրավել ընդամենը երկուս ու կես շրջան, այն էլ հարավի հարթավայրային հատվածում:
Շուշին հաշիվ չէ, քանի որ այն դավադրաբար է հանձնվել թշնամուն: Մեր 19-20 տարեկան տղաներն անհավասար մարտերում առանձին դեպքերում ծնկի են բերել թշնամու ընտիր մարտական զորախմբին՝ Յաշմային: Մեր Բանակի ուժը թշնամին զգաց նաեւ Ջերմուկի բարձունքների համար մարտերում՝ տալով իրենց համար անսպասելի քանակի զոհեր: Այսօր էլ Հայոց բանակը գրագետ ղեկավարության պարագայում ունակ է ոչ միայն դիմագրավել թշնամու սպառնալիքներին, այլեւ տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն: Հայոց բանակը ստեղծված իրավիճակում մեր առջեւ կանգնած ռազմավարական նպատակներն իրագործելու կենսունակ ռեսուրս է:
4.Սփյուռքի կառույցները.
Ռազմավարական մեր նպատակների իրագործման խնդրում Սփյուռքի հայկական լոբբիստական կառույցների պոտենցիալն անգնահատելի ռեսուրս է եւ այն պետք է օգտագործվի ողջ ծավալով: Այս առումով, եւ հատկապես Հայոց Պետականության կործանարար սպառնալիքների առկայության պարագայում, առանձնակի կարեւորություն է ստանում միջազգային հարթակներում եւ միջպետական հարաբերություններում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված համակարգված քայլերի եւ նախաձեռնությունների իրականացումը, դիտարկելով խնդիրը, որպես յուրատեսակ իրավաքաղաքական զսպաշապիկ թուրք-ադրբեջանական զույգի տարածքային նկրտումները չեզոքացնելու տեսանկյունից:
5.Հասարակության ընդդիմադիր հատվածի ներուժը.
Թեպետ այս ռեսուրսն այսօր թվում է սպառված, բայց համոզված եմ, որ ընդդիմադիր պայքարի գրագետ եւ նպատակային մարտավարության ծրագիր լինելու դեպքում մեր ժողովուրդն ունակ է իշխանությունների նկատմամբ հուժկու եւ լեգալ քաղաքական ճնշում գործադրելու միջոցով հասնել նրանց կողմից հայանպաստ քայլերի եւ նախաձեռնությունների իրականացմանը:
Իսկ որպես հնարավորություն պետք է օգտագործել միջազգային իրավունքը:
Թեպետ ներկայումս գլոբալ զարգացումներում էապես նվազել է միջազգային իրավունքի եւ միջազգային ինստիտուտների կշիռը եւ միջպետական հարաբերություններում գործում է «ուժն է ծնում իրավունքը» սկզբունքը, այդուհանդերձ, փոքր պետությունների պարագայում աշխարհի հզորները շարունակում են առաջնորդվել միջազգային իրավունքի նորմերով (իհարկե, դրանք հարմարացնելով սեփական շահերին): Ուստի առաջանում է հնարավորություն միջազգային իրավունքը հմտորեն եւ գրագետ օգտագործելով վերականգնել միջպետական հարաբերություններում մեր կորսված դիրքերը՝ զուգահեռ շահելով ժամանակ քաղաքական, տնտեսական եւ ռազմական ռեսուրսները հնարավորինս վերականգնելու համար:
- Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման ստորջրյա խութերը
Այդ առումով զարգացումների ներկա փուլում առանձնահատուկ կարեւորություն է ստանում Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների համաձայնագրի (Կառավարության բնորոշմամբ՝ Խաղաղության պայմանագիր) ստորագրման հարցը, քանի որ առանց անհրաժեշտ իրավական եւ քաղաքական նախադրյալների ձեւավորման այն, իրավամբ, կարող է դառնալ 44-օրյա պատերազմի եւ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ սողացող օկուպացիայի փաստացի արդյունքների, Արցախի հայաթափման եւ անկլավների վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի ոչ օրինաչափ պահանջների լեգալացման փաստաթուղթ:
Հայաստան-Ադրբեջան միջպետական համաձայնագրի ստորագրման հարցում Հայաստանի հանդեպ միջնորդների ճնշումը՝ մի կողմից եւ Հայաստանի համար բանակցային անբարենպաստ իրավիճակում այդ ճնշումներին դիմագրավելու սահմանափակ կարողությունները՝ մյուս կողմից, թվում է, թե համաձայնագրի ստորագրումն այս փուլում դարձնում են անխուսափելի:
Մինչդեռ խաղաղությունը գործնականում անշրջելի դարձնելու եւ այդ առումով բանակցվող պայմանագրում առավել ընդգրկուն իրավական եւ քաղաքական լուծումների գալու նպատակով հայաստանյան իշխանությունները պարտավոր են այդ բանակցություններում առաջնորդվել հայաստանյան կողմի համար ելակետային համարվող եւ միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի հետեւյալ թեզերով՝
ա/ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ եւ միջազգայնորեն ընդունելի ֆորմատում բանակցություններին այլընտրանք չկա,
բ/ 44-օրյա պատերազմի արդյունքները չեն կարող տարածաշրջանում երաշխավորել կայունություն եւ անվտանգություն՝ երկարաժամկետ հորիզոնում, ուստի առանց իրական երաշխիքների եւ միայն համաձայնագրերի միջոցով վերջին պատերազմի արդյունքների կապիտալացումը ոչ միայն որեւէ խաղաղ հեռանկար չի կարող խոստանալ կողմերին, այլ գործնականում կարող է դառնալ տարածաշրջանի կայունությանը եւ խաղաղությանը սպառնացող դանդաղ գործողության ական:
Ավելին, Հայաստանի կառավարությունը պարտավոր է իր միջազգային գործընկերներին համոզիչ ներկայացնել, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը ձգտում է խաղաղության ոչ թե այն պատճառով, որ պարտվել է վերջին պատերազմում (մենք խաղաղության կողմնակից ենք եղել նաեւ այն շրջանում, երբ հաղթանակած էինք), այլ այն պատճառով, որ խաղաղ գոյակցությունը մեր գիտակցված ընտրությունն է, քանի որ դեպի ծով ելք չունենալու պարագայում Հայաստանի անվտանգ զարգացման հրամայականը պահանջում է հարեւանների հետ մեր հարաբերությունների ձեւավորումն իրականացնել միմյանց կենսական շահերի հաշվառման եւ խաղաղ համագործակցության կայուն երաշխիքների հենքի վրա: Ուստի Հայաստանը հետամուտ է խաղաղությունն անշրջելի դարձնելու իրավաքաղաքական կայուն երաշխիքների ձեւավորմանը:
Միաժամանակ, բացի զուտ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված հանգամանքից, իր հարեւանների հետ խաղաղ գոյակցության հրամայականը պայմանավորված է նաեւ այն պատմական քաղաքակրթական առաքելությամբ, որը բնորոշ է առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովրդին:
Փոխարենն այսօր Ադրբեջանն իր ռազմական ապօրինի հսկողության տակ է վերցրել Հայաստանի սահմանների ռազմավարական կարեւորության բարձունքները եւ զավթել Հայաստանի սուվերեն տարածքից ավելի քան 150 քառ. կմ: Իրերի նման վիճակը, առանց իրավաքաղաքական գործուն երաշխիքների, հնարավորություն չի ընձեռում երկու պետությունների միջեւ բնականոն հարաբերությունների ձեւավորմանը եւ չի նպաստում խաղաղ համագործակցությանը:
Առավել եւս, որ 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ hայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման փաստացի ընթացքը վկայում է, որ Ադրբեջանը պայմանագրաունակ պետություն չէ եւ միջպետական հարաբերությունների վերաբերյալ որեւէ պայմանագիր առանց գետնի վրա լուրջ եւ անշրջելի իրավաքաղաքական երաշխիքների չի կարող ծառայել որպես այդ երկրի հետ խաղաղ համագործակցության կայուն երաշխիք:
- Անշրջելի խաղաղության իրավաքաղաքական երաշխիքները
Անվիճելի է, որ կայուն երաշխիքների ձեւավորման առումով առանձնահատուկ կարեւորություն ունի երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման իրականացումը: Ընդ որում՝ այդ խնդրի լուծման համար ոչ թե պետք է առաջնորդվել ինչ-որ քարտեզներով եւ/կամ սահմանազատման խնդրի տեսանկյունից որեւէ իրավակիրառ նշանակություն չունեցող Ալմա Աթիի հռչակագրով, այլ ձեռնպահ մնալով Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման մասին որեւէ փաստաթղթի ստորագրումից կամ նախնական պայմանավորվածություններից, միջազգային միջնորդների աջակցությամբ հասնել համաձայնության առ այն, որ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները պետք է կատարել ԵԱՀԿ Քարտուղարության 2017թ. դեկտեմբերի «Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում. հրատապ հարցեր եւ լուծումներ» վերտառությամբ փաստաթղթի հիման վրա եւ այդ փաստաթղթով առաջարկվող պայմանների պահպանմամբ:
Ինչո՞ւ է պետք պարտադիր հետամուտ լինել միջազգային այդ փաստաթղթի հիման վրա սահմանազատման իրականացմանը:
Բանն այն է, որ այդ փաստաթուղթը ընդունվել է անվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր այդ կառույցի կողմից որպես պարտադիր կատարման ենթակա ուղեցույց հետխորհրդային տարածքում պետությունների միջեւ սահմանազատման աշխատանքների կազմակերպման համար: Եվ ըստ այդ փաստաթղթի` մինչ սահմանազատման աշխատանքներն սկսելը, կողմերը պետք է բանակցեն այդ աշխատանքների իրականացման սկզբունքների շուրջ, ընդ որում՝ այնպիսի առանցքային կարեւորության սկզբունքների, ինչպիսիք են՝
ա/ ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով սահմանազատման բացառումը (այս սկզբունքը կոչված է չեզոքացնելու միջազգային պրակտիկայում հաճախ կիրառվող «Ինչը տնօրինում եմ, այն էլ տնօրինում եմ» սկզբունքը, որով, գրավելով մեր սահմանների ռազմավարական բարձունքները, փորձում է առաջնորդվել Ադրբեջանը):
բ/ պետական սահմանը չի կարող դառնալ անկայունության եւ նոր սպառնալիքների աղբյուր (այս սկզբունքի կիրառման դեպքում Ադրբեջանը ստիպված է դուրս բերել իր զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից, քննարկումների օրակարգից դուրս կգա նաեւ անկլավները վերադարձնելու պահանջը, քանի որ դրանք Ադրբեջանին վերադարձնելու դեպքում անմիջապես վեր են ածվելու ռազմական հենակետերի եւ դառնալու են ռեալ սպառնալիք մեր երկրի հանդեպ):
գ/ սահմանազատումը չի կարող նույնականացվել տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի հետ
(1986թ. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մալիի եւ Բուրկինո Ֆասոյի միջեւ սահմանային վեճի կապակցությամբ իր որոշմամբ սահմանել է սույն սկզբունքը: 1992թ. նույն դատարանը իր որոշմամբ այս սկզբունքը հաստատել է նաեւ Սալվադորի եւ Հոնդուրասի միջեւ ցամաքային եւ ծովային սահմանների վերաբերյալ վեճի կապակցությամբ: Դատարանի այդ որոշումները միջազգային պրակտիկայում կիրառվում են որպես միջազգային իրավունքի նորմ եւ այդ հանգամանքը արտացոլված է նաեւ ԵԱՀԿ Քարտուղարության նշյալ փաստաթղթում):
դ/ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է ապահովված լինեն իրենց բնականոն կենսունակության համար անհրաժեշտ հնարավորություններով, այդ թվում՝ խոտհարքներ, ավանդորեն օգտագործվող արոտավայրեր, ջրային աղբյուրներ, էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքներ եւ այլն
(սույն սկզբունքն առանձնահատուկ կարեւորություն ունի մեր սահմանամերձ համայնքների բնակիչների համար):
ե/ հողի եւ անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչում
(սույն սկզբունքը սահմանում է, որ եթե անձը հողի կամ այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել տվյալ երկրի ներքին օրենսդրության պահանջներին համապատասխան, ապա այդ իրավունքը չի կարող ոտնահարվել սահմանազատման արդյունքում: Այսինքն՝ չի կարող տունը լինել Հայաստանում, իսկ գոմը Ադրբեջանում: Այս սկզբունքի կիրառման համար հիմք է ընդունվում սահմանազատման պահին գործող կադաստրային քարտեզները):
Այս սկզբունքները կարող են լրացվել վերը նշված փաստաթղթում տեղ գտած այլ սկզբունքներով եւս, որոնք կարող են էլ ավելի ամրապնդել վերը շարադրված սկզբունքների լիարժեք իրականացումը: Սակայն բոլոր դեպքերում այս սկզբունքները ենթակա են պարտադիր բանակցման՝ մինչ սահմանազատման աշխատանքների սկսելը:
Մինչ սահմանազատման սկզբունքների շուրջ պայմանավորվածության ձեռք բերումը կողմերը չեն կարող սկսել սահմանազատման բուն գործընթացը, այդ թվում առկա ռազմական եւ աշխարհագրական քարտեզների օգտագործմամբ: Ահա թե ինչու է պետք զերծ մնալ տարբեր ժամանակաշրջանների քարտեզներին հղում կատարելու ոչինչ չտվող փորձերից:
Դժվար չէ նկատել, որ առանց սահմանազատման սկզբունքների շուրջ բանակցելու եւ դրանց վերաբերյալ համաձայնության գալու՝ անիմաստ է միջպետական հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքումը:
Ի դեպ, երկրորդական չէ նաեւ այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Քարտուղարության նշյալ փաստաթղթի հիման վրա սահմանազատումն իրականացնելու մեր առաջարկին չեն կարող առարկել նաեւ միջազգային միջնորդները, ինչպես նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, քանի որ նրանք բոլորը ԵԱՀԿ անդամ են:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը հայկական կողմի այս առաջարկին անմիջապես չի համաձայնվի: Ավելին, կարող է նույնիսկ սպառնալ Հայաստանի հանդեպ ռազմական գործողություններ սկսել: Սակայն համոզված եմ՝ նման վարքագիծը կդիտվի խիստ ոչ կառուցողական եւ կորակվի որպես միջնորդների ջանքերի տորպեդահարմանն ուղղված կոնտրպրոդուկտիվ մոտեցում:
Արդյունքում կստացվի, որ Հայաստանը ոչ թե խուսանավում է Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնագիրը կնքելու հարցում, այլ հետամուտ է Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը անշրջելի դարձնելու գործուն իրավաքաղաքական երաշխիքների ձեւավորմանը: Ընդ որում՝ վերը նշված սկզբունքների շուրջ բանակցությունները կարող են տեւել ամիսներ, իսկ միգուցե տարի եւ ավելի: Բոլոր դեպքերում այդ կերպ մենք կարող ենք նաեւ ժամանակ շահել եւ այն օգտագործել արտաքին սպառնալիքներին դիմագրավելու ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորման համար:
Երկու հակամարտող երկրների միջեւ խաղաղությունն անշրջելի դարձնելու գործում նույնչափ կարեւոր է ապաշրջափակման խնդրի լուծումը եւ բոլորովին պատահական չէ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 9-րդ կետի հիմնական նախադասությունը վերաբերվում է այդ խնդրին:
Բանն այն է, որ երկու երկրների տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը, երկուստեք փոխշահավետ տնտեսական հարաբերությունների ձեւավորման միջոցով, կարող է նպաստել երկրների միջեւ վստահության միջավայրի ձեւավորմանը, իսկ վերջինը խաղաղությունը երաշխավորող կարեւոր գործոններից է:
Ուստի ապաշրջափակմամբ վստահության ձեւավորմանը կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ երկու երկրների միջեւ ձեւավորված տնտեսական ենթակառուցվածքների կոնֆիգուրացիան անիմաստ կդարձնի տնտեսական կամ ոչ տնտեսական ճնշում գործադրելու միջոցով միակողմանի օգուտներ կորզելու կողմերի գայթակղությունը:
Պետք չէ շատ խորաթափանց լինել գիտակցելու համար, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին, իսկ գործնականում՝ Թուրքիային, միացնող երկաթուղին չի կարող ծառայել երկու պետությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Ապաշրջափակման անվան տակ գնալ Սյունիքով երկաթուղի գործարկելու ճանապարհով՝ կնշանակի սեփական բյուջեից շուրջ 150 մլն դոլար գումար ծախսել, որպեսզի Ադրբեջանը հարմարավետ հաղորդակցվի Թուրքիայի հետ, ընդ որում՝ մնալով մեկուսացված եւ տարածաշրջանի «մայթեզրին» նստած:
Մինչդեռ առաջնորդվելով ապաշրջափակման վերոշարադրյալ հայեցակարգային մոտեցմամբ՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապաշրջափակմանը նվիրված քննարկումների օրակարգում ներառել միայն Բաքու-Ղազախ-Իջեւան-Դիլիջան-Երեւան-Նախիջեւան տրանսպորտային ուղու գործարկման խնդիրը, հաշվի առնելով նաեւ այն, որ այդ երթուղին քաղաքական եւ տնտեսական ռիսկերի առումով ամենահավասարակշռվածն է, լոգիստիկայի ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու առումով համեմատաբար քիչ ծախսատար եւ ապահովում է նաեւ վստահելի ցամաքային կապ Թուրքիայի հետ: Ավելին, այդ երթուղին հնարավորություն է տալիս Հայաստանին ներգրավվել չինական «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» մեգածրագրում՝ դրանից բխող թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական եւ թե՛ անվտանգային բաղադրիչներով:
Ի դեպ, բոլորովին վերջերս Թբիլիսիում Փաշինյանի անոնսավորած «Խաղաղության Խաչմերուկ» ծրագիրը, ըստ էության, Ադրբեջանը Թուրքիային Սյունիքով միացնելու ծրագրի քողարկված վերսիան է, այն պարզ պատճառով, որ եթե Հայաստանը նախատեսում է միաժամանակ գործարկել ե՛ւ Բաքու-Ղազախ-Իջեւան-Երեւան-Նախիջեւան երկաթուղին, ե՛ւ Սյունիքով անցնող երկաթուղին, ապա մանկամտություն է ենթադրել, որ մեր հարեւանները միմյանց միջեւ բեռնափոխադրումները կիրականացնեն որեւէ այլ, քան Բաքու-Հորադիզ-Սյունիք-Նախիջեւան-Թուրքիա երթուղով: Այնպես որ, «Խաղաղության Խաչմերուկ» ծրագիրը փաստացի նույն Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնող ծրագիրն է՝ ավելի ամպագոռգոռ անվան տակ: Սյունիքով երկաթուղու գործարկումն անվտանգային առումներով հակացուցված է առաջիկա առնվազն 5-10 տարիների ընթացքում:
Ավելին, ի նկատի ունենալով այն իրողությունը, որ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության արդյունքում Արցախն այլեւս հայաթափված է եւ Լաչինի միջանցքը կորցրել է իր ֆունկցիոնալ կարեւորությունը, ապա իր ակտուալությունն է կորցնում նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող տրանսպորտային հաղորդակցության ապահովման հարցը: Հետեւաբար Հայաստանի կառավարությունը պետք է հայտարարի, որ այս պայմաններում որեւէ պարտավորություն չունի եւ չի կարող ունենալ Ադրբեջանը փաստացի Թուրքիային կապող տրանսպորտային հնարավորություն ստեղծելու հարցում եւ դուրս է գալիս այդ խնդրին նվիրված ցանկացած ֆորմատով քննարկումներից:
Դժվար չէ նկատել, որ նշված քայլերը կամ նախաձեռնությունները միանգամայն նպաստավոր են Հայաստանի աշխարհաքաղաքական պոտենցիալի ձեւավորման համար: Սակայն, ըստ իս, կա մեկ գործոն եւս, որի շուրջ միջազգային իրավունքի հիման վրա դիվանագիտական հմուտ եւ կառուցողական ջանքերի գործադրման պարագայում կարելի է նկատելի բարձրացնել Հայաստանի աշխարհաքաղաքական պոտենցիալը:
Այդ գործոնը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրն է:
Անվիճելի է, որ անկախության ողջ շրջանում Հայաստանի միջազգային վարկը, մեր երկրի նկատմամբ միջազգային հեղինակավոր կառույցների եւ պետությունների ուշադրությունը մեծ հաշվով պայմանավորված էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Հայաստանի անվիճելի մասնակցությամբ: Այսինքն այդ հանգանքը, ի լրումն բազմակողմ միջպետական հարաբերությունների հաստատման քաղաքականությանը, էապես նպաստում էր մեր Երկրի աշխարհաքաղաքական ճանաչելի դերակատարման ձեւավորմանը:
Այսօր էլ, եւ հատկապես Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետեւանքով արցախահայության բռնի տեղահանման պարագայում, ոչ պակաս կարեւոր է հակամարտության կարգավորման խնդրում միջազգային կառույցների կողմից Հայաստանի պատասխանատու մասնակցության ճանաչումը: Իհարկե, դա նշանակում է, որ նախ Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն իրենց այդ առաքելության կարեւորությունը, ապա նաեւ նախաձեռնեն բավարար քայլեր՝ ուղղված միջազգային հարթակներում Ադրբեջանի քաղաքականության քաղաքական գնահատականը տալուն:
Այդ նպատակով անհրաժեշտ է արցախահայության հանդեպ Ադրբեջանի քաղաքականությունը ՀՀ իշխանությունների հատուկ հայտարարությամբ պաշտոնապես որակել որպես ցեղասպանական եւ մերժել Արցախում սեպտեմբերի 19-ի ռազմական բռնարարքները որպես հակաահաբեկչական գործողություն ներկայացնելու ադրբեջանական բոլոր փորձերը:
Պետք է հետեւողականորեն պահանջել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի միջնորդ պետությունների ղեկավարներից տալ արցախահայության հանդեպ Ադրբեջանի քաղաքականության իրավաքաղաքական գնահատականը:
Հղում անելով արցախահայության հանդեպ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը՝ անհարժեշտ է հետ կանչել Արցախը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու մասին Պրահյան հայտարարությանը Հայաստանի վարչապետի համաձայնությունը: Ավելին՝ հարկավոր է հրաժարվել տարածքի մեծության թվային գնահատմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման պսեւդոիրավական մոտեցումից՝ վերադառնալով միջազգային իրավունքի այդ կարեւորագույն սկզբունքի միջազգայնորեն ընդունելի իրավակիրառ փորձին:
Այդ ամենով հանդերձ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները, Հայաստանի իշխանությունները պարտավոր են ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետ առարկայական որեւէ քննարկումից մինչեւ Արցախի Հանրապետության ապօրինի ձերբակալված պաշտոնյաների, ռազմական գործիչների եւ ադրբեջանական բանտերում խոշտանգվող հայ գերիների ազատ արձակումը:
Սակայն հարկ է ընդունել, որ առաջարկվող քայլերը կամ նախաձեռնությունները Հայաստանի անվտանգության առկա սպառնալիքները մեղմելու համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար ձեռնարկումներ են: Հայաստանի շուրջ բացասական զարգացումները դանդաղեցնելու համար, ըստ իս, անհրաժեշտ է նաեւ ձգտել Հայաստանի շուրջ հայանպաստ աշխարհաքաղաքական միջավայրի ձեւավորմանը:
- Հայաստանի շուրջ բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրի ձեւավորումը
Ի՞նչ պետք է ի նկատի ունենալ «Հայաստանի շուրջ հայանպաստ կամ բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրի ձեւավորում» թեզի ներքո:
Խոսքը վերաբերում է միջնաժամկետ հեռանկարում արտաքին ազդեցիկ խաղացողների հետ՝ միմյանց հետաքրքրությունների ու շահերի հաշվառման հիման վրա փոխադարձ վստահելի հարաբերությունների ձեւավորմանը:
Այդ նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական, տնտեսական (էներգետիկ), ֆինանսական եւ կենսական կարեւորության այլ ոլորտներում սերտ կապվածությունը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցելու անհրաժեշտությունը, առաջնային պետք է համարել հայ-ռուսական միջպետական հարաբերություններում առկա լարվածությունը մեղմելու եւ ռազմավարական գործընկերությանը բնորոշ մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ քայլերի իրականացումը:
Մասնավորապես անհրաժեշտ է նախաձեռնել քաղաքական կոնսուլտացիաներ Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության ոլորտում ռազմավարական գործընկերության մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունների լիարժեք կատարմանը խոչընդոտող օբյեկտիվ հանգամանքները վերհանելու եւ դրանց հետեւանքով Հայաստանի անվտանգության խոցելի սեգմենտները երրորդ երկրների հետ համագործակցության ճանապարհով չեզոքացնելու քայլերի շուրջ:
Անշուշտ, խոսքը չի կարող գնալ անվտանգության ոլորտում երրորդ երկրների հետ համագործակցության հարցերում Ռուսաստանից թույլտվություն ստանալու մասին: Սակաjն Հայաստանի իշխանությունների համար այդ զգայուն հարցերում ելակետային պետք է լինի այն դրույթը, որ երրորդ երկրների հետ համագործակցությունը չի կարող ձեւավորվել ՌԴ անվտանգության հաշվին: Ի դեպ, նույն սկզբունքին պետք է հետամուտ լինի նաեւ ռուսական կողմը՝ հատկապես մեր ոխերիմ հարեւանների հետ իր հարաբերություններում: Փոխադարձ պատասխանատվության այս սկզբունքն անկյունաքարային նշանակություն ունի ռազմավարական գործընկերների միջեւ վստահելի հարաբերությունների ձեւավորման համար:
Ռուսաստանի հետ վստահելի հարաբերությունների վերականգնմանը էապես կարող է նպաստել հետխորհրդային տարածքում այդ երկրի աշխարհաքաղաքական հետաքրքրություններով պայմանավորված ինստիտուտներում (ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ) համագործակցության վերականգնումը:
Հայկական կողմի նման նախաձեռնությունները հնարավորություն կտան նաեւ հանդես գալ առաջարկությամբ. սկսել քաղաքական կոնսուլտացիաներ հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները հնարավորինս մոտեցնելու նպատակով, մասնավորապես 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման, այդ թվում՝ գերիների անհապաղ ազատ արձակման, սահմանազատման եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրներում:
Այդ ամենի հետ մեկտեղ հարկ է ապահովել Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա Հայաստան-ԵՄ խորացված համագործակցությունը: Ընդ որում՝ պետք է առանձնահատուկ կարեւորել Հայաստանի անվտանգության խոցելի սեգմենտները փոխլրացնելու նպատակով ԵՄ առանձին պետությունների հետ ռազմաքաղաքական ինստիտուցիոնալ համագործակցության ձեւավորման խնդիրները:
Նույնչափ կարեւոր է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմաքաղաքական եւ տնտեսական համագործակցությունը խորացնելու խնդիրը:
Հայաստանի շուրջ բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրի ձեւավորման համատեքստում շատ կարեւոր են դառնում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների ողջ սպեկտրով միջպետական կապերի խորացման խնդիրները, հատկապես, որ հարաբերությունները նշյալ որոշ երկրների հետ կարող են նպաստել նաեւ Հայաստանի աշխարհաքաղաքական պոտենցիալի ձեւավորմանը:
Այսպիսին են, ըստ իս, հանրության հիմնական հատվածի սպասելիքները իշխանություններից, վերջիններիս կողմից իրականացման ենթակա այն նվազագույն քայլերի եւ նախաձեռնությունների կապակցությամբ, որոնք կարող են նպաստել արտաքին սպառնալիքներին արդյունավետ դիմագրավելու, Հայաստանի շուրջ բացասական զարգացումների ընթացքը դանդաղեցնելու եւ հետագայում նաեւ բեկելու ռազմավարական նպատակների իրագործմանը:
- Հրատապ խնդիրների լուծման կազմակերպական հարցեր
Մինչդեռ փաստ է, որ գործող կառավարության մասնագիտական կարողությունները բավարար չեն վերը շարադրված ծրագրային խնդիրների լուծման համար: Ավելին, իշխանությունների քաղաքական առաջնահերթությունները եւ դրանց հիման վրա արտաքին գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները հակասում են հանրության հիմնական հատվածի սպասելիքներին: Նման պայմաններում, ինչպես նաեւ հաշվի առնելով մեր առջեւ կանգնած ռազմավարական նպատակների իրագործման նպատակով լուծման ենթակա խնդիրների բարդությունը, առաջանում է հայության մարդկային կապիտալի ներգրավման անհրաժեշտությունը, որն իր հերթին թղթակցվում է ոչ միայն Սփյուռքի կառույցների հետ բնականոն հարաբերությունների վերականգնման, այլեւ հանրային կարողությունների միավորմանը նպաստող հասարակության միասնականության ապահովման խնդրի հետ: Վերջինի համար, որը երկրորդական չէ նաեւ Սփյուռքի մասնագետներին ներգրավելու առումով, իշխանությունը պարտավոր է ազատ արձակել հայաստանյան բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ քաղաքական նպատակներով ձերբակալված ռազմական գործիչներին:
Հաշվի առնելով, որ հանրության մեծ մասի կարծիքը համընկնում է գործող կառավարության մասնագիտական կարողությունների վերաբերյալ նախորդիվ բերված բնութագրման հետ եւ այն խնդիրների բարդությունը, որոնք կանգնած են մեր ժողովրդի առջեւ, միանգամայն տրամաբանական է սպասել գործող վարչապետից ձեռնամուխ լինել Արտակարգ Կառավարության ձեւավորմանը՝ անհապաղ սկսելով ոչ ընտրանքային սկզբունքով կոնսուլտացիաներ մտավորականության, փորձագիտական համայնքի եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաեւ Սփյուռքի կառույցների ու հասարակության շրջանում հեղինակություն վայելող անհատների հետ:
Բոլորովին չհավակնելով ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու մարտավարության ավարտուն ծրագիր ներկայացնելու առաքելությանը, այդուհանդերձ ենթադրում եմ, որ սույն հոդվածով հանրության դատին ներկայացվող քայլերի եւ նախաձեռնությունների համախումբը կարող է դառնալ յուրատեսակ ուղեցույց թե՛ հասարակության հիմնական հատվածի համար՝ իշխանություններից առողջ սպասելիքներ ձեւավորելու հարցում, թե՛ քաղաքական ուժերի համար՝ քաղաքական պայքարի սեփական մարտավարության մշակման խնդրում եւ թե՛ իշխանությունների համար՝ հանրության սպասելիքները բավարարելու եւ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու, առկա սպառնալիքները մեղմելու եւ նոր սպառնալիքների ձեւավորումը կանխելու հայանպաստ գործունեություն ծավալելու գործում:
Ստեղծված պայմաններում անվտանգության առկա սպառնալիքների չեզոքացման եւ նոր սպառնալիքների ձեւավորման կանխման խնդիրներում հանրության սպասելիքների բավարարման ունակությունը կարող է դառնալ եւ պետք է դառնա կառավարության նկատմամբ հանրային վստահության ձեւավորման միակ իրավաքաղաքական հիմքը:
Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ նախկին վարչապետ
ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ
«Առավոտ» օրաթերթ
17.11.2023