Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ սահմանապահները հայ-ադրբեջանական առաջնագծում են՝ ի հակառակ հայ-ռուսական պայմանագրի. ԱԱԾ-ն տրամաբանական պատասխան չունի. «Հետք»

Նոյեմբեր 17,2023 23:30

«Հետք». ԱԱԾ-ն չի հայտնում, թե ինչու մինչ օրս փոփոխություն կամ լրացում չի կատարվել 1992 թ. ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագրում: Սա այն միջպետական փաստաթուղթն է, որը սահմանում եւ կարգավորում է հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակը:

Պայմանագրի 3-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է հետեւյալը. «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Այդուհանդերձ, 44-օրյա պատերազմից հետո ՌԴ սահմանապահները տեղակայվել են նաեւ հայ-ադրբեջանական առաջնագծում, ինչը հակասում է պայմանագրին:

Ռուս սահմանապահների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին հակասում է միջպետական պայմանագրին

Պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020 թ. նոյեմբերին, հայտնի էր դարձել, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը 5 սահմանապահ կետ է տեղակայել Հայաստան-Ադրբեջան շփման գծի մոտ՝ Երասխում, Պարույր Սեւակում (Արարատի մարզ), Տեղում, Մեղրիում եւ Սըղըրթ բարձունքի մոտ (Սյունիքի մարզ): Շատ չանցած սրանց ավելացան նոր հենակետեր, մասնավորապես, Սյունիքում ու Տավուշում:

Միջպետական պայմանագիրը խախտվել է. ռուս սահմանապահները ՀՀ-ում 6 նոր հենակետ են տեղադրել

Ռուս զինվորականները սահմանամերձ Ոսկեպարում ուղեկալ են տեղադրել. պետական մարմինները չեն արձագանքում

Տավուշի սահմանային եւս 6 գյուղերում ռուս սահմանապահներն ուղեկալ կտեղադրեն

2021-ի հունվարին ԱԱԾ-ն, ի պատասխան «Հետքի» հարցման, թե ինչ իրավական հիմքով են ՌԴ սահմանապահ զորքերը տեղակայվել հայ-ադրբեջանական առաջնագծում, հայտնել էր, որ դա արվել է «2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կենսագործման շրջանակներում՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը եւ սահմանային հենակետերի տեղակայման անհրաժեշտությունը»:

2022 թ. աշնանն էլ նույն հարցով դիմել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մեր հարցին պատասխանել էր ԱԳՆ-ն: «Որոշ հատվածներում ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ստորաբաժանումների ծառայողների ներկայությունը պայմանավորված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համատեղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ, որոնց նպատակը հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանի մոնիտորինգի եւ հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է»,- «Հետքին» փոխանցել էր ԱԳՆ-ն՝ այդպես էլ չպարզաբանելով, թե որն է ռուսական կողմի՝ հայ-ադրբեջանական առաջնագծում ծառայություն իրականացնելու իրավական հիմքը: Միջպետական պայմանագիրը հստակ նշում է, որ ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի խնդիրը Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանությունն է:

Փաստորեն, 44-օրյա պատերազմից 2 ամիս անց ԱԱԾ-ն հայտարարում էր, որ ՌԴ սահմանապահները տեղակայվել են հայ-ադրբեջանական շփման գծում՝ «հաշվի առնելով խնդրի հրատապությունը եւ սահմանային հենակետերի տեղակայման անհրաժեշտությունը»:

2020 թ. նոյեմբերից անցել է ուղիղ 3 տարի, սակայն մինչ օրս Կառավարությունը, այդ թվում՝ ԱԱԾ-ն, չեն նախաձեռնել որեւէ փոփոխություն կամ լրացում 1992 թ. հայ-ռուսական միջպետական պայմանագրում, փոխարենը ՌԴ սահմանապահները շարունակում են ծառայությունը ՀՀ այնպիսի վայրերում, որոնք սահմանված չեն պայմանագրով, իսկ նման գործառույթը հակասում է այդ պայմանագրին:

Հաշվի առնելով սա՝ ԱԱԾ-ին հարցրել էինք, թե ինչու պայմանագրում 2020 թ. նոյեմբերից հետո այս 3 տարիների ընթացքում նման փոփոխություն/լրացում չի նախաձեռնվել:

ԱԱԾ-ն, ըստ էության, չի ունեցել տրամաբանական պատասխան, ինչի համար էլ հայտնել է, թե մեր հարցադրումների վերաբերյալ թույլատրելիի սահմաններում տեղեկությունն իր կողմից մեզ տրամադրվել է 2021-ի հունվարին:

Ծառայությանը խնդրել էինք նաեւ հայտնել, թե 44-օրյա պատերազմից հետո ՌԴ ԱԴԾ-ն քանի սահմանապահ հենակետ է տեղադրել հայ-ադրբեջանական առաջնագծում, եւ որ բնակավայրերի մոտ են դրանք գտնվում: Այս հարցին եւս ԱԱԾ-ն չի պատասխանել:

 

Առաջին լուսանկարում՝ ՌԴ սահմանապահների հենակետը՝ Կապանի օդանավակայանի եւ հայ-ադրբեջանական շփման գծի հարեւանությամբ (15.06.2021, հեղ.՝ Հակոբ Պողոսյան)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930