Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանը, ինչպես տեղեկացրել ենք, որոշեց կալանքից ազատ արձակել զոհված հերոս Լևոն Գալստյանի հորը` Արմեն Գալստյանին:
Հիշեցնենք, որ Եռաբլուրում Արմեն Գալստյանը հարվածել էր ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին եւ այսօր այդ գործով առաջին դատական նիստն էր:
Դատախազն ասաց, որ նախաքննական ընթացքում առաջին ատյանի դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը այն հիմքով, թե Գալստյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Բացի այդ, հիմքում դրվել է այն, որ Գալստյանը, լինելով ազատության մեջ, կարող է նոր հանցանք կատարել:
Կարդացեք նաև
Դատախազն ասաց. «Դատարանը գտել է, որ մեծ է հավանականութունը, որ Արմեն Գալստյանը, լինելով ազատության մեջ, այնպիսի քաղաքական հայացքներով անձանց, որն ինքը չի կրում կամ այլ կուսակցական պատկանելության մարդկանց հանդիպելիս կկատարի համաբնույթ հանցանք: Դրանով պայմանավորված՝ մեղադրող կողմը գտնում է, որ դեռեւս այդ հիմքը վերանալու կամ դրա հավանականությունը նվազելու որեւէ հանգամանք այս պահին չկա»:
Նա ասաց, որ անջատված մասով նախաքննություն է ընթանում ու հավանականություն է առկա, որ Արմեն Գալստյանը, ազատության մեջ լինելով, կազդի նրանց վրա:
Դատախազն առաջարկեց խափանման միջոցը թողնել անփոփոխ: Դահլիճում ներկա զոհվածների ծնողները չդիմացան, ու տեղից սկսեցին արձագանքել՝ ամոթանք տալով: Դատավորը հորդորեց չխանգարել: Դահլիճում նստած զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ոտքի կանգնեց ու հորդորեց ըմբռնումով մոտենալ իրենց հոգեվիճակին. «Իմանալով, այս մարդուն ճանաչելով, թե ինչի միջով է անցել՝ այսպե՞ս անել: Չեմ կարողանում ուղղակի ես զսպեմ, հարգելի դատարան, ես ուղղակի մի քիչ էմոցիոնալ մարդ եմ, մի քիչ ինքնատիրապետումը կորցնում եմ»:
Դատավորն ասաց. «Արդարադատությունը առաջինը սկսում է ընթացակարգից: Ընթացակարգին մի՛ միջամտեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ