«Այո, ցավում եմ, որ ունենք այսքան քաղբանտարկյալներ, Աստված տա, օր առաջ մարդիկ ազատության մեջ գտնվեն, բայց, դրա հետ մեկտեղ, մարդիկ մեզ ասում էին՝ թույլ չենք տալու Արցախում էթնիկ զտումներ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խոսքը կամ ԵՄ-ի: Եղավ: Ի՞նչ տեսանք: Հայտարարությո՞ւն: Նույն կերպ էլ ասել են՝ խնդրում ենք, ազատեք Արմեն Աշոտյանին: Չեն ազատում: Բայց, քանի որ տեսնում են, իրենց պատկերացմամբ, ՌԴ դիրքերը թուլացնող իբրեւ դիրքորոշում, լռում են, ասում են՝ հայտարարություն է, արել ենք, անցել է, իսկ հիմա, պետք է վեր կենանք, ծափ տանք, որովհետեւ՝ ա՜յ, այստեղ կարծես ինչ-որ մի բան ասվեց, որը ՌԴ-ին կպավ: Նույն մարդիկ են, պարզապես, շահերի համակարգը եւ առաջնահերթություններն այսօրվա դրությամբ, ստեղծել են այս իրականությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն արձագանքելով դիտարկմանը, որ Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, արդեն երկրորդ անգամ անդրադառնում է Հայաստանում քաղբանտարկյալների գոյության հարցին, միեւնույն ժամանակ, եվրոպական այլ կառույցներում ՀՀ իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը դրվատանքի, ծափերի են արժանանում, որակվում են ժողովրդավարության մարտիկներ:
Ի դեպ, Հայաստանում քաղբանտարկյալների, այդ թվում՝ նաեւ կին, առկայությունը, անչափահասի կալանավորումը, քաղաքական կուսակցության ղեկավարի դեմ հարուցված, մեղմ ասած, ծիծաղելի քրեական հետապնդումը եւ մարդու իրավունքների մի շարք խախտումները, այդ թվում նաեւ արցախցիների բռնի տեղահանությունը, բավական հանդուրժողաբար է ընդունվում նաեւ հենց մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարելու նպատակով ստեղծված հասարակական կառույցների կողմից: Մինչդեռ, ոչ վաղ անցյալում են այն ժամանակները, երբ իրավապաշտպանները անգամ մեկ ծառի կամ թփի կյանքի իրավունքի խախտման համար փողոցներ էին փակում, մեծածավալ բողոքի ակցիաներ իրականացնում:
Նշված փաստերը, Թեւան Պողոսյանը լավագույն ապացույցն է համարում նրա, որ միջազգային հարաբերություններում միայն աշխատում է շահերի համակարգը, որտեղ կան առաջնահերթություններ:
Հիշեցնենք, օրերս Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան ընդունել էր «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ Եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» վերտառությամբ հրատապ բանաձևը, որում, անդրադարձ կա տարածաշրջանի երկրներում քաղաքական նպատակներով հետապնդումների ենթարկվող անձանց: Հայաստանի մասով, մասնավորապես, նշվում է. «Մեզ մեծապես անհանգստացնում է բավարար ապացույցների բացակայության պայմաններում Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելը։ Ավելի քան երկու ամիս պարոն Աշոտյանը զրկված է եղել իր ընտանիքի հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Բացի այդ, դատարանը մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը՝ Արմեն Աշոտյանին գրավով, տնային կալանքով, և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) անվանի անդամների երաշխավորությամբ ազատ արձակելու մասին»:
Կարդացեք նաև
Նույն բանաձևում Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «ազատ արձակել Արմեն Աշոտյանին, երաշխավորել արդարացի ու թափանցիկ դատաքննություն, և դադարեցնել իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները»։
Սա ԵԺԿ-ի երկրորդ հայտարարությունն է՝ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, նրանց, ու, մասնավորապես Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անհապաղ ազատ արձակելու կոչով:
«Երբ ԵՄ շահը տարածաշրջանում վերաբերվում էր նրան, որ իր ազդեցությունը մեծացնի, բնականաբար ամեն ինչ բերում էր նրան, որ ԵՄ ծրագրերը, կամ ներազդման փափուկ ուժի կիրառումը ուղղորդվում էր նկատելուն, պատժելուն՝ լինի ծառ կամ այլ բան. իշխանության հանդեպ տրվում էր ընդհանուր գաղափար՝ օգտագործեք ճնշումները, որպեսզի թուլացնենք իշխանություններին եւ ստիպենք, որ մեր շահերը գնան առաջ: Երբ եկավ աշխարհաքաղաքական շահերի դաշտը, առաջ եկան նոր առաջնահերթություններ. այսօրվա դրությամբ, դա ՌԴ-ին տարածաշրջանից հանելն է: Դրա համար, ցանկացած ուժի ներկայացուցիչ, որն իրենց պատկերացմամբ, ունենալու է հակառուսական մոտեցում Հայաստանում, նրանց ծափահարելու են: Չէ՞ որ ԵԽ-ում մեծամասնությունը ԵԺԿ-ինն է. հիմա, երբ ԵԽ-ում ներկայացուցիչ է ելույթ ունենում եւ ծափահարում են, դա նշանակում է, որ քաղաքական առաջնահերթության խնդիրն այս է՝ ինչ լավ է, հակառուսական բաներ եք ասում: Հակառակ պարագայում, եթե ունենային արժեքային համակարգ, մենք այդ ծափահարությունները չէինք տեսնի կամ շատ քիչ կտեսնեինք՝ հաշվի առնելով հենց Հայաստանում քաղբանտարկյալների մասին ԵԺԿ որոշումները»,- ասաց Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ շահերի առաջնորդության առումով, այո, միջազգային հարաբերությունները երկերեսային են եւ շատ մանիպուլատիվ:
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԵԺԿ-ն իր հայտարարությունից անդին գործողություն չի կատարում, ՀՀ իշխանությանը չի ասվում, որ ժողովրդավար չեք, գնացեք ձեր քաղբանտարկյալներով զբաղվեք, այլապես պատժամիջոցներ կկիրառենք: Ավելին, ծափահարում են, քանի որ հակառուսական ելույթներ են հնչում ու դրան զուգահեռ խոսվում է ԵՄ քաղաքացիական դիտորդների թիվն ավելացնելու, Հայաստանին լրացուցիչ գումարներ տրամադրելու մասին, ինչ-որ «կանաչ լույսեր» Հայաստանի առջեւ վառելու մասին:
Թեւան Պողոսյանը հիշեցնում է, որ եվրոպական տարբեր ինստիտուտների համար շատ արժեքավոր էր նաեւ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքը, որը ամենուր ներառվում էր, մեջբերում էին նրա զեկույցները, իսկ հիմա, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման դեմ լուռ են, նրա ղեկավարած կազմակերպությունն այլեւս ներառված չէ դրամաշնորհային ծրագրերում, քանի որ՝ «Ղարաբաղը տանք՝ պրծնեք, էդ հարցը լուծենք, դրանից մենք օգուտ կքաղենք, ՌԴ-ին կասենք վատ միջնորդ ու տարածաշրջանից կհանենք, մեզ ձեռնտու է. դե ի՞նչ անենք, որ Ավետիք Իշխանյանը ժամանակին մեր ցիտման աղբյուրն էր: Հիմա այդ պատվերը չկա: Բոլոր այն կազմակերպություններին, որոնց ժամանակին ասում էին՝ ի՞նչ լավ է, այսպես գրեք՝ ծառը, ճյուղը, տերեւը, խոտը ո՞նց են տրորվել, հիմա, հակառակն ասում են՝ հանկարծ այսպիսի բաներ չգրեք, լռեք, որովհետեւ մենք աշխարհաքաղաքական գլոբալ հարց ենք լուծում»:
Ի դեպ, հանուն արդարության, մեր զրուցակիցը նաեւ ընդգծում է, որքան էլ ժամանակին Հայաստանի իշխանությունների դեմ ճնշումների փաթեթ էր օգտագործվում, ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումնը միշտ տասնապատիկ բարձր էր, քան Ադրբեջանինը, բայց Ադրբեջանի նկատմամբ այն ժամանակ էլ պատժամիջոցներ չէին կիրառվում, քանի որ այդ երկիրը իրեն մատուցում էր ոչ ՀԱՊԿ անդամ, ՌԴ-ի հետ դաշնակցային պայմանագրեր չունեցող: Նա համեմատության մեջ է դնում Ադրբեջանը, Բելառուսի հետ, որն այսօր առավել քիչ պատճառներ ունի ճնշումների եւ պատժամիջոցների, քան Ադրբեջանը, բայց պատժամիջոցներ են կիրառվում հենց Բելառուսի նկատմամբ ու սա միջազգային քաղաքականության ցուցադրության լավագույն օրինակն է համարում: Ըստ նրա, հիմա Հայաստանը հայտնվել է մի խաչմերուկում, որտեղ առճակատվում են ՌԴ-ի եւ Արևմուտքի շահերը ու այդ հարթությունում արժեքային համակարգ, ստանդարտներ եւ համանման այլ բաները, ինչով ժամանակին մեզ «կերակրում» էին, իբրեւ եվրոպական առաջնորդություններ, վերածվել են՝ իրենց տեղը զիջելով աշխարհաքաղաքական շահերին, ինչին ամեն ինչ ստորադասվում է:
Իսկ ինչ վերաբերվում է հայաստանյան հասարակական կառույցներին ու նրանց դիրքորոշումներին, Թեւան Պողոսյանը նկատում է՝ ժամանակին պետք էր լսել եւ նախաձեռնել «սեփական քաղհասարակությունը», քանի որ քաղհասարակության զարգացումը պետք է լինի պետության պարտավորությունը. «Իր քաղհասարակության ինստիտուտների համար հիմնական դոնոր պետք է դառնար Հայաստանի հանրապետությունը: Այդ ժամանակ կլիներ հայկական երաժշտություն: Եթե դա չի եղել, այլոք են զբաղեցրել այդ դաշտը»: Այժմ, հիմնականում, արեւմտյան դաշտն է հաջողել այդ հարթությունում, բայց որ կողմն էլ որ լիներ, իր շահն էր առաջ մղելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ