Չերնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունը,, որի կիսաեզրափակչում Հայաստանն ունի վեց մասնակից՝ 2 աղջիկ եւ 4 տղա։
Ցերեկային մրցահերթում այսօր առաջինը գրեթե միաժամանակ ռինգ մտան մեր աղջիկները՝ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը եւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը։ Էլիդան Ջոզեֆին Բետիստի հետ մենամարտում իրեն զգում էր որպես ռինգի իսկական տեր։ Նրա առավելությունը մրցակցի նկատմամբ առավել քան շոշափելի էր հատկապես երկրորդ ռաունդում, երբ մրցավարը իրար հետեւից երկու անգամ նոկդաուն գրանցեց Բետիստին։ Ի վերջո, մեր մարզուհին անվիճելի հաղթանակ տարավ ու եզրափակչում վիճարկելու է այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Սոնա Հարությունյանը, թերեւս, նախորդ օրը բավականին շատ էներգիա էր վատնել։ Նա այսօր չկարողացավ դրսեւորել իրական ունակությունները եւ Բուդվայից տուն կվերադառնա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալով։
Կարդացեք նաև
Երեկոյան մրցահերթում ռինգը կտրամադրվի տղաներին։ Հայաստանից հանդես կգան 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ՝ Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ՝ Էրիկ Իսրայելյանը եւ 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ