Լրահոս
Օրվա լրահոսը

Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց հաշվետվություն ներկայացնել․ ՀՀ-ի դիմումը բավարարվեց

Նոյեմբեր 17,2023 19:50

Քիչ առաջ Հաագայի դատարանը բավարարեց ՀՀ-ի դիմումը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։

Դատարանը որոշեց միջանկյալ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին ներկայացնել հաշվետվություն։ Դատարանի նախագահն ընթերցեց վճռի հատվածը, որում մասնավորապես նշված է․ «Նույնիսկ հաշվի առնելով Ադրբեջանի ներկայացուցչի՝ հոկտեմբերի 12-ին ստանձնած պարտավորությունները, կարծում է, որ անշրջելի վնաս կարող է պատճառվել հայերի իրավունքներին և առկա է հրատապություն, քանի որ կա իրական ռիսկ պատճառելու անշրջելի վնասներ այդ իրավունքներին՝ նախքան դատարանի վերջնական որոշումը։ Դատարանը եզրակացնում է, որ ժամանակավոր միջոց կիրառելու պայմանները բավարարված են։ Դատարանը հիշատակում է, որ Սահմանադրության համաձայն՝ իրավունք ունի կիրառել միջոցներ, որոնք պահանջվել են միջնորդության մեջ։ Սույն գործով հաշվի առնելով միջանկյալ միջոցների պայմանները, որոնք պահանջվել են ՀՀ-ի կողմից և գործի հանգամանքները, դատարանը վճռում է, որ կիրառվող միջանկյալ միջոցները չեն կարող լինել նույնը, ինչ հայցվել են։ Դատարանը եզրակացնում է, որ որոշման մեջ նկարագրված իրավիճակի առումով, նախքան գործով վերջնական որոշման կայացումը, Ադրբեջանը պարտավոր է ռասսայական կոնվենցիայի համաձայն՝ ապահովել, որ ԼՂ-ից սեպտեմբերի 19-ից հետո հեռացած անձինք, որոնք ցանկանում են ԼՂ վերադառնալ, կարողանան դա անել արագ, անվտանգ և առանց խոչընդոտի։ Ապահովել ԼՂ-ում մնացած անձանց պարագայում, ցանկության դեպքում, կարողանալ հեռանալ անվտանգ և առանց խոչընդոտի։ Ապահովել այն անձանց դեպքում, որոնք ԼՂ-ում են մնացել սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են այնտեղ մնալ, ազատ լինեն դա անել առանց ուժի գործադրման և ահաբեկման»։

Դատարանը նաև Ադրբեջանին պարտավորեցնում է պահպանել և չոչնչացնել գրանցման, անձի ինքնության հաստատման կամ մասնավոր սեփականության և գույքի փաստաթղթերը, որոնք կան Ղարաբաղում։ Դատարանն անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանն իր վարչական ու օրենսդրական պրակտիկայում հարգանք տածի այդ փաստաթղթերի նկատմամբ, որոնք վերաբերում են սեպտեմբերի 19-ից հետո հեռացած անձանց։

Որոշման եզրափակիչ հատվածում նշված է․ «Հաշվի առնելով կիրառված միջանկյալ միջոցի առանձնահատկությունը և Ադրբեջանի ներկայացուցչի ստանձնած պարտավորությունը հոկտեմբերի 12-ի նիստի ընթացքում, դատարանը համարում է՝ Ադրբեջանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որով կապահովի ներկայացված միջանկյալ միջոցների կիրառությունը և իր ստանձնած պարտավորությունների կատարումը՝ այս որոշումից հետո ութ շաբաթվա ընթացքում։ Այդ հաշվետվությունը կուղարկվի ՀՀ-ին, որին հնարավորություն կտրվի իր մեկնաբանությունները ներկայացնել։ Դատարանը վերահաստատում և ուժի մեջ է թողնում 2021-ի դեկտեմբերի և 2022-ի փետրվարի իր կայացրած որոշումները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930