2007-ին Ստամբուլում սպանված «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքն անդրադարձել է նոյեմբերի 16-ին իր ամուսնուն սպանած հանցագործի ազատ արձակման որոշմանը, հայտնում է Ermenihaber–ը:
Նա թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել թուրքական ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (HEDEP) Վանի պատգամավոր Փերվին Բուլդանի հետ:
Նախ Բուլդանը հայտնել է, որ նրանք կիսում են Ռաքելի վիշտը, որից հետո էլ Դինքի կինն ասել էր. «Դու էլ ես նույն ցավերն ապրել: Այդ իսկ պատճառով մենք մեկս մյուսին կհասկանանք: Ես ամենից շատ տխրում եմ, որ նրանք մի գառ էլ մորթեցին (անմեղ մարդու-խմբ.): Ես ոչ մի կասկած չունեմ նրանում, որ դուք իմ կողքին եք, ես դա զգում եմ»:
Հեռախոսազրույցի հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև «HEDEP» կուսակցության մամուլի ծառայությունը, որտեղ նշվել է, որ կուսակցությունը մշտապես լինելով Դինքի ընտանիքի կողքին՝ կիսում է նրանց ցավը, ինչպես նաև որոշումը համարում անընդունելի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 16 տարի ազատազրկումից հետո ազատ է արձակվել՝ բանտում ցուցաբերած «լավ վարքագծի» համար:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) նորընտիր նախագահ Օզգյուր Օզելը նույնպես անդրադարձել է նոյեմբերի 16-ին, Թուրքիայում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպանի ազատ արձակմանը:
Թուրքական «Halk TV»-ի եթերում Օզելը նշելով, որ ցավում է տեղի ունեցածի համար, Օգյունին անվանել է «ձգանը քաշող» և «աղավնու մարդասպան», իսկ Դինքին «աղավնի»:
«Հրանտ Դինքին սպանողը Օգյուն Սամասթն է, բայց միայն այն անձը, ով ձգանն է քաշել: Ձգանը քաշել տվողները մեզ ասում են՝ «մենք այստեղ ենք, նույնիսկ մեր մարդասպանին ենք պաշտպանում»: Օգյուն Սամասթը աղավնու մարդասպան է: Դինքն ասում էր, որ այս երկիրը աղավնիներին չի խփի, բայց խփեց»,-ասել է նա:
Բացի այդ, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը դիմել է թուրք ժողովրդին.
«Ոչ ոք թո՛ղ չվախենա, երբ մենք ասում էինք, որ բոլորս Հրանտ ենք, իզուր չէինք ասում: Մենք սպանությամբ չենք վերջանա (իրենց որքան էլ սպանեն, նրանք կշարունակեն գոյություն ունենալ-խմբ.): Այսուհետ թո՛ղ այդ խորքային կառույցը իմանա, որ մենք նրանց ծոծրակին ենք: Այսուհետ ոչ թե իրենք մեզնով, այլ մենք ենք նրանցով զբաղվելու: Եթե օրը գա ու ես այս պետության մեջ աղավնիներին սպանողներին և այդ մարդասպանի մեջքը շոյողին ու ազատ արձակողին հանգիստ չտամ, ուրեմն պատվազուրկ եմ»: