ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր
(սեպտեմբերի 15-նոյեմբերի 15)
Վերջին երկու ամիսների ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները պայմանավորված են եղել Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի, իրագործված ցեղասպան գործողությունների ու հայրենազրկման արդյունքում ստեղծված ծանր իրավիճակով։ Հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ են կատարվել ինչպես Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների ճանապարհով, այնպես էլ օգտագործելով ՀՅԴ Բյուրոյի արտաքին հարաբերությունների շրջանակը՝ հիմնականում սոցիալիստական կուսակցությունների միջազգային կազմակերպություններում և տարբեր երկրների սոցիալիստական կուսակցություններում։ Վերջին շրջանում Հայ դատի աշխատանքների մեջ մեծացել է Վաշինգտոնում գործող «Հայ իրավական կենտրոնի» աշխատանքների մակարդակը։ Նախորդ երկու ամիսների աշխատանքի հիմնական արդյունքները ամփոփ կերպով ներկայացնում ենք ստորև։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
Արցախի և Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Հայ դատի հանձնախմբերի մարտավարական առաջնահերթությունների վերանայման և ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով հոկտեմբերի 14-15-ը Վաշինգտոնում անցկացվել է Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հանձնախմբերի խորհրդաժողով։ Խորհրդաժողովը հյուրընկալել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է Հայ դատի քաղաքական առաջնահերթությունների մարտավարական վերանայմանը և գործունեության հիմնական ուղղությունների վերահստակեցմանն ուղղված օրակարգային հարցերի լայն շրջանակ։
Կարդացեք նաև
Խորհրդաժողովը մեծ կարևորությամբ շեշտել է Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված ազգային ճգնաժամին դիմակայելու հրամայականը։ Քննարկվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար արժանապատիվ կեցության և կենցաղի պայմանների ստեղծմանը միջազգայնորեն օժանդակելու հակաճգնաժամային խնդիրները։ Ապա քննարկվել են նաև Արցախի Հանրապետության պետականության հիմնական սյուների պահպանության և հետագա աշխատանքների վերաբերյալ հարցերը։
Նոյեմբերի 10-11-ը, Իսպանիայի սոցիալիստ աշխատավորների կուսակցության հյուրընկալմամբ, Մալագայում գումարվել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (Party of European Socialists-PES) կոնգրեսը։ Կոնգրեսը այդ խոշոր միջկուսակցական կազմակերպության գլխավոր ժողովն է, որը ճշտում է կազմակերպության քաղաքական առաջնահերթությունները, գործունեության ուղենիշները, ընտրում նոր ղեկավարություն։
Հանդիպումների ընթացքում ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները, հաշվի առնելով Արցախյան հիմնախնդրի ներկա հանգրվանում ստեղծված իրավիճակը, կարևորել են արցախահայության իրավունքների լիակատար պաշտպանության, միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ նրանց վերադարձի իրավունքի ապահովման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության, հակամարտության համապարփակ և արդար կարգավորման անհրաժեշտության, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման ու ադրբեջանական հետագա ռազմական սադրանքների կանխման, ինչպես նաև իրագործված ցեղասպան գործողությունների, մարդկության հանդեպ հանցագործությունների ու էթնիկ զտման համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման ու նրանց միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու քաղաքական առաջնահերթությունները։
Հայ դատի Ամերիկայի գրասենյակ
Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համայնքային ներգրավմամբ և բավական կոշտ հռետորաբանությամբ, ամերիկյան կողմից պահանջեց գործնական միջոցառումներ ձեռնարկել Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությանը վերջ տալու, Արցախի հայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու, այդ պետության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և այլ ուղղություններով։ ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպվել են տեղեկատվական բնույթի ձեռնարկներ, Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի ներկայացումներ և այլն։ Ձեռնարկված աշխատանքներում ներգրավվել են նաև Ամերիկայում բնակվող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպություններ, որոնց մասնակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի առջև երկու անգամ կազմակերպվել են ցույցեր, որոնց նաև մասնակցել են բազմաթիվ կոնգրեսականներ։
Անցնող շրջանում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթությունը 1992թ․ ընդունված և 2002թ․, ամեն տարի կասեցվող՝ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջների վերականգնումն էր, որի պարագայում Ադրբեջանը չէր կարող ամերիկյան ռազմական օժանդակություն ստանալ։ 907-րդ բանաձևի վերականգնման ուղղությամբ Կոնգրեսի քննարկմանը բանաձևեր և օրինագծեր են ներկայացրել Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն, Նենսի Փելոսին, Ադամ Շիֆը, Սենատում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Գարի Փիթերսը։ Վերջինիս ներկայացրած օրինագիծը, որը կրում էր «Հայկական պաշտպանության ակտ», անվանումը Սենատի կողմից ընդունվել է նոյեմբերի 17-ին։ Այդ իրադարձությանը մեկ օր առաջ նախորդել էր, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունն առ այն, որ ամերիկյան կողմը չի պատրաստվում ներկա ժամանակահատվածում չեղարկել 907-րդ բանաձևի պահանջների կատարումը։
907-րդ բանաձևի պահանջների վերականգնումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն է, ինչի շուրջ իրականացվել է տասնամյակների աշխատանք, որոնցում նաև ներգրավվել են ԱՄՆ-ում ապրող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների տարբեր կոալիցիաների։ 907-րդ բանաձևը, ներկա փուլում չչեղարկելու վերաբերյալ պետդեպարտամենտի, պաշտոնական այս փոխանցումը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նկատել է․ «Զինելով, քաջալերելով և ակտիվորեն աջակցելով Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությանն ու տեղի բնիկ հայության էթնիկ զտումներին՝ նախագահ Բայդենը պետք է անի շատ ավելին, քան ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման վերաբերյալ ազդարարումն է։ Եթե նախագահ Բայդենն իրականում լուրջ է տրամադրված, ապա նա կարող է առաջնորդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև, որը կսահմանի միջազգային մանդատ՝ ապահովելով դեպի Արցախ հայերի անվտանգ և կայուն վերադարձը»:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքների Արցախի ժողովրդի համալիր իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ այդ թվում ի թիվս այլնի շեշտադրելով անվտանգ ու ապահով վերադարձի և սեփական հողում արժանապատիվ կյանքի իրավունքն ու Արցախի գերեվարված առաջնորդների անհապաղ ազատ արձակումը։
Հայկական իրավական կենտրոն
Հայ դատի համակարգում գործող՝ «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (Armenian Legal Center-ALC) տևական ժամանակահատված ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացում: Համապատասխան UPR-ի ընթացակարգերին՝ ALC-ն մանրակրկիտ պատրաստել է «այլ շահագրգիռ կողմերի զեկույց»՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայերի, Արցախի և Հայաստանի նկատմամբ իրականացված մարդու իրավունքների խախտումների համապարփակ ամփոփումը՝ կոնկրետ առաջարկություններով: Այս զեկույցը ներկայացվել է UPR-ի քարտուղարություն՝ նպաստելով Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի պատշաճ գնահատմանը:
Վերջին 18 ամիսների ընթացքում ALC-ն համապատասխան զեկույցներ և իրավական վերլուծություններ է ներկայացրել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների տարբեր դաշնագրերի մարմիններին, անկախ փորձագետներին, հատուկ զեկուցողներին և աշխատանքային խմբերին: ALC-ն նաև համագործակցել է միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, որոնք կենտրոնացած են մարդու իրավունքների վրա՝ նրանց տրամադրելով զեկույցներ և տվյալներ՝ ընդգծելու խախտումների լրջությունը և Ադրբեջանին, իր գործողությունների համար, պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: ALC-ի կողմից պատրաստված նյութերի ազդեցությունն ակնհայտ է ՄԱԿ-ի «Շահագրգիռ կողմերի տեղեկատվական զեկույցում», որտեղ տեղ են գտել ALC-ի պատկերացումները:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում հյուրընկալել էր «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառումը (side event), որը կազմակերպվել էր Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ:
Միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների, պետական պատվիրակությունների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրավունքների այն խախտումներին և ցեղասպան գործողություններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրականացվել են Ադրբեջանի կողմից՝ Արցախի, Հայաստանի և առհասարակ հայության դեմ՝ հանգեցրելով Արցախի ավելի քան 100․000 բնիկ հայ բնակչության տեղահանման, հումանիտար ճգնաժամի և Արցախի Հանրապետության ղեկավարության կալանավորման։ Քննարկման նպատակն էր բացահայտել Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունների համար պատասխանատվության ենթարկման հնարավոր ուղիները:
Միջոցառման ընթացքում, ոլորտային բազմափորձ բանախոսները մանրամասն ներկայացրել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ տրամադրելով անհրաժեշտ փաստական տեղեկատվություն։
Եվրոպա
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության շրջանակներում Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մեծ Բրիտանիայի հայ համայնքների ղեկավարները սեպտեմբերի 15-ին առցանց հանդիպում են անցկացրել՝ քննարկելու նախաձեռնության առաջիկա անելիքները։
Մասնակիցները վերահաստատել են արցախահայությանն ու վերջինիս ինքնորոշման հիմնարար իրավունքին իրենց հաստատուն աջակցությունը, որպես գոյաբանական անհրաժեշտություն՝ Ադրբեջանի էթնիկ զտումների շարունակական քաղաքականության պայմաններում։ Շեշտվել է` ինքնորոշման իրավունքն արցախահայության պարագայում հավասարազոր է սեփական հայրենիքում կյանքի, անվտանգության և արժանապատվության անքակտելի իրավունքին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի քանի հիմնական ծրագրեր։ Գլխավոր թեման հոկտեմբերի 1-ին Բրյուսելում կայանալիք համաեվրոպական բողոքի ցույցն է, որի նպատակն է Եվրոպայում բարձրացնել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ կիրառվող ապօրինի ամբողջական շրջափակման վերաբերյալ իրազեկությունը և Եվրոպական միության, ինչպես նաև անդամ պետությունների գործադիր մարմիններից պահանջել արդյունավետ քայլեր ձեռնարկել այդ աղետին վերջ տալու համար:
Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ծավալուն բաց նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ մասնավորապես նշելով «․․․Միջազգային իրավունքի սկզբունքները չեն ստեղծվել, որպեսզի օգտագործվեն որպես գործիք՝ նպաստելու էթնիկ զտումներին կամ բնակչության դեմ վայրագություններ իրականացնելուն:
Այնուամենայնիվ, Ադրբեջանը չարաշահում է տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես պատրվակ, էթնիկ զտումներ իրականացնելու և բնիկ հայ բնակչությանը սեփական հայրենիքից վերացնելու համար։ Մարդու իրավունքների և կյանքի գնով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին և հայերի նկատմամբ դաժան ճնշման քաղաքականությանը․․․»։
Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ընդունված բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները և Ադրբեջանի կառավարության դեմ պատժամիջոցների կիրառման կոչ արել։ Բանաձեւում ընդգծվել է նաև միջազգային երաշխիքների պահանջը հայերի` Արցախ վերադառնալու իրավունքի իրացման համր։ Ավելին, Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել «Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը»։
Եվրախորհրդարանի բանաձևը, որն ընդունվել է 491 կողմ, 9 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ներկայացվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի վերսկսած հարձակումներից և բռնի ուժով Արցախի բնակչությանն իր հայրենիքից տեղահանելու արդյունքում:
Եվրախորհրդարանի լիագումար նիստը նաև դատապարտել է Ադրբեջանի ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները, կոչ արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին, իր գործողությունների համար, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Բանաձևը կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերն Արցախից և միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել տարածաշրջանում, ինչպես նաև պահանջում է պաշտպանել հայ ժողովրդի ունեցվածքը, ովքեր բռնի ուժով տեղահանվել են: Պահանջվում է Ադրբեջանից ազատ արձակել և լայն համաներում հայտարարել Արցախի բոլոր բնակիչների համար, ովքեր ձերբակալվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր՝ ներառյալ Արցախի նախկին պաշտոնյաները, և առհասարակ բոլոր նրանց հանդեպ ովքեր ձերբակալվել են մինչև այդ թվականը:
Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի հրավերով, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ու «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության համագործակցության արդյունքում նոյեմբերի 7-ին Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «Արցախահայության իրավունքները և Եվրոպական միությունը» խորագրով խորհրդաժողով։
Իբրև բանախոսներ, խորհրդաժողովին հրավիրված են եղել միջազգային ճանաչում վայելող նշանավոր անձինք։ Մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և իրավական հարցերով տնօրեն Վիկտորիա Մասիմինոն և միջազգային իրավունքի հայազգի մասնագետ Գառնիկ Քերքոնյանը։ Խորհրդաժողովի ընթացքում նրանք անդրադարձել են Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումներին և Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքներին: Խորհրդաժողովի նպատակն էր քննարկել ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները, 2020թ․ պատերազմից հետո Արցախում տեղի ունեցած իրադարձությունները միջազգային իրավունքի, առհասարակ մարդու իրավունքների տեսանկյունից, ինչպես նաև անդրադառնալ միջազգային հանրության, հատկապես հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված ուժերի քաղաքական վարքին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵՄ քաղաքական դերին։
Խորհրդաժողովի անցկացումից ժամեր առաջ, Բրյուսելի մամուլի ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ խորհրդաժողովի բանախոսների և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի մասնակցությամբ: Մամուլի ասուլիսին հրավիրված են եվրոպական երկրներում գործող լրատվական միջոցների թղթակիցներ ու անհատ լրագրողներ, ինչպես նաև եվրոպական ուղեղային կենտրոնների (think-thank) ներկայացուցիչներ:
Ավստրալիա
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շուրջ ստեղծված արտաքին-քաղաքական, անվտանգային և հումանիտար խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ավստրալիական Միության միջև հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիներ նախանշելու նպատակով՝ սեպտեմբերի 25-28-ը Հայաստան է այցելել ավստրալացի խորհրդարանականների պատվիրակություն՝ մասնավորապես Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորներ Հուգ ՄըքԴերմոթը, Թիմ Ջեյմսը, Մարկ Քուրը, Մաթ Քրոսը, Սյուզան Չարթերը, Վիկտորիա նահանգի խորհրդարանի պատգամավոր Քիմ Վելսը և Անն-Մարի Հերմանսը։ Պատվիրակության կազմում էին նաեւ ավստրալիացի քաղաքական գործիչներ։ Նրանց ուղեկցել են Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի պատասխանատուները և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Հայաստան-Ավստրալիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ։
Սեպտեմբերի 26-27-ին պատվիրակությունն այցելել է Սյունիք, մասնավորապես Գորիսում ծանոթացել Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցների վիճակին։ Պատվիրակությունը Հայաստանում Արցախի պատկան մարմիններին է փոխանցել հումանիտար օգնություն, որը գոյացել էր Հայ օգնության միության Ավստրալիայի շրջանային միավորի և Ռեյդ քաղաքի ղեկավարի համայնքային նվիրատվության միջոցներով։
Հայաստանից հեռանալուց հետո, ավստրալիացի խորհրդարանականների միջոցով էապես բարձրացվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման մակարդակը Ավստրալիայում, և, կարճ ժամանակ անց, ավստրալիական կառավարությունն առաջին անգամ հանդես է եկել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությամբ։
Անցնող երկու ամիսների ընթացքում շոշափելի աշխատանքներ են կատարել նաև Հայ դատի այլ հանձնախմբերը ևս։ Մասնավորապես, Արցախի շահերի պաշտպանությամբ են հանդես եկել կանադական և անգլիական քաղաքական շրջանակները։ Հայ դատի Կանադայի հանձնախումբը՝ իր Հայաստան կատարած այցի ընթացքում ուղեկցել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիին, իսկ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախաձեռնությամբ և աշխատանքների արդյունքում՝ սեպտեմբերի 23-ին Լոնդոնի Իլինգի շրջանում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար։ Հայ դատի Կանադայի հանձնախումբը։
Հայ դատի Հարավային Ամերիկայի աշխատանքների արդյունքում, մինչև Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան, սեպտեմբերի 16-ին, Արգենտինայում հիմնադրվել է Արցախի հետ բարեկամության բավական ներկայացուցչական խումբ։
Հայ դատի Լիբանանի հանձնախումբը հիմնականում ծանրաբեռնված է եղել Լիբանանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանատներին՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների տրամադրմամբ և նրանց հետ հարաբերական աշխատանքներ կատարելով, իսկ Սիրիայի հանձնախումբը՝ հիմնականում համայնքային և միջհամայնքային բնույթի միջոցառումների անցկացմամբ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ