Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ընտանիքի պատմության միջոցով՝ ռեժիսորին հաջողվել է ցույց տալ հայի հերոսական տեսակը

Նոյեմբեր 17,2023 17:35

Անհերքելի փաստ է, որ միջազգային հարաբերություններում բավականին շիկացած է մթնոլորտը, և աշխարհի շատ երկրներ ներկայումս հայտնվել են ինչպես լուրջ առճակատման, այնպես էլ պատերազմների թոհուբոհի մեջ: Ինչ խոսք, որ Հայաստանի պես փոքր երկրներն էլ կանգնած են գոյաբանական խնդրի առջև: Հատկապես 44-օրյա պատերազմից ու Արցախի կորստից հետո մեր դիրքերն ավելի են թուլացել, քանզի անվտանգային համակարգի հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք: Ու աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների, նոր աշխարհակարգի ձևավորման ծիրում մեր երկրի համար ռազմական ներուժի աճի զուգահեռ անչափ կարևոր է դառնում նաև մշակութային ինքնության պահպանումը, որը սերտորեն կապված է ազգային համոզմունքների, ազգային արժեքների, դարերի խորքից ժառանգած հայի հերոսական կերպարի հետ: Եվ որպեսզի մեր մշակույթը խորը ճգնաժամի առաջ չկանգնի, պետք է ստեղծվեն ազգային ոգով տոգորված ֆիլմեր, գեղարվեստական երկեր, արվեստի հրաշալի գործեր:

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ազգային արժեքների պահպանման ջատագովներից մեկի՝ անվանի ռեժիսոր, սցենարիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Սամվել Թադևոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի «Անմահության հետքերով» ֆիլմի ցուցադրությունը: Ի դեպ, այն ռեժիսորի թվով 62-րդ փաստագրական ֆիլմն էր:

 

Ինչպես նախորդ գործերում, այս ֆիլմում էլ նա ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին, որոնց մի մասը զոհվել էին, մի մասն էլ՝ վիրավորվել: Այս ֆիլմում էլ հերոսական հրաշալի կադրերով պատկերված է Գավառ քաղաքում բնակվող Կարեն Գրիգորյանի և նրա որդիների՝ Անդրանիկի ու Մերուժանի մասնակցությունը պատերազմին, որի ժամանակ Մատաղիսում զոհվեց դասակի հրամանատար, փայլուն հրետանավոր Անդրանիկը, իսկ եղբայրը՝ Մերուժանը, որը կռվում էր «Եղնիկներ»-ում, ծանր վիրավորվեց: Քաջազուն մարտիկների հայրն էլ՝ Կարեն Գրիգորյանը, իր հայրենանվեր պարտքն էր կատարում՝ կռվելով Քարվաճառում: Այսպիսով, մի ընտանիքի պատմության միջոցով ռեժիսորին հաջողվել էր ցույց տալ հայի հերոսական տեսակը, որի բազկի ուժից միշտ էլ սարսափել է թշնամին:

Եվ ակամայից ափսոսանք ես ապրում, որ Անդրանիկի պես նահատակված հազարավոր անվախ, մահն արհամարհող հայորդիներ ունեցանք, բայց և այնպես նրանց արյամբ սրբացած Արցախի հողերը հանձնվեցին թշնամիներին ռազմա-քաղաքական դավադիր խաղերի պատճառով: Բնականաբար, չենք կարող մոռանալ հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի Աղբյուր Սերոբի խոսքերը. «Հիշեք, թուրքը մի մեծագույն զենք ունի՝ դա դավաճան հայն է…»: Մեծագույն ողբերգություն է, որ դարերի ընթացքում հայ մատնիչների թիվն ավելացավ, և օտարների շահերը սպասարկելով ընչաքաղց դավաճանների միջոցով կորցրինք մեր դրախտավայր, հազարամյակների հերոսական շունչն իր մեջ կրող պատմական Արցախը: Ու չցեղասպանվելու համար ստիպված բռնի տեղահանվեցին 105.000 արցախահայեր: Սակայն բազում աղետների միջով անցած հայ մարդը պիտի շարունակի ապրել, արարել, պայքարել, երբեք չմոռանալով, որ հայ ժողովրդի պատմությունը նաև հաղթական էջեր է ունեցել:

«Անմահության հետքերով» ֆիլմի ցուցադրությունից հետո ռեժիսոր Սամվել Թադևոսյանն իր հանդիսատեսներին հուսադրեց վաղվա օրվա հանդեպ ունեցած պայծառ մտքերով. «…Մենք՝ արվեստագետներս, պետք է շարունակաբար ներկայացնենք մեր հաղթանակները: Հավատացած եմ, որ հայ ժողովրդի ոգին անպարտելի է…Իսկ մեր վերջնամարտը դեռ առջևում է…»:

 

Ժաննա Հակոբյան

բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930