ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Պաուլա Կարդոսոյին: «Շատ կարեւոր է այն փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջեւ շփումները բազմակողմ հարթակներում ակտիվացել են: Վերջերս պատիվ ունեցա Դուբլինում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում հանդիպելու իմ գործընկեր Աուգուշտու Սանտուշ Սիլվային, ում հետ մտքեր փոխանակեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ, ինչը տեւական խաղաղության երաշխիք է: Կողմերը քննարկել են ԼՂ-ից տեղահանված հայերի խնդիրներն ու տեղահանմանը նախորդող դեպքերի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարեւորել է Ադրբեջանի դեմ համարժեք պատժամիջոցների իրականացման անհրաժեշտությունը: Բարձրաձայնվել է, որ Ադրբեջանը չի համաձայնում մասնակցել Արեւմտյան գործընկերների միջնորդությամբ բանակցություններին եւ տապալում է խաղաղության շուրջ երկխոսությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ