Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրեասյան. Կամավոր ատեստավորման գործընթացն ուսուցիչների համար կդառնա ավելի գրավիչ և դյուրին

Նոյեմբեր 17,2023 16:30

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ուսուցիչների վարձատրության շարունակական բարձրացումը Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է: Նրա խոսքով՝ ի սկզբանե նպատակ է դրվել գործընթացն այնպես իրականացնել, որ այն հիմնված լինի նաև մասնագիտական զարգացման խթանների վրա:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ այդ նպատակով 2021 թվականին ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգը, որն այս տարի արդեն երրորդ անգամ է անցկացվել: Ընդ որում՝ առաջին տարվա ընթացքում դիմելու հնարավորություն են ունեցել միայն 7-12-րդ դասարանների 7 առարկաներ դասավանդող ուսուցիչները, և ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1372 ուսուցիչ: Երկրորդ տարվա ընթացքում դիմելու հնարավորությունն ընդլայնվել է 5-12-րդ դասարանների բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, և հայտերի թիվը 3883 է եղել: Այս տարի ատեստավորմանը դիմելու հնարավորություն են ունեցել 1-12-րդ դասարանների բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները:

«Այս տարի ստացել էինք 6320 դիմում, ընդ որում՝ ատեստավորման արդյունքում դրույքաչափի բարձրացումը՝ 200 հազար դրամի չափով, որին գումարվում է նաև 30-50% հավելավճար, գործում է 70 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար:  Սա հնարավորություն է տվել առնվազն կրկնապատկելու ոլորտում գործող միջինում 125 հազար դրամ դրույքաչափը: Իհարկե, մենք ունենք մեծ թվով ուսուցիչներ, որոնք ստանում են շատ ավելին, քան կրկնապատիկը: 3 տարիների արդյունքում, ընդհանուր առմամբ,  3549 ուսուցիչներ այս ճանապարհով ունեցել են աշխատավարձի բարձրացում: Այս երեք տարիների փորձին զուգահեռ քննարկել ենք գործընթացի լավարկման և բարելավման աշխատանքները: Օրինակ, հենց այս տարվա սկզբին կամավոր ատեստավորման կարգը ևս մեկ անգամ փոխվել է, ինչի արդյունքում բարելավվել են որոշ ընթացակարգեր: Անընդհատ վերանայվում և լավարկվում են նաև թեստերն ու առաջադրանքները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և նշել՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ ուսուցիչների հետագա մասնակցության խթանման համար երկու հիմնական գործոն կա:

Նախարարի խոսքով՝ դրանցից առաջինն ատեստավորումը չանցնելու դեպքում պարտադիր վերաատեստավորվելուց և բավարար արդյունք չունենալուց հետո աշխատանքից զրկվելու հեռանկարն է, որը շատ ուսուցիչների հետ է պահում ատեստավորմանը մասնակցելուց: Երկրորդ գործոնն այն է, որ 60-69 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները համարվում են ատեստավորված, բայց վարձատրության բարձրացում չեն ունենում:

«Տարբեր երկրների կրթական համակարգերում տարբեր հետազոտություններով ուսուցիչների ամենամեծ խումբը միջին արդյունքներ ցուցաբերողներն են, և եթե մենք ցանկանում ենք կրթության որակի բարելավման հասնել, ապա առաջին հերթին պետք է խթանենք հենց այս ուսուցիչների մասնագիտական զարգացումը: Հետևաբար, կարգում առաջարկվում է երկու հիմնական փոփոխություն, որոնք միտված են հենց այս խմբի ուսուցիչների մասնակցության խթանմանը: Մասնավորապես՝ առաջարկվում է 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար սահմանել դրույքաչափի բարձրացում՝ 200 հազարի չափով, ինչի շնորհիվ 3 տարիների արդյունքներով 1630 ուսուցիչներ ևս կօգտվեն կամավոր ատեստավորման համակարգով վարձատրության բարձրացումից: Այսպիսով, ընդհանուր առմամբ կունենանք շուրջ 5179 ուսուցիչներ, որոնք վարձատրության բարձրացում կունենան: Իհարկե, այստեղ մեկ վերապահում անեմ՝ կարող են կրկնություններ լինել, որովհետև կան ուսուցիչներ, որոնք ատեստավորմանը մասնակցել են մեկից ավելի անգամ, և այս պահին մենք այդ տվյալների վերլուծության փուլում ենք և շուտով կունենանք վերջնական թվեր: Այդուհանդերձ, սա արդեն ավելին է, քան պետական դպրոցների ուսուցիչների շուրջ 18%-ը»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի ներկայացմամբ՝ հաջորդ կարևոր փոփոխությունն այն է, որ առաջարկվում է կրկնակի ատեստավորման արդյունքում բավարար ցուցանիշ չունեցած, բայց մասնագիտական զարգացման աճ գրանցած կամ շեմային արդյունք ցուցաբերած ուսուցիչներին ատեստավորման ևս մեկ հնարավորություն ընձեռել: Ըստ այդմ՝ 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցելու հաջորդ ատեստավորմանը:

«Այս փոփոխությունները կամավոր ատեստավորման գործընթացը կդարձնեն ավելի մասնակցային, ուսուցիչների համար՝ ավելի գրավիչ և դյուրին: Սրանք շատ սպասված փոփոխություններ են: Քայլեր ենք ձեռնարկում նաև գործընթացի թվայնացման ուղղությամբ և հաջորդ տարի նախատեսում ենք գործընթացը կազմակերպել այդպես»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում վերոնշյալ փոփոխությունների իրականացումը:

«Սա նշանակում է՝ այն ուսուցիչները, որոնք արդեն իսկ ցուցաբերել  են 60-69 տոկոս արդյունք, 2023 թվականի հոկտեմբերից կունենան դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար դրամի չափով: Այս և մյուս լավարկումների նպատակը մեր ուսուցիչների համար աշխատավարձի բարձրացման էական հնարավորություն ընձեռելն ու քաջալերելն է՝ ակտիվ մասնակցություն ունենալու համար»,-նշել է ՀՀ վարչապետը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930