Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը գումարի փոշիացում չի համարում պետական աջակցությունը ՏՏ ոլորտի այն ընկերություններին, որոնք գումարը ստանալուց հետո լուծարվել են։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ֆինանսական աջակցությունը տրվել է ընկերություններին գործունեության ընթացքում կրած դժվարությունները մեղմելու համար։
Հիշեցնենք՝ «Հետք»-ը գրել էր, որ կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ՝ 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում են։ Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։
Կարդացեք նաև
Թե ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել ընկերությունները, ինչո՞ւ բոլոր ընկերությունների անունները չեն հրապարակվել, ի պատասխան այս հարցերի՝ նախարարն ասաց՝ չափորոշիչները կարգով սահմանված են, ընկերությունների ցանկն ի սկզբանե հրապարակված է եղել․ «Տեխնիկական խնդիր է եղել, մեր պատասխանի մեջ միգուցե այնպես չենք պատասխանել, որ ամեն ինչ հրապարակված է եղել։ Բայց առաջին օրվանից ամեն ինչ հրապարակված է եղել»։
Նախարարի ներկայացմամբ՝ ընկերությունների կողմից դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել․ «Բնական պրոցես է այնքանով․․․ ընկերության որոշումն է, կարող է ժամանակավորապես դադարեցնել, կարող է նաեւ գնալ լուծարման։ Բայց ժամանակավոր դադարեցված ընկերությունները գումարը ստանալուց հետո համարվում են գործող ընկերություն եւ ժամանակավոր դադարեցումը չի նշանակում, որ ընկերությունը լուծարվելու է կամ լուծարման գործընթացում է։ Բազմաթիվ ընկերություններ կան, որոնք գործունեության բնույթից ելնելով՝ ժամանակավոր դադարեցնում են գործունեությունը, հետո վերսկսում են»։
Նախարարը համամիտ չէ լրագրողների դիտարկմանը, որ նման դեպքում պետական գումարի վատնում կամ փոշիացում է տեղի ունեցել։
«Աջակցություն ստանալը եւ դիմումը տարբեր ժամանակներ են եղել։ Մենք դիմումն ընդունելու ժամանակ ենք նայել՝ համապատասխանո՞ւմ են չափանիշներին, թե՞ ոչ։ Դրանից հետո անցել է երեւի 4-6 ամիս, որ գումարը ստացել են։ Այդ ընթացքում ընկերությունը գնացե՞լ է առողջացման, թե՞ ոչ, մենք այդ ընթացքում հսկողություն չենք իրականացրել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ