Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյան. Արցախցիներն ունեն վերադարձի և ինքնորոշման իրավունք

Նոյեմբեր 17,2023 15:21

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մտորումներ ԼՂ ժողովրդի վերադարձի եւ ինքնորոշման իրավունքի մասին

– 2023-ի մեծ մասի ընթացքում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բռնությունները և զրկանքները ստիպեցին ԼՂ գրեթե բոլոր հայերին էթնիկ զտումների կամ ցեղասպանության սպառնալիքի ներքո բռնի տեղահանվել։

– Թեև ներկայում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը նպաստավոր չէ անվտանգ վերադարձի համար, միջազգային իրավունքը նախատեսում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որոնք լքել են իրենց տները, իրավունք ունեն վերադառնալու իրենց բնակավայրերը։

– Ի լրումն կամավոր վերադարձի իրավունքի՝ ինքնորոշման սկզբունքի համաձայն, բոլոր ժողովուրդները, որոնք ունեն պատշաճ ինքնություն և կապված են որոշակի տարածքի հետ, իրավունք ունեն ժողովրդավարական ձևով հավաքականորեն որոշելու իրենց քաղաքական ճակատագիրը և զերծ մնալու համակարգված հետապնդումներից:

– Հաշվի առնելով Արցախի հայերի հստակ բնութագիրը և ծագման տարածք վերադառնալու իրավունքը՝ նրանք ունեն ներքին ինքնորոշման իրավունք: Լեռնային Ղարաբաղ վերադառնալուց հետո, ինքնորոշման սկզբունքի համաձայն, նրանք պետք է կարողանան, ինչպես սահմանում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, «Առանց արտաքին միջամտության […] ազատ որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինելու իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը»:

– Լեռնային Ղարաբաղի «կորուստը» ամենևին էլ վերջնական եզրակացություն չէ։ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը, որը ժամանակավորապես Հայաստանում է, մնում է ժողովրդի կողմից ընտրված օրինական մարմին, որը պահպանում և արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը և երաշխավորում նրանց իրավունքների և շահերի ժողովրդավարական և քաղաքական ներկայացման շարունակականությունը:

– Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը պետք է կոչ անի Հայաստանի կառավարությանը նախաձեռնություն ստանձնելու Ադրբեջանի հետ բանակցություններում իրենց վերադարձի և ինքնորոշման իրավունքը հետապնդելու հարցում։

– Զուգահեռաբար, խորհրդարանը կարող է ընտրել միջազգային կոմիտե, որն օժտված կլինի բանակցություններ վարելու, շահերի պաշտպանության և լոբբինգով զբաղվելու իրավասությամբ՝ նպատակ ունենալով հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալուն, ինչպես նաև ինքնորոշման իրավունքին և միջազգային համաժողովներում ներկայացնելով Լեռնային Ղարաբաղը ու կոմիտեին տալով ներկայացուցչական կարգավիճակ միջազգային ատյաններում»,- գրել է Վարդան Օսկանյանը։

Գրառման վերջում նախկին արտգործնախարարը ներկայացրել է վաշինգթոնյան Public International Law & Policy Group խորհրդատվական կազմակերպության պատրաստած զեկույցը, որը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղ. փախստականների վերադարձի իրավունքը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930