Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաչյա Աճառյանի հետ հորս հանդիպումը ճակատագրական էր». Լեւոն Չուգասզյան

Նոյեմբեր 17,2023 15:08

Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է անվանի հայագետ-արևելագետ Բաբկեն Չուգասզյանի ծննդյան 100-ամյակին նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի ժամանակ, ի թիվս այլնի, Բաբկեն Չուգասզյանի մասին պատմող ֆիլմ ցուցադրվեց եւ գրքի շնորհանդես կայացավ:

ԵՊՀ Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը՝ Բաբկեն Չուգասզյանի որդին, ներկայացրեց գիտնականի կյանքն ու գործունեությունը: Մասնավորապես նշեց, որ ականավոր գիտնականը ծնվել է Թավրիզում, որտեղ կրթություն է ստացել, եղել է գրագիր-թարգմանիչ:

Լեւոն Չուգասզյանը տեղեկացրեց, որ 1943թ. Բաբկեն Չուգասզյանը երկու ընկերների հետ Թավրիզում հիմնել է հակաֆաշիստական թերթիկ, այնուհետեւ 1944 թվականից եռօրյա լրագիր: 1946թ Բաբկեն Չուգասզյանը ներգաղթել է Հայաստան, ընդունվել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ: Ուսմանը զուգահեռ էլ, որպես մատենագետ, աշխատել է Հանրային գրադարանի գրապալատում, իսկ 1950-54թթ՝ համալսարանի հրատարակչությունում՝ որպես սրբագրիչ, ապա խմբագիր:

 

«Այս աշխատանքը նրա համար ճակատագրական եղավ, որովհետեւ հանդիպեց Հրաչյա Աճառյանին»,-նշեց Լեւոն Չուգասզյանը: 1954-57թթ Բաբկեն Չուգասզյանը եղել է ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ, ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատանքի է անցնել նույն ինստիտուտում: Այնուհետեւ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, որը լույս է տեսել առանձին գրքով:

1965-ին Չուգասզյանը հրավիրվել է Մաշտոցյան Մատենադարան, որտեղ գրեթե 30 տարի՝ մինչեւ 1994թ զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը: Լեւոն Չուգասզյանի ձեւակերպմամբ, հայրը կարողացել է լուրջ ավանդ թողնել Մատենադարանի՝ որպես գիտական կենտրոն միջազգային հեղինակության բարձրացման առումով, կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ` նա գիտահետազոտական գործունեություն է տարել: 1994-ից հետո մինչեւ կյանքի վերջ Բաբկեն Չուգասզյանը շարունակել է աշխատել՝ որպես ավագ գիտաշխատող: Աշխատանքային բեղմնավոր գործունեության համար Բաբկեն Չուգասզյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում:

«Տարբեր ժամանակներում Բաբկեն Չուգասզյանը եղել է մի շարք գիտական հաստատությունների, ԳԱԱ գրականության, արեւելագիտության ինստիտուտների, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի, Պատմության թանգարանների, Հայաստանի ազգային գրադարանի գիտական խորհուրդների անդամ»,-հիշեցրեց Լեւոն Չուգասզյանը: Ասաց, որ Հրաչյա Աճառյանը ժամանակին օգնել է հորը եւ որոշ առարկաներ առանձին պարապել նրա հետ: «Նաեւ նրա տան մշտական տղաներն էին ակադեմիկոսներ Էդուարդ Աղայանը եւ Գեւորգ Ջահուկյանը»,-հավելեց նա: Բաբկեն Չուգասզյանը երկար տարիներ համագործակցել է իր ուսուցչի՝ Աճառյանի հետ եւ ջերմ հարաբերությունների մեջ եղել:

«Աճառյանի վախճանից հետո Էդուարդ Աղայանի առաջարկով Բաբկեն Չուգասզյանի հանձնարարվում է վերանայել ու հրատարակության պատրաստել Աճառյանի ավելի վաղ շրջանում գրաքննության կողմից չթույլատրված Լիակատար քերականության ընդարձակ ներածությունը»,-նշեց Լեւոն Չուգասզյանը՝ ներկայացնելով, թե ինչպես է հայրը վերականգնել որոշ գաղտնի գրախոսների կատարած կրճատումներն ու ավելորդ միջամտությունները, որից հետո հրատարակել գիրքը:

Լեւոն Չուգասզյանը անդրադարձավ նաեւ Բաբկեն Չուգասզյանի գիտական գործունեությանը, հայ-իրանական ուսումնասիրություններին, ինչը այն տարիներին չէր խրախուսվում: Նրա ձեւակերպմամբ, Չուգասզյանի համար կարծես ի վերուստ կանխորոշված էր նաեւ Սայաթ-Նովայի գործունեության ուսումնասիրությունը. վաստակաշատ հայագետ Պարույր Մուրադյանի հետ միասին՝ 1963թ նրանք համատեղ իրականացրին Սայաթ Նովայի խաղերի հրատարակություն՝ նմանահանության ձեւով:

Հավելենք, որ Բաբկեն Չուգասզյանի ծննդյան 100-ամյակին նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովին նախատեսված են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գիտնականների հետաքրքիր զեկուցումներ: Օրինակ, Տաթևիկ Մանուկյանի զեկուցման թեման է՝ «Բաբկեն Չուգասզյանը հայերեն ձեռագրերի որոնումներում», Դոնարա Կարապետյանինը՝ «Միջնադարյան հայ բժշկագիտական մշակույթի խմբագրական դպրոցը», Հասմիկ Թադևոսյանի զեկուցման թեման է՝ «Բժշկարան ձիոյ» իբրև միջին հայերենի սկզբնաղբյուր», Սաթենիկ Չուգասզյանի զեկուցման թեման է՝ «Մատենադարանի թիվ 9422 ձեռագրի ավետման տեսարանը», Էմմա Չուգասզյանինը՝ «Կեռան Թագուհու1272թ Ավետարանի ոսկյա կազմը», Կլոդ Մութաֆյանինը՝ («Կիլիկա» ասոցիացիա). «Զենոբիա Հայոց թագուհին եւ նիա պատկերները» եւ այլն:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930