Ամերիկայի հայկական համագումարը ողջունեց երկկուսակցական օրինագծի ընդունումը, որն առաջնորդեցին սենատոր Գերի Փիթերսը (Դեմոկրատ, Միչիգան) և սենատոր Մարկո Ռուբիոն (Հանրապետական, Ֆլորիդա): S. 3000՝ 2023թ.-ի Հայկական պաշտպանության ակտը, չեղյալ է հայտարարում 2024թ. և 2025թ. ֆինանսական տարիների համար ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման լիազորությունը: 907 Բանաձևում հայտարարվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներ «չեն կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, մինչ նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:
«Մենք ողջունում ենք սենատոր Փիթերսին և սենատոր Ռուբիոյին այս երկկուսակցական օրինագծի համար»,– հայտարարեց Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Այս օրինագծի ընդունումը ուժեղ ուղերձ է հղում ի դեմս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հայ ժողովրդի դեմ»,- շարունակեց Խալոյանը։
Սենատոր Փիթերսը, ով այս տարվա սեպտեմբերին մեկնել էր Հայաստան՝ վերադառնալուց հետո, Համագումարի մի միջոցառման ժամանակ, որտեղ մեծարում էին ռազմածովային նավատորմի նախկին նախարար Փոլ Իգնեյշսին, հայտարարեց, որ «պատրաստվելու է խրախուսել Սենատի ավելի շատ գործընկերներին՝ աջակցել հայ ժողովրդին և որպեսզի «հետևանքներ» տեղի ունենան Ադրբեջանի Ալիևի ռեժիմի դեմ: Սենատոր Փիթերսը կոչ արեց Վարչակազմին «պատժամիջոցներ սահմանել» Ադրբեջանի դեմ և կիրառել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը: «Ես անում եմ հնարավոր ամեն ինչ, ինչ ես կարող եմ, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա պաշտպանել իր մարդու իրավունքները և ապրել արժանապատվորեն», – ասաց սենատոր Փիթերսը: «Մենք պետք է ուժեղ ազդանշան հղենք Ադրբեջանին, որ նրանց արածն ուղղակի անընդունելի է»։ Անցյալ ամիս Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցին և Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) Միչիգանի մասնաճյուղը ճաշի ձևաչափով հանդիպում ու ճեպազրույց անցկացրեցին Միացյալ Նահանգների սենատոր Գերի Փիթերսի (Դեմոկրատ, Միչիգան) և հայ համայնքի անդամների հետ, որի ժամանակ Փիթերսը հստակեցրեց, որ գիտակցում է, թե որքան ճգնաժամային է իրավիճակը տեղում և ընդգծեց, որ «ԱՄՆ-ը պետք է օգնի ապահովել, որ այդ տարածաշրջանի հայերը ստանան մարդասիրական օգնություն, և որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ամեն տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին»:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ և Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը ու մարդու իրավունքների շարունակվող խախտումները դատապարտող բանաձևի գլխավոր հովանավոր, սենատոր Մարկո Ռուբիոն եղել է հայկական հարցերի հավատարիմ աջակիցներից մեկը: Սենատոր Ռուբիոն սենատոր Փիթերսի հետ միասին նույնպես միացավ երկկուսակցական երկպալատ նամակին, որն ուղղված էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ֆինանսների նախարար Ջենեթ Յելենին, և որում կոչ էր արվում Վարչակազմին՝ կիրառել Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ:
Կարդացեք նաև
Համագումարը բազմիցս կոչ է արել պատժամիջոցներ կիրառել՝ Ադրբեջանին իր ցեղասպան քաղաքականության համար պատասխանատվության ենթարկելու նպատակով, և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպայի ենթահանձնաժողովի առջև Համագումարը նոյեմբերի 15-ի իր վկայության մեջ հայտարարեց, որ «Ադրբեջանը չպետք է հատուցում ստանա հայ ժողովրդի դեմ շարունակական հարձակումների համար, այլ պետք է պատժամիջոցների ենթարկվի», և ընդգծեց, որ «ԱՄՆ-ն դա անելու համար իր տրամադրության տակ ունի բազմաթիվ գործիքներ՝ սկսած Գլոբալ Մագնիտսկու մարդու իրավունքների հաշվետվողականության ակտից ու տնտեսական պատժամիջոցներից մինչև առևտրի սահմանափակումները և ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կիրառումը»՝ Մարդասիրական օգնության միջանցքի ակտի հետ միասին:
Այս օրինագծի ընդունումը Սենատում ձայների քվեարկությամբ նշանակալի է, քանի որ ավելի շատ գործողություններ են անհրաժեշտ՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական ագրեսիան հայ ժողովրդի դեմ։ Օրենսդրական գործընթացի հաջորդ քայլը Ներկայացուցիչների պալատի կողմից այս միջոցի ընդունումն է:
Ամերիկայի հայկական համագումար