Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ կողմից կա ակնարկ, որ Ադրբեջանի նման գործելաոճի շարունակությունը կարող է բերել նաեւ որոշակի պատժամիջոցների»․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 17,2023 13:52

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ հարցին, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում կայանալիք արտգործնախարարների հանդիպմանը։

«Եթե Հայաստան-Ադրբեջան բանակցությունները դիտարկենք վերջին երեք տարվա կտրվածքով, ապա ինձ մոտ տպավորություն կա, որ Ադրբեջանը որոշակի պարտավորություններ կամ խոստումներ չի կատարում։ Դա բերել է նաեւ որոշակի կոշտ արձագանքի Միացյալ նահանգների կողմից, եւ դրան ի պատասխան` երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը ոչ միայն արձագանքում էր տարբեր որակումներին, այլ նաեւ տեղեկացրեց, որ այդ իրավիճակով պայմանավորված՝ նպատակահարմար չեն համարում մասնակցել Վաշինգտոնում իրենց արտգործնախարարի մասնակցությամբ նախատեսված այդ հանդիպմանը։ Այն, որ Ադրբեջանն այս երեք տարիների ընթացքում անընդհատ վարքագծային փոփոխությունների է գնում, դա ակնհայտ է։ Ադրբեջանը փորձում է հասնել այն առավելագույնին, ինչի հնարավորությունն այսօր տալիս է Հայաստանի իշխանությունը։ Եվ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կնքվեց ու բավական ծանր որակումների արժանացավ, նույնիսկ այդ ծանր փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանն իջեցրեց նոր պահանջներ։ Եվ կարծես թե այս փուլում դա որոշ խնդիրներ է առաջացրել միջնորդների հեղինակության տեսանկյունից, որոնց ներկայությամբ կամ միջնորդությամբ տարբեր պարտավորություններ են ստանձնել կողմերը։ Կոնկրետ այդ դեպքում ես դա ընկալում եմ որպես Ադրբեջանի կողմից պարտավորությունների այնպիսի ծավալի չկատարում, որը ԱՄՆ-ն՝ որպես միջնորդ պետություն, համարել է նաեւ իր հեղինակության ուղղված հարված։ Եվ հետեւանքը եղել է այն, որ ԱՄՆ-ն բառապաշարը բավական կոշտացրել է, ընդհուպ ակնարկ կար, որ Ադրբեջանի կողմից նման գործելաոճի շարունակությունը կարող է բերել նաեւ որոշակի պատժամիջոցների»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ վերջին շրջանում տպավորություն է, որ Ադրբեջանը խուսափում է նաեւ բանակցային գործընթացում առարկայական քայլերի գնալուց։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը սրանով մեկ նպատակ է փորձում հետապնդել՝ որոշակի հաշվարկ եւ ուժերի բալանսի վերագնահատում է այս պահին տեղի ունենում։ Ակնհայտորեն Ադրբեջանն այսօր ունի նաեւ տարածքային հավակնություններ ՀՀ տարբեր բնակավայրերի նկատմամբ։ Վերջին շրջանում բավական ակտիվ խոսում են այսպես կոչված անկլավների՝ 8 գյուղերի նկատմամբ իրենց պահանջների մասին։ Եվ միգուցե Ադրբեջանն այս փուլում փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը՝ մաքսիմալ իր նպատակներին հասնելու համար կոնկրետ ուղղություններով դիմել ռազմական գործողությունների, թե՞ ոչ։ Եթե գնա պարտավորությունների իրացման ճանապարհով, բնականաբար, դա եւ կաշկանդող է լինելու, եւ նաեւ միջազգային տեսանկյունից իր համար խնդիրներ է առաջացնելու»,- ասաց Աբրահամյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930