Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պահակը չեմ, ես քիմայի ֆակուլտետի դեկանն եմ». Տարիել Ղոչիկյանը լրագրողի հարցին անեկդոտով պատասխանեց

Նոյեմբեր 17,2023 13:13

«Ներսում եղել են բժիշկները եւ հրշեջները, ես ոչինչ չգիտեմ»,-ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում բռնկված հրդեհի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը:

«Ես ֆակուլտետի պահակը չեմ, ես քիմայի ֆակուլտետի դեկանն եմ, որ իմանայի՝ ինչ է եղել, կասեի: Այ կվերջանա այս ամենը, կհետաքրքրվեմ: Հիմա տեղյակ չեմ՝ ինչ է կատարվել նկուղում»,-ասաց նա:

Լրագրողներին հետաքրքրում էր՝ տուժած աշխատակիցները լաբորանտնե՞րն էին: «Նկուղում լաբորատորիա չկա, նկուղում նկուղն է, որեւէ լաբորատոր սարքավորում նկուղում դրված չէ: Բացի դրանից, ես նկուղի հետ գործ չունեմ, ես գործ ունեմ երկրորդ, երրորդ, չորրորդ հարկերի հետ»,-ասաց Ղոչիկյանը:

Հարցին՝ ֆակուլտետի շենքում հաճա՞խ են լինում հոսանքի տատանումներ, ինչի պատճառով, ըստ համալսարանից ստացված տեղեկատվության՝ հրդեհը բռնկվել է, դեկանը պատասխանեց. «Ես հո ռեոստատը ձեռքիս ամբողջ օրը ման չե՞մ գալիս, որ իմանամ՝ տատանում եղա՞վ, թե՞ չեղավ: Եթե սարքավորումներն անջատում են, տատանում լինում է, չի անջատվում՝ չի լինում…Դրա համար էլեկտրիկներ կան, հրշեջներ, հատուկ աշխատողներ, ամեն մի բանի համար մի մարդ պատասխանատու է»:

Հարցը, թե նկուղում եղե՞լ է հանդերձարան, ափերից հանեց քիմիայի ֆակուլտետի դեկանին: «Ես ամեն մեկի շոր հանելու տեղը ինչու պետք է իմանամ: Ամեն մեկն իր պարտականություններն ունի: Ես առավոտյան 8:10 այստեղ եմ լինում, դիմավորում եմ բոլորին, երեկոյան գնում եմ, երբ բոլորը գնացած են լինում, ես աշխատանքային պրոցեսն եմ ղեկավարում, ոչ թե այն, որ նկուղում ինչ-որ մեկը ինչ-որ բան կանի, թե չի անի: Կրկնում եմ՝ նկուղում լաբորատորիա չկա»,-ասաց դեկանը:

Մեկ այլ հարցի՝ բացառո՞ւմ է, որ որեւէ փորձարկումից հետո կարող էր առաջանալ նման իրավիճակ, Տարիել Ղոչիկյանը անեկդոտով պատասխանեց. «Մի հատ անեկդոտ կա, որ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ։ Գիտե՞ք էդ անեկդոտը»։

Նաեւ հավելեց, որ այս պահին հստակ չի կարող հայտնել, թե քանի զոհ եւ քանի վիրավոր կա, թեեւ ըստ նախնական տեղեկությունների, ԵՊՀ-ի Քիմիայի ֆակուլտետում բռնկված հրդեհից կամ պայթյունից զոհվել է մեկ մարդ, 3 հոգի հոսպիտալացվել է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930