«Այս իշխանության նպատակն է Արցախի հարցը փակել վերջնականապես»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քարտեզ, եւ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Արցախը որեւէ կերպ այդ քարտեզի վրա նշված չէր։ Դա իրենց նպատակն է։ Եվ նրանք շատ լավ հասկանում են, որ եթե Արցախի ժողովուրդը այստեղ կոմպակտ ապրի, քաղաքական ներկայացվածությունը պահի, Արցախի հարցը կմնա օրակարգում։ Եվ հետեւաբար, ամեն ինչ անելու են, որպեսզի դա տեղի չունենա, ներառյալ պետական ինստիտուտների՝ Հայաստանում գործելու համար ոչ բարենպաստ միջավայր ստեղծելը։ Հայաստանի իշխանությունների համար Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործունեությունը Հայաստանում ռիսկ է, վտանգ են այդտեղ իրենք տեսնում։ Բայց որ ադրբեջանցիները գրավել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից 250 քկմ եւ զվռնում են Հայաստանի Հանրապետության տարածքում, մահ ու ավեր են սփռում, դա ՀՀ իշխանությունների համար ազգային անվտանգության վտանգ չէ։ Իրենք նորմալ են դրան վերաբերվում, եթե նորմալ չվերաբերվեին, որեւէ քայլ կձեռնարկեին»,- ասաց նա։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ Արցախի ներկայացվածությունը շատ կարեւոր է։ Նա հիշեցրեց, որ 1994 թվականի մայիսին, երբ Բիշքեկում ստորագրվեց հրադադարի համաձայնությունը, ադրբեջանցիները չունեին ինչ-որ մեկին, որին Ադրբեջանի համայնքի կողմից կներկայացնեին։ «Մի հատ Նիզամի Բահմանով էին առաջ բերում, որը եղել էր Շուշիի գործադիր մարմնի ժամանակավոր ղեկավար 1,5 ամիս։ Եվ այդ միջխորհրդարանական վեհաժողովն ասաց՝ սա Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայացուցիչը չէ ընդհանրապես, եւ Ղարաբաղի ադրբեջանցիները որպես սուբյեկտ հանդես գալու իրավունք չունեն։ Այնպես որ, ցանկացած քայլ դիտեք նպատակի համատեքստում»,- հավելեց պատգամավորը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ