ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Եվրանեսթի խորհրդարանական վերաժողովի քաղաքական կոմիտեի նիստին։ Ըստ պատգամավորի՝ այստեղ ադրբեջանցի պատվիրակներն իրենց ելույթներում հղում են արել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։
«Մեր քաղաքական կոմիտեում ներկայացված էր փաստաթուղթ՝ համազեկուցողների ներկայացրած նախագիծն էր, որը հիմնականում անդրադառնում էր ռուս-ուկրաինական պատերազմին, բայց երկու անգամ նշում կար նաեւ Արցախի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու մասին։ Եվ երբ դրա մասին խոսում էինք մենք՝ ՀՀ ԱԺ պատվիրակները, բնականաբար, ընդդիմադիր պատգամավորները, երբ դրա մասին խոսում էին Եվրախորհրդարանի պատվիրակները, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դեռ իրականացված չէ, եւ կայուն խաղաղություն հաստատված չէ, ադրբեջանցի պատվիրակները հակադարձում էին Նիկոլ Փաշինյանի խոսքերով»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով, մասնավորապես, Եվրախորհրդարանի պատվիրակներից մեկն ասել է, որ 1919 թվականին Արցախի ժողովուրդը քվեարկել է ՀՀ-ին միանալու օգտին, եւ 1920 թվականին բոլշեւիկներն են Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ «Եվ այստեղ Ադրբեջանի պատվիրակն ասաց՝ դուք չգիտե՞ք, Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Նմանապես մենք ասում էինք՝ Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարվում են, նրանք ունենք քաղաքական իրավունքներ՝ վճռելու իրենց ճակատագիրը։ Լուծում էինք առաջարկում, էլի նույն պատասխանն էր՝ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ