«Այո, Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի, բայց Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, ունի պարտավորություններ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների նկատմամբ, եւ ՀԱՊԿ մյուս անդամ երկրները՝ Հայաստանի նկատմամբ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն երբեք ՀԱՊԿ-ին չի մերժել, որպեսզի ՀԱՊԿ-ն առաքելություն ուղարկի Հայաստան։ «Բայց Հայաստանի Հանրապետությունը հստակ հարցադրում է արել՝ որտե՞ղ է գալու այդ կոնտինգենտը՝ իրականացնելու իր առաքելությունը։ Օրինակ՝ երբ եվրոպացիները գալիս են, ասում են՝ մենք ունենք այսպիսի քարտեզ, որտեղ այս բլուրը Հայաստանինն է, այս անտառափեշը՝ Ադրբեջանինը։ Եվ գալու ենք այս բլուրի մոտ կանգնենք ու դիտարկենք։ Երբ ՀԱՊԿ գործընկերներին ենք հարցնում, թե որտեղ են գալու կանգնեն, իրենք չեն ասում, որովհետեւ, չեն ասում՝ բլուրը Հայաստանինն է, անտառափեշը՝ Ադրբեջանինը։ Բայց եթե իրենք գալիս են ինչ-որ մի տեղ կանգնում են, պետք է ֆիքսեն՝ որտեղ է սկսվում Հայաստանը եւ որտեղ է սկսվում Ադրբեջանը։ Եթե իրենք դա չեն ֆիքսում՝ ի՞նչն են դիտարկելու։ Օրինակ՝ եթե կրակոց եղավ, Ադրբեջանն ի՞ր տարածքում արեց, թե՞ Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը 10 քայլ առաջ եկավ, Հայաստանի՞ տարածքի մեջ մտավ, թե՞ ոչ։ Այսինքն՝ շատ կարեւոր է ելակետերը ֆիքսել, սա է ամբողջ խնդիրը»,- ասաց նա։
Ըստ Պապոյանի՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից ընդամենը պահանջում է այնպիսի դիրքորոշում, որը ՀՀ ազգային ու պետական շահերի հետ համընկնում է։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին։ Գեւորգ Պապոյանն ասաց․ «Մեր պահանջը հետեւյալն է, մենք պետք է մեր գործընկերներից հստակ դիրքորոշում ունենանք մեր տարածքային ամբողջականության, մեր սահմանների վերաբերյալ։ Այդ պարագայում մենք որեւէ խնդիր որեւէ գործընկերոջ հետ չունենք։ Եթե մենք այդ հարցերի շուրջ չունենք պատասխաններ, կարծես թե չի էլ ակնկալվում, որ կստանանք պատասխաններ, այդտեղ գնալ պրոցեսին մասնակցելը, ես դրա նպատակահարմարությունը չեմ հասկանում։ Մենք չէինք ուզի, որ այդպես լիներ, բայց կարծես թե «ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից» տրամաբանությունն այդտեղից է բխում»։
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավորը նաեւ հավելեց, թե եվրոպացի գործընկերներն ընդունում են, որ ՀՀ տարածքը 29 800 քկմ է եւ համահունչ է խորհրդային Հայաստանի տարածքին։ «Սա ընդունո՞ւմ են մեր մյուս գործընկերները, թե՞ ոչ։ Օրինակ՝ ՀԱՊԿ մեր գործընկերներն ընդունո՞ւմ են, որ Ջերմուկի սարերը Հայաստանի Հանրապետություն են, թե՞ ոչ։ Եթե ընդունում են, ապա երբ Ջերմուկի սարերն Ադրբեջանի կողմից գրավվում էին, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտել այդ պրոցեսին։ Այստեղ հարցեր կան, եթե չեն ընդունում, դա մի պատմություն է, եթե ընդունում են՝ մեկ այլ պատմություն է։ Մեզ պետք են հստակ դիրքորոշումներ, որոնք բխում են ՀՀ պետական շահերից»,- ասաց Պապոյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ