«Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ պարզելու, թե վերջին մեկ տարում որքան բենզին է ծախսել ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենան:
Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթին ՊՊԾ պետի պարտականությունները կատարող Արթուր Գասպարյանի ստորագրությամբ ուղարկվեց փաստաթուղթ, որում, մասնավորապես, ասվում է. «Հայցվող տեղեկությունը, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, որի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման ձեւերի եւ մեթոդների, ինչպես նաեւ նրանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են, ուստի եւ, նույն օրենքի համաձայն, դասվում են պետական գաղտնիքի շարքին:
Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ»: Այս երկարաշունչ պատասխանը ենթադրում է մեկ բան՝ ՀՀ վարչապետին սպասարկող մեքենաների եւ դրանց վերաբերյալ տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չէ: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի մահաբեր կորտեժը ոչ միայն երեւանյան ու առհասարակ հայաստանյան երթեւեկությունն է կաթվածահար անում, այլեւ իր գոյությամբ արդեն համարվում է պետական գաղտնիք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։