ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ հարցին, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը։ ՀՀ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հույս են հայտնում, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է «խաղաղության պայմանագիր» ստորագրել։
Հարցին, թե այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ այս իրավիճակում գրեթե անհավանական է, որ մինչեւ տարվա վերջ հնարավոր կլինի «խաղաղության պայմանագիր» ստորագրել, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եկեք չշտապենք եզրակացություններ անել։ Բնականաբար, Ադրբեջանի հրաժարումը բացասաբար ենք գնահատում։ Կոչ են անում ավելի կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ։ ԱՄՆ, Եվրամիության մեր գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունը, եւ մենք հույս ունենք, որ միջազգային գործընկերների միջնորդությամբ նաեւ հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան նստել եւ կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը»։
Հարցին, թե այսինքն՝ հնարավորություն տեսնո՞ւմ են, որ հնարավոր է մինչեւ տարեվերջ փաստաթուղթ ստորագրել, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ որեւէ բան չեն բացառում։ «Մենք կառուցողական կերպով առաջ ենք շարժվում խաղաղության օրակարգով եւ հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ ու ջանքերով հնարավոր կլինի արդյունավետ կերպով առաջ շարժվել եւ Ադրբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ»,- հավելեց Արթուր Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ