ՀԱՊԿ-ից դուրս գանք-դուրս չգանք, վեկտոր փոխենք-չփոխենք, դեպի Տրանսատլանտյան դաշինք հակվենք-չհակվենք, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա անենք-չանենք, ակնհայտորեն դրսից պարտադրվող ծրագիրը «Խաղաղության խաչմերուկ», թե «Քառասուն ավազակների մեծ ճանապարհ» կոչենք՝ իրականությունն առավել քան պարզունակ ու ցինիկ է՝ բոլորն ուզում են Հայաստանով անցնող հաղորդուղիները, գումարած ամենակրքոտ ցանկացող Թուրքիան՝ Ադրբեջանի միջոցով: Իսկ թե ի՞նչ կպատահի Հայաստանի հարավի հետ, կարժանանա՞ Հայաստանի հարավն Արցախի ճակատագրին, թե՞ առայժմ կպլստա՝ սա ընդամենը, ինչպես սիրում են կրկնել բոլորը, լոգիստիկ հարց է: Չէ՞ որ Արցախը հանձնվեց, եւ ոչինչ չպատահեց ոչ աշխարհի, ոչ Հայաստանի իշխանության, ոչ Հայաստանի ընդդիմության հետ, նրանք, ինչպես Արցախը, ոչ մի տեղ չանհետացան եւ շարունակում են նույն եռանդով ամենատարբեր թեմաների շուրջ «ազգանպաստ» հակադարձումներն ու ինտերվյուները: Խաղը նույնն է, մի կողմը թե բա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը անվտանգության սպառնալիք է, մյուսները՝ թե դուրս չենք գալիս, վեկտոր չենք փոխում, ընդամենը դիվերսիֆիկացնում ենք մեր արտաքին քաղաքականությունը, անվտանգային հարցերը լուծելու համար նոր գործընկերներ ենք փնտրում- գտնում (Հնդկաստանը, Ֆրանսիան, ու էլ ով ասես): Մե թամաշա, ժողովուրդն էլ նայում ու բթանում է, ոչ մի բանի մասին չմտածելով, ինչպես արցախցիք, մինչեւ որ մի օր իրենց գտան դեպի Հայաստան խուճապահար սուրացող մեքենաների մեջ: Բոլորով իմանալով, որ այս հարեւանի հետ խաղաղություն հնարավոր չէ, ու հենց վարչապետն էր բյուջետային քննարկմանն ասում, թե Ադրբեջանի հետ համաձայնեցված սկզբունքների պարագայում խաղաղության պայմանագրի ձգձգման պատճառը փոխադարձ վստահության պակասն է, այնպիսի մեխանիզմների չգոյությունն առայժմ, որոնք թույլ չեն տա պայմանագրի կետերի տարընթերցումներ եւ մեծ հաշվով դրա կնքումից հետո՝ էսկալացիան: Ադրբեջանը հենց մեկ օր առաջ հրաժարվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված մոտակա հանդիպումից, դեռ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն էլ ներառում է իր զարգացման ծրագրերում:
Զարմանալի է նաեւ, թե Արցախի իշխանության ատրիբուտները Հայաստանում պահպանելը վտանգ համարող Ալեն Սիմոնյանի ղեկավարած Ազգային ժողովն ի՞նչ հիմնավորումներով է այլ երկրի քաղաքացի Սամվել Շահրամանյանին (Ալմա Աթայի հռչակագրով) հրավիրում ԱԺ քննիչ հանձնաժողով, այդպիսով խառնվելով այլ երկրի գործերին, ինչպես որ Ալմա Աթայի հռչակագրով է:
Խուսափենք ընդդիմություն-իշխանություն ամենօրյա դեբատների ճահիճը մտնելուց՝ փնտրելով իրականության բնութագրման ավելի խոսուն նշաններ, կարդալով տողատակերը, իսկ դրանք, խոստովանում ենք, անհանգստացնող են եւ հուշում են, որ Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի պարտադրման նոր՝ գործնական փուլը կարող է եւ մինչեւ տարեվերջ ավարտվել:
Ահա, օրինակ, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Ջեյսմս Օ Բրայենի՝ Հայաստանը Տրանսատլանտյան դաշինքին մերձեցնելու ծրագրերի վերաբերյալ խոսքում խաղաղությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հատկապես տնտեսական առումով է կարեւորվել, քանի որ ըստ նրա՝ Կենտրոնական Ասիան նոր երթուղիներ է փնտրում իր ապրանքների համար, եւ տարանցիկ միջանցքը, որը կկառուցվի Հայաստանի մասնակցությամբ եւ համաձայնությամբ, կարող է հսկայական տնտեսական բում առաջացնել տարածաշրջանի երկրների համար, նաեւ համաշխարհային շուկաներում, որոնք հասանելիություն կունենան այնտեղով տեղափոխվող ապրանքներին: Ըստ Օ’Բրայենի, սակայն, այստեղ կարեւորը Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրության հարցն է, թե ապագայում ինչպիսի քաղաքական հարաբերություններ են ուզում ունենալ, արդյո՞ք ուզում են ապագան կառուցել Ռուսաստանի եւ Իրանի՝ որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական խաղացողների առանցքի շուրջ: Դա ԱՄՆ պաշտոնյան անկայուն եւ անցանկալի է համարում, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համար, ու նրանք, ոչ ավել- ոչ պակաս՝ առաջիկա շաբաթներին պետք է ընտրություն կատարեն:
Կարդացեք նաև
Ահա, տեղ հասանք, Փաշինյանը խորհրդարանում ասում էր, թե մեր հարաբերությունները կառուցում ենք ֆորպոստ չլինելու տրամաբանությունից ելնելով, բայց արդյոք դա չպե՞տք է վերաբերի ոչ միայն Ռուսաստանի ֆորպոստը չլինելուն, այլեւ Արեւմուտքի, որպեսզի նրանք մեզ չթելադրեն՝ ո՞ր հարեւանի, կամ ո՞ր դաշնակցի հետ մենք հարաբերություն կառուցենք, ու արդյոք Օ’Բրայենի (արեւմտյան) մոտեցումը Ռուսաստան-Արեւմուտք հակադրության առարկայական դրսեւորման չի՞ բերի, այս անգամ Հայաստանում:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: