Լրահոս
Օրվա լրահոսը

Դդումը կտրելու և այն ամենօրյա սննդակարգում ներառելու ժամանակն է

Նոյեմբեր 17,2023 09:30

Մինչ մասնագետները որոշում են՝ դդումը միրգ է, թե՞ բանջարեղեն, այն հասցրել է «իր ուժերը փորձել» ամենատարբեր ոլորտներում՝ դառնալով աշնանային նկարահանումների անբաժանելի մաս և անգամ Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթները մարմնավորող տոնի խորհրդանիշ: Սակայն, միևնույն է, դդմի ամենահաջողված դերը ղափամայի համեղությունների ամփոփումն է, թեև ջերմացնող դդմապուրի տեսքով էլ այն բավականին հմայիչ է։

Երբ ծանոթանում ես դդմի օգտակար հատկություններին, հասկանում ես, որ սննդակարգն իսկապես արժե հարստացնել այս ֆոտոգենիկ միրգ-բանջարեղենով, և ահա թե ինչու․

1․ Դդումը սննդանյութերի լավ աղբյուր է։

Դդումը շատ հարուստ է սննդանյութերով, հատկապես բետա-կարոտինով, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի։ Այն նաև բջջանյութի, վիտամին C-ի, E-ի և B խմբի որոշ վիտամինների աղբյուր է, հանքանյութերից պարունակում է կալիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, ցինկ։

2. Հակաօքսիդանտների մեծ քանակության շնորհիվ նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների զարգացման վտանգը։

Ինչպես հայտնի է, ազատ ռադիկալները մոլեկուլներ են, որոնք արտադրվում են օրգանիզմում մետաբոլիկ գործընթացների արդյունքում։ Թեև դրանք շատ անկայուն են, բայց նաև կարևոր դեր ունեն օրգանիզմում, օրինակ՝ ոչնչացնում են վնասակար մանրէներին։ Բայց դրանց չափից մեծ քանակությունն օրգանիզմում օքսիդացման սթրես է առաջացնում, որը կապվում է քրոնիկ հիվանդությունների, ներառյալ սրտի հիվանդությունների ու քաղցկեղի հետ։

Դդումը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք ընդունակ են չեզոքացնելու այդ ազատ ռադիկալները՝ կանխելով դրանց կողմից բջիջների վնասումը։ Այդ հակաօքսիդանտներն են ալֆա կարոտինը, բետա կարոտինը, բետա կրիպտոքսանտինը։

Կենդանիների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այդ հակաօքսիդանտները պաշտպանում են մաշկը արևի ճառագայթներից, նվազեցնում քաղցկեղի, աչքի և այլ հիվանդությունների զարգացման վտանգը։

3. Ամրացնում է իմունային համակարգը։

Դդումը հարուստ է սննդանյութերով, որոնք ամրացնում են իմունային համակարգը։ Նման ազդեցութամբ հատկապես հայտնի է բետա կարոտինը, որը կարևոր դեր ունի վարակների դեմ պայքարում։ Պատահական չէ, որ վիտամին A-ի ամբավարարություն ունեցող մարդիկ թույլ իմունիտետ ունեն։

Դդումը հարուստ է նաև վիտամին С-ով, որը խթանում է լեյկոցիտների արտադրությունը, արագացնում վերքերի ապաքինման գործընթացը։
Իմունային համակարգի վրա բարենպաստ ազդեցություն են գործում նաև վիտամին E-ն, ֆոլատն ու երկաթը, որոնցով նույնպես հարուստ է դդումը։

4. Վիտամին A-ն, լյուտեինն ու զեաքսանտինը պաշտպանում են տեսողությունը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին A-ի անբավարարությունը տեսողական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։
Իսկ 22 հետազոտությունները վերլուծությամբ պարզվել է, որ բետա կարոտինով հարուստ սննդակարգի օգտագործումը նվազեցնում է կատարակտի վտանգը։ Դդումը նաև լյուտեինի ու զեաքսանտինի լավագույն աղբյուրներից մեկն է, իսկ այդ միացությունները նվազեցնում են կատարակտի ու տարիքային մակուլյար դեգեներացիայի զարգացման վտանգը։

Այս ամենից բացի C և E վիտամինները, գործելով հակաօքսիդանտային ազդեցություն, պաշտպանում են աչքերն ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից։

5. Ցածր կալորիականությունը նպաստում է քաշի նվազեցմանը։

245 գրամ դդումը մոտ 50 կկալ է պարունակում և մոտ 94 տոկոսով կազմված է ջրից։ Այն նաև բջջանյութի լավ աղբյուր է, ուստի նպաստում է ինչպես մարսողությանը, այնպես էլ առողջ քաշի պահպանմանը՝ միաժամանակ հարստացնելով օրգանիզմն անհրաժեշտ սննդանյութերով։

6. Կալիումը, վիտամին С-ն ու բջջանյութը հոգում են սրտի առողջության մասին։

Կան հետազոտություններ, որոնք փաստում են՝ մարդիկ, որոնց սննդակարգը հարուստ է կալիումով, ունեն զարկերակային նորմալ ճնշում և ավելի քիչ են ենթարկվում կաթվածի վտանգին։ Իսկ հակաօքսիդանտները պաշտպանում են «վատ» խոլեսթերինն օքսիդացումից՝ կանխելով սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը։

7. Դդումը նպաստում է մաշկի առողջության պահպանմանը։

Կան տվյալներ, որ կարոտինոիդներն ունեն արևապաշտպան ազդեցություն և ներթափանցելով օրգանիզմ՝ պաշտպանում են մաշկն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից։

Դդումը նաև հարուստ է վիտամին С-ով, որն անհրաժեշտ է կոլագենի՝ մաշկի ամրության ու առողջության համար պատասխանատու սպիտակուցի արտադրման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Healtline

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930