Լրահոս
Օրվա լրահոսը

«Տակավին չկար տարածքիս բոլոր խոսվածքներին նվիրված ամբողջական հետազոտություն». Գարիկ Մկրտչյան

Նոյեմբեր 17,2023 13:30

«Առավոտի» մեր գործընկերը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Գարիկ Մկրտչյանը, մասնագիտական լսարանին է հանձնել իր «Քննություն Ապարանի տարածաշրջանի բարբառային եւ խոսվածքային տարբերակների» մենագրությունը: Այն հրատարակության է երաշխավորել ԵՊՀ հայոց լեզվի պատմության եւ ընդհանուր լեզվաբանության ամբիոնը, ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտխորհուրդը:

Մկրտչյանը հեղինակ է շուրջ քառասուն գիտական հոդվածների, մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի: 2018 թվականից Գարիկն ապրում եւ աշխատում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ որպես ուսուցիչ միջազգային մանկապարտեզում:

«Քննություն Ապարանի տարածաշրջանի բարբառային եւ խոսվածքային տարբերակների» մենագրությունը հեղինակի թեկնածուական ատենախոսությունն է՝ նվիրված ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի բարբառային եւ խոսվածքային տարբերակների քննությանը: Հեղինակը ներկայացրել է Ապարան քաղաքի եւ հարակից 21 խոսվածքների լեզվական առանձնահատկությունը:

Գրքի առաջաբանում Գ. Մկրտչյանը գրում է. «ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսում ուսանելիս բարբառագիտության իմ դասախոսը՝ Բարմիկ Մեժունցը պնդում էր, որ հայագիտության մեջ ամենաճիշտ ընտրությունը կարող է լինել բարբառագիտությունը: Հետագայում գիտական ղեկավարներիս՝ պրոֆեսոր Ռուբեն Ղազարյանի եւ Նարինե Դիլբարյանի հորդորով պետք է զբաղվեի հենց հայերենի բարբառների ուսումնասիրությամբ»:

Մկրտչյանն անդրադարձել է հնչյունաբանությանը, հնչյունահնչույթային համակարգի տարածքային բնութագրին (առաջին գլուխ), ձեւաբանությանն ու ձեւաբանական տարածքային բնութագրին (երկրորդ գլուխ), բառագիտությանը (երրորդ գլուխ): Այն բաղկացած է ընդգրկուն հավելվածից, որում ներկայացված են լեզվական նմուշներ, առած-ասացվածքներ, քարտեզներ, զուգաբանությունների աղյուսակներ, անգլերենով եւ ռուսերենով բացատրագրեր…

Ինչով էր արդիական հատկապես Ապարանի խոսվածքների ուսումնասիրությունը:

Դրա բացատրությունը տալիս է հենց հեղինակը. «Այն արդիական է, քանի որ տակավին չկա տարածքիս բոլոր խոսվածքներին նվիրված ամբողջական հետազոտություն, բացառություն են Մուշ-Ալաշկերտ շերտը ներկայացնող խոսվածքները»: Այս մենագրությունից հոտո կարող ենք փաստել, որ ի վերջո, եղավ ամբողջական ուսումնասիրություն, թերեւս՝ առաջինը:

Ըստ հեղինակի, Ապարանի տարածաշրջանի բարբառային եւ խոսվածքային տարբերակների քննությունը ներկայացնում է Ապարանի խոսվածքների այն վիճակը, որին նրանք հանգել են պատմականորեն, բարբառախոսները վերաբնակյալներ են պատմական Հայաստանի Մուշ, Վան, Ալաշկերտ, Մանազկերտ, Դիադին, Մակու, Բուլանըղ, Դերջան, Քղի, Բայազետ եւ բազմաթիվ բնակավայրերից: «Բարբառախոսների նախնիների բնակության բուն վայրերը ճշտել ենք ինչպես համայնքներում ապրող բարբառախոսներից, այնպես էլ այլ տեղեկատվական ու գիտական շտեմարաններից»,-նշել էր Գ. Մկրտչյանը:

Հեղինակը տեղեկացրել էր, որ բարբառանյութը հավաքվել է երկու հիմնական սկզբունքով. համայնքներում կազմակերպվել են ձայնագրություններ, որին ամեն համայնքից մասնակցել են տարբեր տարիքի տասը բարբառախոսներ, օգտագործվել են նաեւ գրանցում-գրառումները. «Ձայներիզներում պահպանվում են տարածքիս բոլոր խոսվածքներին վերաբերվող շուրջ 250 ժամ ձայնագրություններ»:

Հետազոտության ակնկալիքը միայն լայն շրջանակներին ու մասնագիտական լսարանին հասու դարձնելը չէ: Հեղինակը կարծում է, որ սույն հետազոտությունը կարող է հիմք դառնալ խոսվածքների տարաժամանակյա քննության, ինչպես նաեւ տարածաշրջանի բարբառային կամ խոսվածքային քարտեզը ստեղծելու համար. «Ժամանակն է հասունացել ձեռնարկելու ՀՀ բարբառային ատլասի ստեղծումը»:

Տարածաշրջանը ներկայացնելիս հեղինակը պարբերաբար օգտագործում էր «տարածքիս» բառը, յուրահատուկ ջերմություն փոխանցելով ընթերցողին: Գրքի շապիկին էլ Երնջատափի եւ Հարթավան գյուղերի միջակայքում գտնվող Աստվածընկալ եկեղեցին է:

Գրքում օգտագործվել են բազմաթիվ լուսանկարներ, որոնց մի մասը տրամադրել էին Ապարանի համայնքապետարանը, անհատ լուսանկարիչներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930