Լրահոս
Օրվա լրահոսը

Ապացուցման բեռը չներկայացրեցիր, դե, կրիր, պատասխանող կողմ

Նոյեմբեր 17,2023 13:00

Ամեն բան սկսվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վ. Քալաշյանի 2022թ. հունվարի 10-ի թիվ 42/43.3/548-2020 գրությունից, որով միջնորդություն ներկայացվեց Արտակ Զաքարյանի հետ 2021թ. ապրիլի 20-ին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Ըստ այդ գրության.

«Ուսումնասիրվել են… Միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատողի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար Արտակ Զաքարյանի հետ 2021թ. ապրիլի 20-ին կնքված թիվ 178 ժամկետային աշխատանքային պայմանագրի եւ դրա կնքման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները, այդ թվում՝ Մարտունու «Գեղարքունիք» ոչ պետական համալսարանի կողմից Արտակ Զաքարյանին 1996 թվականին տրված դիպլոմի պատճենները եւ պարզվել է, որ վերոհիշյալ պաշտոնների քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրերի համաձայն՝ անհրաժեշտ է ունենալ բարձրագույն կրթություն:

Ելնելով վերոգրյալից միջնորդում է վերջիններիս լիազորությունները դադարեցնել՝ լուծելով Արտակ Զաքարյանի հետ 2021թ. ապրիլի 20-ին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը»:

Միասնական սոցիալական ծառայության դեմ գործերով հետաքրքիր դատական գործընթացներ կան: Դրանցից մեկը Արտակ Զաքարյանի գործով է:

Այս տարվա ապրիլի 19-ին Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հովակիմյանի վճռով բավարարվեց Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար Արտակ Զաքարյանի հայցապահանջը:

Հայցադիմումը դատարանում էր 2021թ. մարտի 25-ից:

Դատարանը վճռեց՝ անվավեր ճանաչել Ա. Զաքարյանին աշխատանքից ազատելու 2022թ. հունվարի 12-ի թիվ 88-Ա հրամանը, նրան վերականգնել իր նախկին աշխատանքում, ծառայությունից հօգուտ Զաքարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը՝ միջին աշխատավարձի չափով՝ սկսած 2022թ. հունվարի 13-ից մինչեւ աշխատանքի վերականգնումը:

Իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերջերս՝ նոյեմբերի 1-ին ծառայության վերաքննիչ բողոքը վերադարձրեց, բողոքում թույլ տված խախտումները 15- օրյա ժամկետում վերացնելու համար:

Հայցվոր Զաքարյանը 1994թ. փետրվարի 8-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության թիվ 26-կ հրամանով նշանակվել է աշխատանքի Մարտունու շրջանի սոցիալական ծառայության 2-րդ կարգի տեսուչ, ապա Մարտունու ՍԾՏ կենտրոնում երկրորդ կարգի մասնագետ:

2003թ. հունվարի 13-ին տնօրենի թիվ 1 հրամանով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի եւ ՀՀ վարչապետի 2002թ. նոյեմբերի 19-ի թիվ 670 որոշման համաձայն՝ հաստիքների կրճատման պատճառով ազատվել է աշխատանքից: Այն բողոքարկվել է դատական կարգով եւ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2003թ. փետրվարի 25-ի թիվ 2-28 վճռի հիման վրա, 2003թ. ապրիլի 21-ի թիվ 11 կարգադրության համաձայն եւ ՀՀ քաղծառայության խորհրդի 2003թ. ապրիլի 18-ի թիվ 3-374 պարզաբանման, Զաքարյանը վերականգնվել եւ նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի Մարտունու ՍԾՏ-ում, որպես երկրորդ կարգի մասնագետ: 2020թ. հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանի ԱԿԲ պետի թիվ 102-Ա հրամանով վերանշանակվել է Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության սոցիալական աջակցության բաժնի մասնագետի պաշտոնում:

…Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի 2022թ. հունվարի 12-ի թիվ 88-Ա հրամանի համաձայն՝ Արտակ Զաքարյանի հետ կնքված պայմանագիրը 2022թ. հունվարի 13-ին լուծվել է:

Ըստ Երեւան քաղաքի դատարան ներկայացրած ապացույցների՝ ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության նախարարության կողմից տրված վկայականի համաձայն՝ Ա. Զաքարյանը 1996թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամսին ավարտել է Ազգային Ինստիտուտում «Փարոս» ծրագրին սպասարկող սոցիալական աշխատանքների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացները եւ հանձնել համապատասխան ստուգարքներ, քննություններ:

2003 թվականին տրված ավարտական վկայականի համաձայն՝ Ա. Զաքարյանը ավարտել է «Սոցիալական ծառայող-2003» վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվել է Կրթության զարգացման ակադեմիայի կողմից՝ համագործակցելով ՀՀ սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի եւ Երեւանի պետական համալսարանի հետ:

Թիվ 005973 քաղաքացիական ծառայողի վերապատրաստման վկայականի համաձայն՝ նա վերապատրաստվել է ՀՀ ԱՍՀՆ «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում ՀՀ ՔԾԽ 2006թ. մայիսի 4-ի թիվ 337-Ա որոշմամբ հաստատված ծրագրով՝ 2008թ. հոկտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը: ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ԶԴ-ՍԱ-055/17 վկայականի համաձայն՝ Ա. Զաքարյանը հանձնել է ավարտական քննություն, որով հիմնավորվում է, որ նա սոցիալական աշխատողի որակավորում ունեցող անձ է: Իսկ հայցվորի ներկայացուցիչը՝ Սամվել Մելիքյանը հայցադիմումով հայտնել է, որ Զաքարյանը 1996 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Մարտունու «Գեղարքունիք» ոչ պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ պետական քննական հանձնաժողովի 1996թ. հուլիսի 1-ի որոշմամբ ստացել իրավագիտություն մասնագիտությունը:

Դատարանը պատասխանող՝ Միասնական սոցիալական ծառայության վրա դրել էր Արտակ Զաքարյանին իր աշխատանքում վերականգնելու հնարավորության (կամ անհնարինության) փաստի առկայությունը: Այն է՝ ապացուցման բեռը: Տվյալ որոշումը պատասխանող կողմը ստացել էր, սակայն ըստ դատարանի, չի ներկայացրել որեւէ վերաբերելի ապացույց վերը նշված փաստի վերաբերյալ, ինչի բացասական հետեւանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա կրում է պատասխանող կողմը:

Պատասխանող Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թ. Թորոսյանը 2022թ. դեկտեմբերի 13-ին դատարան էր ներկայացրել Արտակ Զաքարյանի կողմից ներկայացված հայցադիմումում վկայակոչած փաստարկների դեմ առարկություն: Ըստ դրա՝ «դիտարկվող իրավիճակում Ծառայության մոտ հայցվորի հանդեպ առաջացել է վստահության կորուստ՝ կեղծ փաստաթղթեր ներկայացված լինելու հիմնավորմամբ, որպիսի պայմաններում էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակից 2022թ. հունվարի 11-ին ստացած թիվ 42/43.3/548-2022 գրությամբ հայտնվել է, որ առկա է հայցվորի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու նպատակահարմարություն»: Բացի այդ, ըստ պատասխանողի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2022թ. հունվարի 5-ի 02/28.2/141-2022 գրությամբ տեղեկացվել է, որ Մարտունու «Գեղարքունիք» համալսարանի կողմից Արտակ Զաքարյանին «Իրավագիտություն» մասնագիտության գծով տրված դիպլոմը համարվում է «ոչ պետական արտոնագրված, չհավատարմագրված հաստատության» կողմից տրված փաստաթուղթ եւ չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930