Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորեն Աբրահամյանն ասաց՝ նույնիսկ Շեքսպիրին 5 անգամ չեմ կարդացել»

Նոյեմբեր 17,2023 12:30

Նոբելյան մրցանակ չստացած գրող գործարարին շարունակ գովել են, սակայն այդպես էլ գործերը չեն բեմադրել ու նկարահանել

Հովհաննես Ներզեթյանը գործարար է, որը գրքեր է գրում: 2006 թվականից նրա գործերը ներկայացվել են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի, թարգմանվել տարբեր լեզուներով: Ներզեթյանը 3 գիրք ունի՝ «Արտավազդ եւ Կլեոպատրա» ողբերգությունը, «Սամվել» դրաման եւ «Մարդկության սկիզբը եւ վերջը մի անհատի կյանքն է. «Ես»՝ աֆորիզմների ժողովածուն: Նրա գրքերը թարգմանվել են մի քանի լեզուներով, իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Սարգսյանն ու թարգմանիչ, գրականագետ, բանաստեղծ Գեորգի Կուբաթյանը շատ բարձր կարծիք են հայտնել «Արտավազդ եւ Կլեոպատրայի» մասին, օրինակ, գրել են, որ այս ողբերգությունը նոր էջ է համաշխարհային գրականության մեջ, հազվագյուտ երեւույթ, եւ որ վաղուց ժանրի մոհիկաններն ավարտել են իրենց գործը, բայց ահա  կա  Ներզեթյանը, որը նման գործ է գրել: «Նրա (Ներզեթյանի-Գ.Հ.) թատերագրությունն ընթերցողից կամ հանդիսականից պահանջում է պատմական հանգամանքների իմացություն, հակառակ դեպքում որոշակի անցումներ դառնում են անըմբռնելի: Մինչդեռ Անույն ու Քամյուն, Ռադինսկին ու Զեյթունցյանը՝ պատմությանն անդրադառնալով թատերական շրջանակում դարձնում են ինքնաբավ: Եթե դուք ուշադիր եք, կարող եք հասկանալ, թե խոսքը, թե ենթատեքստը: Սակայն Ներզեթյանի մոտ այդպես չէ: Շեքսպիրի մոտ, ոչ միշտ, բայց հաճախ այդպես չէ»,-գրել են Կուբաթյանն ու Սարգսյանը՝ գրքի համատեղ ստորագրած առաջաբանում:

Հովհաննես Ներզեթյանը իր եւ իր գրքի մասին բարձր կարծիքի է, ասում է՝ տիեզերքից է նայում աշխարհին, դրա համար էլ այդպես է գրում, ընդ որում՝ երբեք չի սեւագրում:

«Դրամատուրգիայի մեջ չունեինք գործեր, որոնք կարող էինք ներկայացնել համաշխարհային հանրությանը»,-ասում է հեղինակը ու ցույց տալիս թղթերի տրցակը, որտեղ գրականագետների, դիվանագետների ու այլ մասնագետների կարծիքներ են իր գրքերի մասին:  «Իմ մտքով էլ երբեք չէր անցնում, որ գրելուց հետո, ինչպես Արտեմ Սարգսյանն է ասել, համաշխարհային գրակության մեջ նոր էջ է բացվելու… 2017թ. Արտեմ Սարգսյանը դիմել էր արտգործնախարարություն, դիվանագետներից Սողոյանը շատ բարձր գնահատեց այդ գործերը եւ իր նախաձեռնությամբ պաշտոնական գրությամբ հղում արվեց մոտ 15 երկրների դեսպանների, որ գործերս հանրայնացվեն տարբեր երկրներում, ֆիլմ նկարահանեն, բեմադրեն»,-ասում է Նոբելյան մրցանակի դիմած, բայց չստացած, բարձր կարծիքներ լսած, բայց այդպես էլ գործերը բեմադրված ու նկարահանված չտեսած Ներզեթյանը: Իր գրքերը եւս մեկ անգամ ներկայացնելիս ասում է, որ «Սամվել» դրամայի հիմնական գաղափարն այն է, որ մարդը էությամբ չի փոխվել Հոմերոսից մինչ Հովհաննես, «Արտավազդ եւ Կլեոպատրա» ողբերգության հիմնական գաղափարը, նրա ձեւակերպմամբ, մարդկուրությունն է, որը մարդկության դիագնոզն է: Մեր զրուցակիցը ափսոսանք է հայտնում, որ բոլոր հակասությունները գալիս են ԵՍ-ից,  ու ամեն մեկն իր արժեքային համակարգն է ուզում պարտադրել:

Հովհաննես Ներզեթյանը ճանաչված, բայց վաղուց մահացած մարդկանց հետ հանդիպումներից դրվագներ է պատմում: Օրինակ, ասում է, որ տպավորվել է Խորեն Աբրահամյանի հետ հանդիպումից. «Երբ հանդիպեցինք, Խորեն Աբրահամյանն ասաց, Հովհաննես, ես մինչեւ առավոտ քո «Սամվելը» կարդացել եմ 5 անգամ, նույնիսկ Շեքսպիրին 5 անգամ  չեմ կարդացել… Ինքը ցանկանում էր բեմադրել «Սամվելը», բայց ինչ-ինչ հանգամանքերից ելնելով՝ չստացվեց»:

Ներզեթյանը հավաստիացնում է, որ իր «Արտավազդ եւ Կլեոպատրայի» գաղափարն էլ է ցնցել Խորեն Աբրահամյանին. «Երբ մի անգամ էլ հանդիպեցինք, ասացի, որ ուզում եմ «Արտավազդ եւ Կլեոպատրա» գրել, ասաց՝ հասկանո՞ւմ ես՝ ինչ ես ուզում անել, ասացի՝ իհարկե, հասկանում եմ, որ պետք է ավելին լինի, քան Շեքսպիրի «Անտոնիոս եւ Կլեոպատրան»: 11-12 օրում գրեցի: Հանձնեցի Խորեն Աբրահամյանին: Ասաց՝ անգամ երազումս տեսնեի, չէի հավատա»:

Մի դրվագ էլ լուսահոգի թատերագետ Գեւորգ Աբաջյանի հետ հանդիպումից պատմեց Հովհաննես Ներզեթյանը, իսկ դրանից առաջ դժգոհեց, որ բոլոր թատրոններին ու ռեժիսորներին ներկայացրել է իր գործերը, սակայն տարբեր պատճառաբանություններով մերժել են՝ կամ ասել են մեր ուժերից վեր է, կամ գործող անձինք մեծաթիվ են եւ այլն. «1991-92թթ. հանդիպեցի Գեւորգ Աբաջյանի հետ, ասաց՝ մանչս, քո գործերն այսքան են՝ ցույց տալով սեղանի երկարությունը, իսկ այսօրվա մեր թատերական աշխարհի հնարավորությունն այսքան է՝ ցույց տալով երկու ափերի միջեւ եղած 15 սմ հեռավորությունը: Ասաց՝ սա Փափազի աշխարհն է: Հիմա անցել են տարիներ, ու այդպես էլ Փափազ չենք ունեցել»:

Մեր զրուցակիցը վստահ է, որ Արտավազդ արքան համաշխարհային քաղաքակրթության դեմքերից է. «Աշխարհում շատ քիչ, մատների վրա կարելի է հաշվել, որ պետության ղեկավարը դրամատուրգ է, ազգային հարստություն է նման արքա ունենալը… Ախր իմ այս գործերը իմը չեն, ազգինն են, այստեղ պետական մտածողության բանալիներ կան, օրինակ՝ ուժեղը միշտ խաղացող խաղավար է: Կամ՝ երբ տիրում ես մարդու մտքին ու հոգուն, մարմինը դառնում է կառավարելի: Նման շատ բանաձեւեր կան: Արտավազդը 2000 տարի առաջ հասկացել էր այս ամենը, հիմա փոխանցում է բանալիները մեր սերունդներին»:

Հովհաննես Ներզեթյանը հիշում է, որ Կալիֆոռնիայում փորձել են ֆիլմ նկարել՝ ըստ իր գրքի, բայց ֆինանսական խնդիրների պատճառով նախագիծը կյանքի չի կոչվել, որովհետեւ պատմական ֆիլմ նկարելը մեծ գումարների հետ է կապված: Նաեւ հավելում է, թե հրեաներն ասել էին՝ ափսոս հրեա չի:

Մեր զրույցի ընթացքում իր աֆորիզմների գրքի մասին էլ անդրադարձ եղավ: Ներզեթյանը համոզված է, որ այս առումով էլ է ինքը բացառիկ, վստահեցնում է՝  քչերն ունեն աֆորիզմներ՝ միայն ինքը, Լարոշ Ֆուկոն, մեկ էլ անտիկ աշխարհից մի քանի հոգի:

«Ամեն օր 30 աֆորիզմ եմ  գրել: Ինձ ասել են՝ այդ գրքով դուք ստեղծել եք մեր ժողովրդի էթիկան: Շատ ընթերցողներ ունեմ, ասում են, որ դա մեզ համար Աստվածաշունչ է, մեր սեղանի վրա դրված է որպես Աստվածաշունչ: Շատ հաճելի է, որ սովորական ընթերցողը կարողանում է ընկալել, իսկ գրականագետներն ավելի խորն են հասկանում… Աֆորիզմների մեջ էլ կան հետաքրքիր բաներ, օրինակ, որ կինը մի լիսեռ է, որի շուրջ պտտվում է տղամարդու գիտակցված կյանքը… Կամ՝  Ադամը եւ Եվան մանկություն չեն ունեցել, մարդը թերի է… Այս աֆորիզմը կարդալով՝ շատ գրականագետներ, ընթերցողներ ինձ ասացին, որ ես գտել եմ Աստծո բացթողումը, ասում են՝ Աստվածաշունչը անթերի է, բայց մարդը կիսատ է, որովհետեւ մանկությունը կարեւոր է»,-ասում է Հովհաննես Ներզեթյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

Հ.Գ. Հովհաննես Ներզեթյանը վստահ է, որ իր գրքերի վերաբերյալ գնահատականներն անկեղծ են, հետեւաբար ակնկալում է դրանց վերաբերյալ քննարկումներ, անգամ՝ բանավեճեր:

«Առավոտ» օրաթերթ
16.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930