Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիի սպառիչ պատասխանն ու Ալիեւի քրոնիկ ցնցումները

Նոյեմբեր 17,2023 12:00

Այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի նման հարեւաններ ունեցող Հայաստանը պարտավոր է զինվել

Ֆրանսիական «Բաստիոն» զրահապատ մեքենաների տարանցման մասին «Ազատության» վրացական ծառայության հարցին ի պատասխան՝ APM Terminals Poti ընկերությունից, մասնավորապես, տեղեկացրել են՝ Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել «հատուկ բեռ»։ «Ուզում ենք ընդգծել, որ այս դեպքում բեռը եկել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից եւ ուղարկվել է Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների տակ չէ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների եւ միջազգային սահմանափակումների բացակայության դեպքում նավահանգիստը չի կարող անհիմն կերպով հրաժարվել պատժամիջոցների տակ չհայտնված բեռի ընդունումից», – պարզաբանել է վրացական Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը։

Ադրբեջանը, որը գտնվում է Թուրքիայի հովանու ներքո, որի բանակը, կարելի է ասել` թուրքական բանակ է, որը շարունակում է տարբեր երկրներից սպառազինություն ձեռքբերել, ոչ միայն խիստ նյարդային է ընդունում Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը, այլեւ պահանջում է, որպեսզի Հայաստանն այս կամ այն երկրի հետ ռազմական հանցագործության արդյունքում սպառազինություն չստանա:

Ադրբեջանական լրատվամիջոցները մի քանի օր է, ինչ գրում են, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ եւ դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։ Ադրբեջանը «խստորեն դատապարտել էր» զրահատեխնիկայի առաքումը Հայաստան՝ շեշտելով՝ «նշված զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի եւ ավերիչ գործողությունների ամրապնդմանը»։

Ալիեւի մոտ «հաղթանակից» այնպիսի «գլխապտույտ» է առաջացել, որ նա մոռացել է, որ ցանկացած պետության սուվերեն իրավունքն է սպառազինության ձեռքբերումը, իսկ թե պաշտոնական Երեւանը ո՞ր երկրներից այն ձեռք կբերի` դա նույնպես Անկարայի ու Բաքվի իրավասության ներքո գտնվող հարց չէ:

Մի բան պարզ է ու հստակ, որ այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի նման հարեւաններ ունեցող Հայաստանը պարտավոր է զինվել ու ունենալ ժամանակակից չափորոշիչներով առաջնորդվող բանակ` բացառապես ինքնապաշտպանության սկզբունքներից դրդված:

Ի՞նչ է ստացվում… 90-ականների սկզբից մի քանի պատերազմ սանձազերծած Ադրբեջանը, պարզվում է, Հայաստանին պետք է թելադրի, թե ինչպես իր երկրի անվտանգության խնդիրները լուծի՞…

Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծած կողմը Ադրբեջանն է եղել` 90-ականներից սկսած մինչեւ սեպտեմբերյան վերջին օպերացիան Արցախում, որին հետեւեց Արցախի հայաթափումը: Հետեւաբար, ժամանակն է, որ պաշտոնական Երեւանն ավելի կոշտ լինի իր հայտարարություններում ի պատասխան Ադրբեջանից հնչող անհեթեթ պահանջների:

Հիշեցնենք, անցած ամիս Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության փաստաթղթեր ստորագրեցին: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Սեբաստիեն Լըքորնյուի հետ նախանշեցին համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը, վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի խոսքով՝ Փարիզը Երեւանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ:

Օրերս Բաքուն «խստորեն դատապարտել է» Ֆրանսիայի կողմից Հայաստան ռազմական տեխնիկայի մատակարարումը, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ «Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։ Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ տան տարածաշրջանում սպառազինության եւ ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նկատել է Հաջիզադեն։

Պաշտոնական Թբիլիսին եւս արձագանքեց Ադրբեջանի դժգոհությանը, եւ այդ պատասխանը առավել քան համարժեք էր Բաքվի ջղաձգումներին:

Վրաստանի Հանրային հեռուստաալիքի «Ազատ հայացք» հաղորդաշարի հաղորդավարը նշել է, որ Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին տեղեկություն է տարածվել ադրբեջանական, այնուհետեւ վրացական լրատվամիջոցներում, եւ Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին հարցրել է, թե արդյո՞ք դա կազդի պաշտոնական Թբիլիսիի՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ իրականացվող միջնորդական ջանքերի վրա: Ահա վրաց նախարարը պատասխանել է, որ Թբիլիսին երկու երկրներին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել Վրաստանի տարանցիկ գործառույթից, ապա հավելել է. «Ուզում եմ ընդգծել, որ սա հավասար մրցակցային դաշտում է։ Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժ, իսկ երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկայի կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակների, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել այն։ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններում օգտվել տարանցիկ գործառույթից, որն ունի մեր երկիրը։ Ըստ այդմ, սա է մեր պատասխանն այս հարցի վերաբերյալ, եւ այդ հարցում անհարկի ակնարկներն անտեղի են»։

Դարչիաշվիլիի մեկնաբանությունը` Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման վերաբերյալ, այսպիսով, կարելի է սպառիչ համարել` յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի, եւ հետեւաբար, ցանկացած պետություն իրավունք ունի ձեռք բերել սովորական զենք-զինամթերք, որն արգելված չէ միջազգային պայմանագրերով, անկախ նրանից, թե Ալիեւի ռեժիմին դա դուր է գալիս, թե` ոչ։

Ադրբեջանական լրատվականների հաջորդ թիրախն արդեն պաշտոնական Թբիլիսին է դարձել: Այժմ էլ Ադրբեջանում համարում են, որ` «Վրաստանը թիկունքից հարված է հասցրել Ադրբեջանին` թույլ տալով ֆրանսիական զինտեխնիկայի տեղափոխումը Հայաստան»:

Ստեփանակերտում միայնակ ռազմական շքերթ ընդունող «հաղթական» կերպարի, թեկուզ չճանաչված երկրի դրոշի վրա քայլող, МГИМО-ում կրթություն ստացած բռնապետի համար, համաձայնեք, մեղմ ասած` տարօրինակ կեցվածք է:

Իսկ գուցե Ալիեւն այնքան էլ չի հավատում «հաղթանակին», այդ իսկ պատճառով ստիպված է գիշեր-ցերեկ լրացուցիչ «միջոցառումներով» ու ատրիբուտներով ինքն իրեն եւ սեփական ժողովրդին անընդմեջ հիշեցնել, որ՝ Ադրբեջանն է «սեփական ուժերով» հաղթել պատերազմում…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930